Անակնկալ դպրոցականներին. և հարգելի, և անհարգելի բացակայություն ունեցողները չեն փոխադրվի

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 25, 2011 14:20

16-ամյա Ռաֆայելը սովորում է 11-րդ դասարանում: Ուսումնական տարվա առաջին կիսամյակում Ռաֆայելն առողջական խնդիրներ է ունեցել ու որոշ ժամանակով բացակայել դասերից: Իհարկե, տարվա ընթացքում տղան այլ պատճառներով էլ է բացակայել` երբեմն պարապմունքների, երբեմն էլ տարբեր մրցույթների մասնակցելու պատճառով: Այժմ Ռաֆայելը և նրա ծնողները փաստի առջև են կանգնած. ըստ աշակերտների փոխադրման կարգի`  160 ժամից  ավել բացակայություն ունեցող աշակերտները չեն փոխադրվում հաջորդ դասարան և պետք է կրկնեն դասընթացը: Այսինքն Ռաֆայելը ստիպված կլինի դպրոցում սովորել ոչ թե 11 այլ 12 տարի:

Սովորողների փոխադրման  կարգը սահմանում է, որ «ուսումնական տարվա ընթացքում,  մինչև մայիսի 21-ը, 20-30 օր կամ 120-160 ժամ դասերից բացակայած սովորողը հանձնում է քննություններ ուսումնական պլանով նախատեսված 5 առարկաներից` ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ: Քննություններից անբավարար գնահատական ստացած կամ 160 ժամից ավելի բացակայած սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը»: Կարգում հանված է «անհարգելի բացակայություն» արտահայտությունը, այսինքն թե հարգելի, թե անհարգելի բացակայություն ունեցող աշակերտները չեն փոխադրվի:

«Տղաս բժշկի թուղթ ունի, այսինքն իր բացակաների հիմնական մասը հարգելի է, բուժվել է այդ ընթացքում: Ինչպե՞ս է հնարավոր, որ աշակերտի առողջական վիճակը հաշվի չառնեն»,- «Անկախ»-ի հետ զրույցում ասում է Ռաֆայելի մայրը` Հասմիկ Աբգարյանը:

Մանկավարժ Հերմինե Ֆիդոյանն ասում է, որ իր դասարանում ութ աշակերտ չփոխադրվելու խնդրի առջև է կանգնած. «Սրանք այն աշակերտներն են, որոնք միշտ ակտիվ են, մրցույթների են մասնակցել, դպրոցին պատվոգրեր ու մեդալներ են բերել, լավ կամ գերազանց սովորող աշակերտներ են: Եվ հիմա այդ աշակերտներին պիտի չփոխադրենք»:

ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Անկախ»-ին տեղեկացրեց, որ  «անհարգելի բացակայություն» արտահայտությունը փոխադրման կարգից հանվել է, քանի որ լուրջ առողջական խնդիր ունեցող երեխայի համար, որը երկար ժամանակով պետք է բացակայի դասերից, դպրոցները պետք է տնային ուսուցում կազմակերպեն: Հետևաբար առողջական խնդիր ունեցող երեխան բացակայությունների խնդիր չպետք է ունենա: Ըստ Հովհաննիսյանի` դպրոցները թերացել են այս հարցում և դասի չհաճախող աշակերտներին, անկախ պատճառներից,  հանգիստ բացականեր են նշանակել, ինչի պատճառով որոշ աշակերտներ հիմա խնդրի առջև են կանգնած. նախարարությունը բազմաթիվ դիմում-բողոքներ է ստացել ծնողներից:

Աշակերտներին ընդառաջելու համար «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել և թույլատրելի բացակայությունների քանակ է սահմանվել 200-ը: «Շատ քիչ աշակերտներ է, որ կարող են 200-ից ավել բացակայություն ունենալ»:

Հովհաննիսյանի  խոսքով` այս տարի կընդառաջեն բոլոր աշակերտներին և ոչ ոք չի տուժի, սակայն հաջորդ տարվանից կարգը խստիվ է գործելու:

 

Դիտվել է 1716 անգամ:
Print Friendly

Leave a Reply