Հայոց պետականության պատմությանը նվիրված նկարչական մրցույթ` Երեւանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 25, 2011 10:41

Երեւանում սեպտեմբերին կանցկացվի «Հայոց պետականությունը. 5000-ամյա եւ 20-ամյա» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն, որը կազմակերպել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը, միջոցառման նպատակն է’ նպաստել մանկապատանեկան ստեղծագործական գործունեությանը եւ հայրենասիրական դաստիարակությանը Սփյուռքում, առավել շնորհալի մանուկների ու պատանիների հայտնաբերմանը, ինչպես նաեւ խրախուսել հայոց պատմության իմացությունը եւ հետաքրքրությունը գեղանկարչության հանդեպ:

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել նկարչության հանդեպ սեր եւ կարողություն դրսեւորող 6-20 տարեկան հայերեն ուսուցմամբ վարժարանների եւ կրթօջախների, մշակութային կենտրոնների սաները, ինչպես նաեւ այլ դպրոցներ հաճախող հայ եւ օտարազգի պատանիներ:

Մրցույթ-փառատոնը նվիրված է հայոց պետականության պատմությանը: Մասնակիցների նկարներում կարող են ներկայացվել տարբեր ժամանակաշրջաններում հայոց պետության կայացման եւ զարգացման համար կարեւորվող դեպքեր, երեւույթներ, պետական եւ պետականաշեն գործունեություն իրականացրած մշակութային գործիչների կերպարներ եւ այլն: Ստեղծագործական ինքնուրույնությունը եւ ընկալման անհատական յուրօրինակությունը պարտադիր պահանջներն են’ նկարները քննարկելու եւ գնահատելու համար:

Առաջին փուլում հաղթողների աշխատանքները կներկայացվեն Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցահանդեսում, որը տեւելու է սեպտեմբերի առաջին տասնօրյակից մինչեւ հոկտեմբերի առաջին տասնօրյակը: Ցուցահանդեսին մասնակցած բոլոր աշխատանքները կտպագրվեն ցուցահանդեսի ալբոմում: Մասնագիտական հանձնաժողովի եզրակացության, ինչպես նաեւ ցուցահանդեսի հանդիսատեսի քվեարկության արդյունքներով հոկտեմբերի առաջին տասնօրյակում կհայտարարվեն երկրորդ փուլի հաղթողները: Վերջիններիս համար սահմանվել են հիմնական եւ խրախուսական մրցանակներ:

 

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply