Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Մոսկովսկիե նովոստի» թերթին
Հարցազրույց | ankakh | May 25, 2011 7:47Սերժ Սարգսյան – Ես համաձայն եմ, որ շատ մարդկանց համար Խորհրդային Միության փլուզումը դարձավ ողբերգություն, քանի որ նրանք կորցրեցին կյանքի սովորական ռիթմը, թվացյալ բարեկեցությունը, ստիպված էին կտրուկ փոխել իրենց կենսակերպը: Հսկայական ջանքեր պահանջվեցին քաղաքացիների անվտանգության ապահովման համար: ԽՍՀՄ փլուզման հետ, այն հակամարտությունները և խնդիրները, որոնք արդեն գոյություն ունեին, վերածվեցին ռազմական գործողությունների, պարզ ասած` պատերազմի: Մյուս կողմից, այնուամենայնիվ, շատ ժողովուրդներ երազում էին անկախության մասին: Ստանալով անկախություն` մարդիկ կարողացան իրականություն դարձնել դարերի խորքից սերնդեսերունդ փոխանցվող երազանքը:
Անկախ Հայաստանն ընդամենը 20 տարեկան է. Հայաստանի ամբողջ պատմության տեսանկյունից՝ ընդամենը կաթիլ ծովում: Հայաստանն իր անկախությունը կորցրել էր շատ դարեր առաջ, իսկ առաջին անկախ հանրապետության երկուսուկես տարին` պատմության մեջ ինչ-որ ակնթարթ է: Խորհրդային Հայաստանը, իհարկե, հայ ժողովրդի պատմության մեջ շատ կարևոր փուլ է եղել, ժողովրդի ինստիտուցիոնալ հիշողության ձևավորման և համակարգման ժամանակաշրջան: Հենց դա է մեզ օգնել կանգուն մնալ:
Սերժ Սարգսյան – Այո, հիմքը եղել է տնտեսության, ժողովրդագրության, մշակույթի, գիտության մեջ և ժողովրդի ինստիտուցիոնալ հիշողության ձևավորման մեջ:
Սերժ Սարգսյան – Հայերը, ինչպես բոլորը, իրենց վրա զգացել են բոլոր խնդիրները, որոնք եղել են Խորհրդային Միությունում: Ընդհանուր առմամբ, ես համարում եմ, որ ավելի շատ եղել են լավ իրադարձություններ, քան՝ վատ: Եղել է զարգացում, և ոչ մի կերպ չի կարելի համեմատել ենթադրենք՝ 1988թ. Խորհրդային Հայաստանի մակարդակն ու վիճակը մինչխորհրդային ժամանակաշրջանի հետ: Ես համարում եմ, որ Հայաստանն, իրականում, բուռն թափով զարգացել է:
Սերժ Սարգսյան – Մի՞թե: Ես չեմ կարծում, որ Հայաստանն այդպիսի դիրք է ունեցել: Հայ ժողովուրդը բավականաչափ աշխատասիրություն և նպատակասլացություն ունի: Անկեղծ ասած, երբևէ չէի լսել նման ձևակերպում:
Սերժ Սարգսյան – Կար երկու հիմնական պատճառ: Առաջինը՝ չնայած Հայաստանը բուռն կերպով զարգանում էր, այնուամենայնիվ, մեզ մոտ ազգային խնդիր գոյություն ուներ: Մենք ապրում էինք մեծ երկրում, և արտաքին քաղաքականության մեջ ոչ միշտ էին մեր շահերը հաշվի առնվում: Օրինակ` ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերություններում: Հայերը սփռվել են ամբողջ աշխարհով մեկ` հիմնականում մեր ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով: Արևմտյան հասարակություններում նրանք ազատ խոսում էին այդ մասին, արտահայտվում էին: Հասկանու՞մ եք, դա նաև մեզ էր հասնում, ինչը նույնպես, իհարկե, ազդում էր իրավիճակի վրա: Հայաստանում շատ վատ էր ընկալվում նման պաշտոնական քաղաքականությունը:
Երկրորդ պատճառը՝ խորհրդային իշխանության արշալույսին Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոն որոշում ընդունեց Հայաստանի կազմից առանձնացնել նրա Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի պատմական շրջանները և այդ տարածքները` հանձնել Ադրբեջանին: Երբե´ք, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղում, մենք դրա հետ չենք համաձայնվել: Ղարաբաղում մշտապես բողոքել են այդ անօրինական որոշման դեմ: Վերակառուցման, Գորբաչովի ժամանակաշրջանում բողոքն ավելի առարկայական դարձավ: Երբ մարդիկ տեսան, որ արդար որոշման, միևնույնն է, չեն հասնի, սկսեցին ակտիվ բողոքել:
Սերժ Սարգսյան – Հիմա դժվար է հիշել, թե հատկապես ե՞րբ, բայց 1988 թվականից ես ակտիվորեն ներգրավված էի ղարաբաղյան շարժման մեջ: Այն ժամանակ, լինելով կուսակցական աշխատող, ես հասկանում էի, որ այդ շարժումն ընդմիշտ է, հասկանում էի, որ կա´մ պետք է գնալ մինչև վերջ, կա´մ Ղարաբաղում ոչ մի հայ չի մնա, ինչպես դա եղավ Նախիջևանում: Ես դուրս եկա Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության կազմից: Իհարկե, զգում էի, որ անկախության ձեռքբերումը հարթ, առանց կորուստների, չի ընթանա: Հասկանում էի, թե ինչ տարածաշրջանում ենք մենք ապրում: Մենք պատրաստ էինք դժվարությունների:
Սերժ Սարգսյան – Եթե չեմ սխալվում, դա եղել է 1990-1991 թթ. սահմանագծին, երբ իմացանք, որ ներքին զորքերը գնալու են Լեռնային Ղարաբաղի տարածքից: Ներքին զորքերի դուրսբերման նախօրեին մենք արդեն հասկացանք, որ միայնակ ենք մնում մեր խնդիրների հետ, և հետո բուռն իրադարձություններ են լինելու:
Սերժ Սարգսյան – Խնդիրը կարող է լուծվել միայն փոխզիջման հիման վրա: Այս բոլոր տարիների ընթացքում մենք փորձել ենք փոխզիջումներ փնտրել: Բայց կա կարմիր գիծը. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է իր ճակատագիրը տնօրինի, իր պատմական հայրենիքում անվտանգ զարգանալու բոլոր հնարավորություններն ունենա: Դուք գիտեք, որ այս հիմնախնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, մեծ ջանքեր է ներդնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդևը, ինչի համար մենք նրան շատ շնորհակալ ենք: Հենց Մինսկի խումբն է առաջարկել փաստաթուղթ, որը պայմանականորեն անվանում են Մադրիդյան սկզբունքներ: Այն ենթադրում է հարցի լուծումը երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության սկզբունք և ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Այդ փաստաթուղթը հիմնականում հնարավորություն է տալիս շարունակել բանակցությունները և ձեռնամուխ լինել մեծ խաղաղության պայմանագրի, մեծ համաձայնագրի մշակմանը:
Մենք շատ հստակ հասկանում ենք, թե ինչ են նշանակում այդ երեք սկզբունքները: Ադրբեջանցիները երկար մտորումներից հետո նույնպես ասացին` այո, բայց, չգիտես ինչու, այդ սկզբունքները հասկանում են յուրատեսակ՝ իրենց ձևով: Մինչ այս պահը, Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր մակարդակներում մշտապես սպառնում է ռազմական գործողությունների վերսկսմամբ: Դա առաջին սկզբունքի խախտում է: Տարածքային ամբողջականության սկզբունքը հասկանալի է և՛ մեզ, և՛ նրանց, չնայած տպավորություն է ստեղծվում, որ նրանք այն դարձրել են բացարձակ դոգմա՝ միջազգային իրավունքի համատեքստից դուրս: Իսկ ահա ինքնորոշման իրավունքը նրանք հասկանում են միայն որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում ինքնորոշում: Այդպիսի ինքնորոշում չի լինում, դա հատվածական, պարզունակ ինքնորոշում է: Այդ իսկ պատճառով, այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը չհասկանա այդ սկզբունքի իմաստը, շատ դժվար կլինի հասնել հարցի լուծմանը: Ղարաբաղն իր անկախությունը պաշտպանել է արյունահեղ և դաժան պատերազմում, դժվարագույն պայմաններում և միամտություն է ենթադրել, որ ղարաբաղցիները կարող են հրաժարվել այն ամենից, ինչին հասել են, ինչը ձեռք են բերել:
Սերժ Սարգսյան – Կարծում եմ, որ մենք, իսկապես, տարբեր ձևով ենք դա հասկանում: Բայց դրանք սկզբունքներ են, որոնցով առաջնորդվում է աշխարհը: Այդ սկզբունքները՝ և՛ տարածքային ամբողջականությունը, և՛ ազգերի ինքնորոշման իրավունքը թույլ են տվել և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին անկախություն ձեռք բերել: Ինչպե՞ս կարող է մի դեպքում այն ընդունելի լինել, իսկ երկրորդ դեպքում` հասկացվել այլ կերպ: Դա տրամաբանական չէ: Տարածքային ամբողջականության սկզբունքը չի նշանակում սահմանների անխախտելիություն: Այլապես աշխարհում չէին ձևավորվի նոր պետություններ, իսկ վերջին 20-30 տարիներին աշխարհի քարտեզին հայտնվել են տասնյակ նոր պետություններ:
Սերժ Սարգսյան – Ղարաբաղյան հիմնախնդիրը տարբերվում է բոլոր նմանատիպ հիմնախնդիրներից: Ընդհանրապես, բոլոր այս հակամարտություններն ինքնատիպ են, յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ պատճառները, հետևանքները, զարգացման դինամիկան: Որպես նախադեպ, իհարկե, աշխարհում նոր պետությունների կազմավորումը դրական ազդեցություն է ունենում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքի միջազգային ընկալման վրա: Եվ հարցն ամենևին էլ այն չէ, արդյոք մենք ինքներս ճանաչու՞մ ենք Կոսովոյի, Հարավային Սուդանի, Աբխազիայի կամ Հարավային Օսեթիայի պետական ինքնիշխանությունը, այլ այն, որ միջազգային հանրությունը տարբեր զուգակցություններով ընդունում է, որ այս կամ այն դեպքում առանձնացումը ինքնորոշման իրավունքի իրացման իրավարար ձև է:
Սերժ Սարգսյան – Կարծում եմ, նման հավանականություն կա, քանի որ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու՞ է Ադրբեջանը ձգձգում բանակցային գործընթացը: Թերևս, ծրագրեր կան` ավելի շատ ուժերի և միջոցների կուտակման հետ կապված, որպեսզի փորձեն հարմար պահի նոր ռազմական սադրանք հրահրել: Դա սխալ մոտեցում է, քանի որ իրադարձությունները կարող են ծավալվել երկու սցենարով: Առաջին՝ համընդհանուր պատերազմ և դրան հետևող Լեռնային Ղարաբաղի օկուպացիա, որը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնահատակ բնաջնջման դեպքում: Եվ երկրորդ՝ Ադրբեջանի պարտություն, նրանց կողմից նոր տարածքների կորուստ: Եվ այդ դեպքում` Ադրբեջանն արդեն կսկսի բողոքել ևս հինգ, վեց կամ ավելի շատ տարածքների կորստից: Իսկ հետո ի՞նչ: Նորից զինադադար, համաձայնություն, կրակի դադարեցման ռեժիմի խախտում, նոր պատերազմ… Բոլոր այս սցենարները անհեռանկարային են:
