Համահայկական խաղեր. միջոցառում, որը կորցնում է իմաստը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | August 21, 2009 16:07
mhm43255-copy

Եթե ՀՄԸՄ-ի խաղերի կազմակերպիչները հնարավորն արել էին, որ միջոցառումը տոնի վերածվի, ապա Համահայկական խաղերի կազմակերպիչները նույնիսկ չէին ցանկացել, որ քիչ թե շատ շուքով բացում լինի:

Օգոստոսի սկզբին Հայաստանում իրար հաջորդեցին ՀՄԸՄ (1-8-ը) և համահայկական խաղերը (9-16-ը), որոնց բասկետբոլի և ֆուտբոլի մրցաշարերն իրենց մակարդակով իրարից գրեթե չէին տարբերվում: Առանձնահատկությունը, թերևս, այն էր, որ ՀՄԸՄ խաղերի բոլոր ծախսերը հոգացել էր այդ կազմակերպությունը, իսկ համահայկական խաղերի համար մեր պետությունը զգալի միջոցներ էր առանձնացրել:

ՀՄԸՄ խաղերը, որոնք տարբեր երկրներում կազմակերպվում են 1981-ից սկսած, Հայաստանում առաջին անգամ էին անցկացվում, և շատերի մոտ տպավորությունն այն էր, որ սփյուռքում բնակվող հայ երիտասարդների համար հայրենիքի հետ կապը սերտացնելու հարցում դա հիանալի միջոցառում է, և որոշվեց հաջորդ խաղերը չորս տարի հետո կրկին անցկացնել Հայաստանում կամ Արցախում:

Իսկ Համահայկական խաղերը դժգույն տպավորություն թողեցին, և այն տեսակետն է գերիշխողը, որ իմաստ չունի չորս տարին մեկ կազմակերպվող համահայկական խաղերից բացի, նաև միջանկյալ` երկու տարին մեկ անգամ, համահայկական խաղերի ծրագրով մրցումներ անցկացնել բասկետբոլից և ֆուտբոլից: Վերջին մարզաձևից այդպիսի փորձ առաջին անգամ էր կատարվում: Ընդ որում, եթե ՀՄԸՄ-ի խաղերի կազմակերպիչները հնարավորն արել էին, որ ամեն բան անկաշկանդ լինի, միջոցառումը համընդհանուր տոնի վերածվի, ապա Համահայկական խաղերի կազմակերպիչները նույնիսկ չէին ցանկացել, որ քիչ թե շատ շուքով բացում լինի:
Մինչդեռ ՀՄԸՄ-ի խաղերի բացումը յուրօրինակ էր, տպավորիչ: Մասնակիցները մեկնարկեցին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայից և իրենց երթն ավարտեցին Հանրապետության հրապարակում: Այստեղ էլ կազմակերպվեց շքեղ համերգ, հայկական հայտնի երգիչների մասնակցությամբ, որը համընդհանուր ոգևորություն առաջացրեց: Փակումն էլ անցավ մայրաքաղաքի «Դինամո» մարզասրահում: Եվ հուշագավաթներ, պարգևներ ստացան մեծ թվով մասնակիցներ:
Ի դեպ, այդ միջոցառման ժամանակ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից ներկա չէր ո’չ նախարարը, ո’չ էլ նրա տեղակալներից որևէ մեկը: Ամենանշանավոր դեմքն օլիմպիական խաղերի չեմպիոն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Օգսեն Միրզոյանն էր, որը եկել էր ՀԱՕԿ-ի գավաթը հանձնելու ամենից շատ պարգևների արժանացած պատվիրակությանը և հեռանալու: Ընդ որում, ոստիկանները, նրան չճանաչելով, ցանկանում էին հեռացնել դահլիճից:
Դժվար է ասել, թե այդ ամենն ինչով կավարտվեր, եթե չմիջամտեր ոստիկանների վերադասը` բռնցքամարտի ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ավետիսյանը: Միրզոյանը կատակեց, թե այդ ամենն իր գլխին Ավետիսյանն է «սարքել»: Այսուհանդերձ, նա գավաթը հանձնեց ԱՄՆ-ի արևմտյան նահանգների պատվիրակությանը, որի կազմում 70 մարդ էր:
Մինչդեռ, Համահայկական խաղերը փայլից զուրկ էին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներն էլ անտարբեր էին: Ի դեպ, մրցումների օրերին նրանց մրցավայրերում գրեթե չտեսանք: Խաղերին գալիս էր միայն փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Ի դեպ, նրա գալուց անմիջապես հետո պաշտոնյայի ժամանած մրցավայրում էին «պատահաբար» հայտնվում տարբեր հեռուստաընկերությունների ներկայացուցիչները: Իսկ կարճատև նկարահանումից հետո մրցավայրում ոչ փոխնախարարին, ոչ էլ որևէ հեռուստատեսային լրագրողի կամ օպերատորի գտնել չէր կարելի:
mhm43258-copyՈւշագրավ էր նաև այն փաստը, որ ՀՄԸՄ-ի խաղերի ծրագրով բասկետբոլիստուհիների մրցաշարին մասնակցում էր 5 թիմ: Եվ առաջին երեք տեղերը գրավեցին արտասահմանյան երկրների հավաքականները: Համահայկական խաղերի ծրագրով բասկետբոլիստուհիների մրցումներում ևս պայքարի ոլորտ էր ներգրավվել հինգ թիմ, որոնցից միայն մեկ թիմն էր արտասահմանյան: Մրցասպարեզ էր դուրս եկել Թեհրանի հավաքականը: Իսկ մասնակից մյուս հավաքականները ներկայացնում էին Երևանը, Գյումրին, Սիսիանը և Ստեփանակերտը:
Կարգ է սահմանված, որ եթե Համահայկական խաղերի ծրագրում որևէ մարզաձև է ընդգրկվում, ապա առնվազն 8 քաղաքի հավաքականի մասնակցության հայտ պետք է լինի: Այդ է պատճառը, որ մի շարք մարզաձևեր այդպես էլ չեն մտցվում Համահայկական խաղերի ծրագրում: Իսկ ինչո՞ւ բասկետբոլիստուհիների նկատմամբ այս հարցում թողտվություն եղավ, դժվար է աել. հավանաբար անելանելի վիճակից էր: Ի դեպ, չի կարելի ասել, որ այդ ամենն անսպասելի էր:
Բանն այն է, որ խաղերից դեռ շատ առաջ մի քանի անգամ փոխվել էր մասնակիցների հայտավորման ժամկետը` արձագանքներ չլինելու պատճառով: Եվ վիճակահանությունը շատ ուշ անցկացվեց` խաղերի մեկնարկից անմիջապես առաջ: Դրանից հետո էլ Թավրիզի ներկայացուցիչները ` բասկետբոլի տղամարդկանց և կանանց թիմերը, թքած ունենալով ամեն բանի վրա, չներկայացան մրցավայր: Սակայն կազմակերպիչների հոգսերը դրանով չավարտվեցին: Վիճակահանությունից հետո էլ անհիմն պատճառաբանություններով փոխվեցին բասկետբոլի և ֆուտբոլի երկու մրցավայրերը:
Խաղերը սպասարկող արտասահմանցի մրցավարներն էլ դժգոհ էին: Նրանք տրտնջում էին, որ ՀՄԸՄ-ի խաղերը վարելու համար օրական իրենք ստացել են շուրջ 30 դոլար, մինչդեռ համահայկական խաղերին օրական տրամադրում են ընդամենը 2 հազար դրամ: Այս հարցը փորձեցին կարգավորել, և նրանց օրական աշխատավարձը ևս 3 հազարով ավելացվեց, սակայն դրանից նստվածքը չվերացավ:
Մարդիկ դժգոհ էին նաև երևանյան թանկ ապրուստից: Իսկ Համահայկական խաղերի մասնակիցները Հայաստան են գալիս և հանդես են գալիս հանգանակած միջոցներով:

Դիտվել է 2266 անգամ:
Print Friendly

Leave a Reply