Թուրքիան` միջազգային ահաբեկչական «Հիզբ ութ Թահրիր» կուսակցության կենտրոնական «նահանգ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | August 21, 2009 16:57
tahrir_b

«Քլինթոնն իսլամական ջիհադի առաջին զոհը պետք է լինի»,- հայտարարել է Ալ Բաքրին:

Թուրքիայում իսլամական շարժումներն ունեն հարուստ անցյալ: Այնտեղ գործող մի շարք արմատական կազմակերպություններ սերտ կապեր ունեն միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ: Եթե պատասխանենք «ի՞նչ ներգրավվածություն ունեն թուրք արմատական իսլամիստները համաշխարհային ղեկավարների ահաբեկման գործում» հարցին, ապա պատասխանը կլինի` մեծ:

Ամենաակնառու փաստը Հռոմի երջանկահիշատակ պապ Հովհաննես Պողոս 2-րդի մահափորձն էր, որ իրականացրեց թուրք Մեհմեդ Ալի Աղջան: Իսկ «Էրգենեքոն» ահաբեկչական ցանցի աղմկահարույց բացահայտումներն ու ցանցում ներգրավվածների իսլամիստական անցյալը բազմաթիվ հարցականներ է առաջացնում: Շատերի համար կարող է զարմանալի թվալ, բայց փաստ է, որ 1981 թ. Եգիպտոսի նախագահ Անուար Սադաթի ահաբեկչությունն իրականացրել էր Աղջային` «հոգևոր սնունդ» տված մի ահաբեկչական կազմակերպություն, որն այսօր հակաօրինական լուրջ գործողություններ է իրականացնում Թուրքիայում:

Թուրքական իսլամական շարժումները տարբերվում են այլ մահմեդական երկրներում գործողներից ոչ թե ծրագրային դրույթների, հետապնդած նպատակների, այլ պետական համակարգի, կառավարող ռեժիմի ու Թուրքիայի Սահմանադրությամբ սահմանված խոչընդոտների առումով:

Եթե համեմատենք անցած դարի վերջին քառորդում, օրինակ, Ալժիրում, Եգիպտոսում կամ Լիբանանում վերելք ապրած իսլամական շարժումների հետ, ապա կտեսնենք, որ Թուրքիայում դրանց գործունեությունն ունեցել է ավելի «զուսպ» բնույթ, և վերահսկվել է պետանվտանգության մարմինների կողմից: Այլ կերպ` թուրքական պետական համակարգը կարողացավ քաղաքականացնել իսլամական շարժումները և նրանց ենթարկել «ժողովրդավարական» խաղի օրենքներին, ի տարբերություն այլ երկրների, որտեղ իսլամի մուտքը քաղաքական դաշտ զուգորդվեց արյունահեղություններով:

Այս փաստը, սակայն, չպետք է շփոթություն առաջացնի, թե Թուրքիայում գործող ու մեծ ժողովրդականություն վայելող իսլամիստական կազմակերպություններն ունեն բարի համբավ: Ընդհակառակը, նրանցից մի քանիսն արդեն հասցրել են սերտ կապեր հաստատել «Ալ Քաիդա»-ի ու այլ ահաբեկչական ցանցերի հետ, փորձել նպաստել պետական հեղաշրջումների իրականացմանը, մի քանի անգամ էլ անհաջող փորձեր են կատարել, որոնք կանխվել են: Ամենավառ օրինակը վերջերս Թուրքիայի 23 քաղաքներում «Հիզբ ութ Թահրիր» («Ազատագրման կուսակցություն») խմբավորման անդամների ձերբակալություններն էին: Նրանք մեղադրվում են զինված միջոցներով հեղաշրջման փորձ կատարելու մեջ:

«Հիզբ ութ Թահրիր»-ը ստեղծվել է 1953 թ. Երուսաղեմում արաբ շեյխ, դատախազ Թաքիյեդդին Ալ-Նաբհանիի ջանքերով: Նրա ստեղծած կուսակցության ղեկավար մարմինը կոչվում է «Էմիրություն», իսկ կուսակցապետի պաշտոնը` էմիր: Կուսակցության գաղափարախոսության առանցքը հակասեմականությունն է, բոլոր հասարակություններում հակահրեական, հակաիսրայելական տրամադրություններ ստեղծելը, գլխավոր նպատակը` Իսրայել պետության կործանումը:

Այս նպատակը կարելի է համարել մարտավարական կամ` կուսակցության «ծրագիր-մինիմումը», իսկ «ծրագիր-մաքսիմում»-ը ենթադրում է «իսլամական տան» ստեղծումը, որտեղ աշխարհի բոլոր մահմեդականները կապրեն մեկ դրոշի տակ, իսլամական օրենքներով` շարիաթով, պետական կարգը կլինի խալիֆ‎այությունը, «հոտը» ընդունակ կլինի անձի զոհաբերության` ջիհադի` հանուն այլ ազգությունների ու կրոնների ասիմիլացման և իսլամական միասնական պետության ստեղծման:

Այդ նպատակով նրանք մուտք գործեցին համաշխարհային, հատկապես բրիտանական առաջատար համալսարաններ, ստեղծեցին տեղեկատվական գրասենյակներ, հիմնեցին իսլամական գիտությունների ամբիոններ` իրենց շուրջ համախմբելով ուսանողության ստվար հատվածը: Այս առումով հետաքրքրական է «Լոս Անջելես թայմս» թերթի հրապարակած տվյալը, ըստ որի` անցած դարի 90-ականների վերջին բրիտանացի ուսանողների ավելի քան 15 տոկոսը հաճախում էր իսլամագիտական ամբիոններ և անուղղակիորեն սատարում իսլամական միասնական պետության ստեղծման գաղափարին:

Այդ կուսակցության ֆինանսավորմամբ ստեղծված ամբիոնները փակվեցին, երբ հակասեմական քարոզչությունը մեծ թափ ստացավ այդ համալսարաններում: Նույնպես և Գերմանիան 2002 թ. արգելեց կուսակցության հասարակական գործունեությունը:

Կուսակցության գործունեության ակտիվ շրջանն անցած դարի 60-ականներին էր, երբ թափ առավ պաղեստինյան շարժումը: Կազմակերպությունը դուրս եկավ զուտ արաբական շրջանակից և արագորեն տարածվեց ամբողջ աշխարհում: Գրասենյակներ ստեղծվեցին տասնյակ եվրոպական պետություններում, 50-ի հասնող իսլամական երկրներում: Իրանական իսլամական հեղափոխությունից ու Աֆղանստան խորհրդային զորքի մուտքից հետո կազմակերպության նպատակը դարձավ հեղաշրջումների միջոցով իսլամական կարգերի հաստատումն այլ երկրներում:

Հորդանանում, Սիրիայում, Ալժիրում ու Եգիպտոսում կազմակերպությունը համագործակցեց «Իսլամիստ եղբայրներ» ծայրահեղական խմբավորման հետ և մի քանի անհաջող հեղաշրջում իրականացրեց: Դրանից հետո նրա գործունեությունն արգելվեց, առաջնորդները ձերբակալվեցին:

211«Հիզբ ութ Թահրիր»-ը գերադասեց հրաժարվել զինված պայքարից և նպատակին հասնել քաղաքական հանրահավաքների ու ժողովրդական միտինգների միջոցով: Համենայնդեպս նման պնդում կա հենց կուսակցության կայքէջում զետեղված ծրագրում: Սակայն իրականությունն ապացուցում է հակառակը: Կուսակցության ակտիվ գործունեության երրորդ փուլն սկսվեց Սառը պատերազմի ավարտից հետո, և նրա անդամները ներգրավվեցին աշխարհի տարբեր անկյուններում, մասնավորապես` հարավարևելյան, ասիական ու միջինասիական երկրներում հակաամերիկյան ու հակաեվրոպական մի շարք նշանավոր ահաբեկչություններում, որոնք վստահված էին կուսակցության մարտական թևին` «Ալ Մուջահիրուն» խմբավորմանը, որի ղեկավար Օմար Ալ Բաքրին համարվում է Օսամա Բեն Լադենի «աչքը»:

Արաբական «Ալշարք Ալ Աուսաթ» պարբերականը վերջերս գաղտնազերծել էր Ալ Բաքրիի նամակներից մեկը` ուղղված Բեն Լադենին 1998-ին: Նամակում միլիտանտ ղեկավարը կոչ էր անում սատարել Աֆղանստանում կառավարության դեմ աշխատող թալիբների շարժմանը և հորդորում Բեն Լադենին պայթյուններ իրականացնել ԱՄՆ-ում: Բեն Լադենի պատասխանը չուշացավ. նա կոչ արեց Ալ Բաքրիին իր զինված խմբերով հարվածել ամերիկյան ավիաընկերություններն ու նավատորմերը, գրավել մահմեդական երկրներում ամերիկյան ու եվրոպական դեսպանատները, գրոհել նրանց ներկայացուցչություններն ու գրավել բանկերը:

Հատկանշական է իսրայելական «Ջերուսալեմ փոստ» թերթի օրերս գաղտնազերծած մեկ այլ կարևոր փաստաթղթի բովանդակությունը. պարզվում է, որ 90-ականներին ահաբեկչական կուսակցության գլխավոր թիրախը եղել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը: «Քլինթոնը իսլամական ջիհադի առաջին զոհը պետք է լինի: Նա է մեղավոր իսլամական երկրներում անմխիթար վիճակի և Իսրայել պետության գոյության համար: Նա պետք է կյանքով պատասխան տա»,-ըստ թերթի` հայտարարել է Ալ Բաքրին: Իսկ սեպտեմբերի 11-ի հայտնի ահաբեկչությունից հետո Ալ Բաքրին հայտարարեց, որ երկնաքերերի պայթյունները պատասխան էին ԱՄՆ սխալ արտաքին քաղաքականության,և դա մահմեդականների վրեժխնդրությունն էր ԱՄՆ-ի դեմ, որը շարունակում է հարստահարել իսլամական հոտին:

«Հիզբ ութ Թահրիրի» ամենաակտիվ «նահանգային» կառույցներից մեկն էլ Թուրքիան է: Կառույցի անդամներից է նաև Մեհմեդ Ալի Չելեբին, ով անցած տարվա սեպտեմբերին ձերբակալվեց «Էրգենեքոնի» գործի շրջանակում: Նա բազմիցս կալանավորվել է հակապետական գործունեության համար: Ըստ թուրքական աղբյուրների` Չելեբին 90-ականներին նաև համակարգել է կուսակցության` Ադրբեջանում բարձրացված հակապետական միջոցառումները:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը նույնպես իսլամական արմատներ ունի, կարողացավ վարպետորեն դուրս գալ այս ամենի տակից: ԱԶԿ-ն ձերբակալեց անլեգալ կազմակերպության անդամներին` այդպիսով ցույց տալով աշխարհին, որ իր համար անընդունելի է ֆանատիզմը: Վարչապետ Էրդողանը նաև ապացուցեց, որ քաղաքական իսլամի մենաշնորհը պատկանում է իր ղեկավարած կուսակցությանը:

Դիտվել է 1704 անգամ:
Print Friendly

Leave a Reply