Սերժ Սարգսյան – Իհարկե, մենք նման հնարավորություն չենք կարող չդիտարկել: Օրինակ, այն կարող է, իրապես առաջանալ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում: Մշտապես այլ, ավելի ուղիղ հարց են տալիս. «Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Որովհետև մենք բանակցություններ ենք վարում, իսկ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կնշանակի դրանց խափանում: Այդուհանդերձ, ավելի լավ է բանակցություններ վարել:
Սերժ Սարգսյան – Ամենակարևոր ձեռքբերումը` մեր երկրում կայունության պահպանումն է: Չէ՞ որ ծանր ժամանակներ են եղել: Ռելսերի վրա դրված պլանային տնտեսությունը շուկայականի փոխակերպելու խնդիրների հետ միասին մենք պետք է ապահովեինք բնակչության անվտանգությունը: Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել, Թուրքիան անվերապահ աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին, Վրաստանում քաղաքացիական պատերազմ էր. այս պայմաններում շատ բարդ խնդիր էր բնակչությանն ապահովել անգամ առաջին անհրաժեշտության ապրանքներով: Մենք մեծ խնդիրներ ունեինք էներգաապահովման ոլորտում: Եվ այս ամենը` սարսափելի երկրաշարժի հետևանքների ֆոնին, երբ հարյուրհազարավոր մարդիկ անօթևան էին մնացել, փախստականների խնդիրների ֆոնին, երբ փոքրիկ Հայաստան էր եկել բնաջնջումից փրկված գրեթե հինգ հարյուր հազար մարդ: Փախել էին՝ ամբողջ ունեցվածքը թողնելով լքված տներում: Եվ ամենամեծ ձեռքբերումը հենց նրանում էր, որ մենք կարողացանք ապահովել կայունությունը:
Ղեկավարների մոտ միշտ կա նախորդներին քննադատելու գայթակղություն: Ինչպես ասում են`«յուրաքանչյուրն իրեն ստրատեգ է համարում՝ մարտին նայելով կողքից»: Ես երկիրը ղեկավարում եմ 2008 թվականից և առաջին իսկ օրվանից խուսափել եմ նմանատիպ մոտեցումից: Քննադատել նախորդներին` նշանակում է սեփական ուսերից պատասխանատվությունը գցել ուրիշների ուսերին: Դա ճիշտ չէ: Ես շնորհակալ եմ և՛ իմ նախորդներին, և՛ բոլոր այն մարդկանց, ովքեր ինչ-որ լավ բան են արել Հայաստանի համար:
Սերժ Սարգսյան – Հայերի ճնշող մեծամասնության համար Հայաստանն, իհարկե, պարզապես պատմական հայրենիք չէ, չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ ժողովրդի երկու երրորդն ապրում է արտերկրում, և նրանք գրեթե բոլորը հանդիսանում են այդ երկրների քաղաքացիներ: Բայց ասել, թե նրանք իրենց պատմական հայրենիքի նկատմամբ «հավակնություններ» չունեն, անարդար կլինի: Հայերը հեշտությամբ են ինտեգրվում այն երկրների հասարակություններում, որտեղ ապրում են: Հնարավոր է, դրա շնորհիվ նրանք լուրջ հաջողությունների են հասնում տարբեր ոլորտներում: Մենք, ցավոք, դեռ չենք կարողացել լիարժեքորեն օգտագործել նրանց հնարավորությունները: Ինչո՞ւ: Այս հարցին ես ինքս արդեն երկար տարիներ ոչ մի կերպ չեմ կարողանում պատասխան գտնել: Վստահ եմ, որ գնալով մենք ավելի շատ կօգտագործենք այդ հսկայական ներուժը, քանի որ մեր ամենամեծ ռեսուրսը մարդիկ են, այդ թվում` նրանք, ովքեր Հայաստանից դուրս են ապրում:
Սերժ Սարգսյան – Գիտեք, այդ հարցը չունի ուղիղ միանշանակ պատասխան` այո, աճ հնարավոր է կամ`ոչ, աճ հնարավոր չէ: Քանի որ, եթե`ոչ, ապա ինչպե՞ս ենք մենք զարգանում 20 տարի շարունակ: Իսկ եթե`այո, ապա ինչո՞ւ ենք այս տեմպերով զարգանում: Իհարկե, առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, մենք սովից չենք մեռնի: Բայց վերադառնամ նրան, ինչն արդեն բազմիցս ասել եմ` մենք հարցի տնտեսական կողմը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական շարժառիթը չենք համարում: Ինչպես ասել է Նապոլեոնը`երկրի աշխարհագրությունն է կերտում նրա պատմությունը: Աշխարհագրությունը դատավճիռ է, ճակատագիր:
Մենք ապրում ենք այստեղ և պետք է գոնե ինչ-որ հարաբերություններ ունենանք մեր հարևանների հետ: Իհարկե` ոչ ամեն գնով: Երբ մենք սկսեցինք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, շատ ընդդիմախոսներ ասում էին, որ այն ամբողջ աշխարհում կխոչընդոտի Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այդ կանխատեսումները, փառք Աստծո, չարդարացան: Ցեղասպանության փաստն անվիճարկելի է, և մենք պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի Թուրքիան, վերջապես, ճանաչի Ցեղասպանությունը: Սա պայքար է արդարության, անվտանգության համար: Վերջիվերջո, պայքար է ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում նման հանցագործությունների անթույլատրելիության համար:
Սերժ Սարգսյան – Հաշտեցումը կարող է սկսվել այն ժամանակ, երբ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը: Առանց ճանաչման` չի կարող լինել հաշտեցում: Սխալվում են նրանք, ովքեր փորձում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փորձը ներկայացնել որպես հաշտեցման փորձ: Իրական հաշտեցումը կարող է լինել միայն զղջումից հետո:
Սերժ Սարգսյան – Ամեն դեպքում, մենք ՀԱՊԿ շրջանակում ակտիվ և համոզմունքով ենք համագործակցում: Կան բոլոր իրավական հիմքերը, որպեսզի ՀԱՊԿ անդամները գործեն միասին: Կա այդպիսի համոզվածություն:
Սերժ Սարգսյան – Իհարկե, շատ բաներ են մնացել…
Սերժ Սարգյան – Մեր հարաբերությունները: Փառավոր ավանդույթները, որոնք մենք միասին ենք ստեղծել, մարտական եղբայրության պատմությունը, բարեկամությունը: Չէ՞ որ, անկախության ձեռքբերումը չի նշանակում բարեկամական կապերի խզում: Այսօր, օրինակ, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ես գնահատում եմ` շատ-շատ լավ: Ես նույնիսկ չգիտեմ, թե ե՞րբ են հարաբերություններն ավելի լավ եղել՝ հիմա՞, թե՞ Միության ժամանակ:
Սերժ Սարգսյան – Մեր տարածաշրջանում Ռուսաստանն անվտանգության հարցերում առանցքային դերակատարում ունի: Ռուսաստանից շատ բան է կախված: Մյուս կողմից, մենք երբեք հույս չենք ունեցել, որ Ռուսաստանը կգրավի կոշտ և միանշանակ հայամետ դիրքորոշում: Ամեն դեպքում, Ռուսաստանը մեծ երկիր է, Ադրբեջանը նույնպես նրա հարևանն է, այդ պատճառով էլ Ռուսաստանը չէր կարող, ինչպես Թուրքիան՝ Ադրբեջանի դեպքում, անվերապահորեն պաշտպանել հակամարտության կողմերից մեկին: Բայց, մյուս կողմից, Ռուսաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում: Եվ ռազմական գործողությունների վերսկսման կամ մեր անվտանգությանը լուրջ սպառնալիքի դեպքում, Ռուսաստանը և՛ պարտավորություններ, և՛ հակազդելու հնարավորություններ ունի: