Հայաստանում բուն մարդահամարի անցկացման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 25, 2011 11:24

Հայաստանում 2011 թ-ի հոկտեմբերի 12-21-ն անցկացվելիք բուն մարդահամարի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, աշխատանքներն իրականացվում են նախատեսված հունով: Ապրիլի վերջին տեղի է ունեցել մարդահամարի համապետական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ ներկայացվել է նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Մարդահամարի համար անհրաժեշտ բոլոր ձեռնարկները տպագրված են անհրաժեշտ քանակով: Նախապատրաստված են հանրապետության քաղաքների եւ գյուղերի սխեմատիիկ հատակագծերի մեծ մասը: Մայիսին անցկացվում են մարզային եւ քաղաքային հանձնաժողովների նիստեր:

Ըստ Կ. Կույումջյանի’ այս պահին առաջնային խնդիրներց է ֆինանսավորման հարցը, եւ ներկայում բանակցություններ են ընթանում դոնոր կազմակերպությունների հետ: Առկա է մարդահամարի համար շուրջ 16 հազար աշխատակիցներին աշխատավարձերի տրամադրման հարցը: Նրա խոսքով’ մարդահամարի անցկացմանն աջակցելու են Համաշխարհային բանկը, Նորվեգիայի, Հնդկաստանի կառավարությունները, որոշակի ֆինանսական աջակցություն է տրամադրելու Իտալիայի կառավարությունը: Մարդահամարի համար անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 2,5 մլրդ դրամ’ նախապատրաստական, նյութերի մշակման եւ հրատարակման համար:

«Աշխատանքները բուռն ընթացքի մեջ են’ ե’ւ կազմակերպչական, ե’ւ ֆինանսական առումով: Լիահույս ենք, որ բոլոր աշխատանքները ժամանակին պետք է ավարտին հասցնենք»,- շեշտեց Կ. Կույումջյանը:

 

Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply