«ԱՆԱՏՈԼՈՒԻ ԳՈՒՅՆԵՐՆ ՈՒ ՄՈՏ ԸՆԿԵՐՆԵՐԸ»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 25, 2011 0:33

Թուրքիո բանակին մեջ ծառայող հայազգի զինվորին սպանությունը կշարունակե խլել թրքական հասարակության կարգ մը ոլորտի լուսարձակները։ Համոզիչ չէր թրքական պաշտոնական աղբյուրներու անդադար շեշտելը, թե Սևակ Պալըգիճին դժբախտ պատահարի զոհ էր։ Այժմ կբազմանան այն լրատվությունները, որոնք կսկսին փարատել թրքական իշխանություններուն հառաջացուցած ծխածածկույթը այս դեպքին վրայեն։ Ի հայտ կու գա, նույնինքն թրքական այլ շրջանակներե, որ Սևակը սպաննած թուրք «մոտ ընկերը» կպատկանի ազգայնական շարժումին և որ չէ պահած նաև իր մտածումները համացանցի ընկերային ծառայություններու վրա հրապարակելու։

Թուրք զինվորին հրապարակած մտածումները դեպքեն անմիջապես ետք հանված են համացանցի համապատասխան էջերեն։ Հարցին ծալքերուն ավելի հստակ բացահայտումներ կատարված են, երբ մարդկային իրավունքներու պաշտպան և ժխտողականության դեմ պայքարող թուրք գործիչ մը հարկադրված զգացած է պատասխանելու եվրոպական հարցերու թուրք նախարարի մեկ հայտարարության։ Ըստ թուրք նախարարին, «մեր եղբայր Սևակը կներկայացներ Անատոլուի գույները»։

Խնդիրը այս պարագային ներթրքական հարթություններու վրա երևցող հարցի ծածկումին կամ հետապնդման ու բացահայտման միջև առկա  հակասություններեն ավելին հայկական կողմեն ակնկալված հակազդեցության բացակայությունն է։

Եթե կա այն հստակ համոզումը, որ «մոտ ընկերոջ» մը հետ կատակի իբրև արդյունք դժբախտ պատահար չէ արձանագրվածը, ապա այդ պարագային լույսին պետք է բերվի ամենեն դատապարտող ձևով թուրք ազգայնականության անհանդուրժողականությունը և շեշտվի ազգայնականության ցույց տրվող ուղղակի թե անուղղակի քաջալերանքը թրքական իշխանություններուն կողմե։

Սպանության պարունակն ու շրջագիծը չեն տարբերիր Հրանդ Տինքի սպանության շարժառիթներեն։ Ավելի՛ն. Տինքը սպանողը իշխանություններուն թույլտվությամբ կարժանանար հերոսի վերաբերումի, մինչ այս պարագային սպաննող զինվորը կներկայացվի իբրև «մօտ ընկեր», որուն հրապարակած մտածումներուն հետքերը կջնջվին։

Թրքական ազգայնականությունը կշարունակե անարգել արշավելով զոհեր խլել փաստորեն։ Պաշտոնական Անգարայի կիրարկած խաղի կանոնները՝ կոթողներ վերանորոգելու, հանդուրժողականություն ցուցադրելու, երկխոսության ռահվիրայի խաբկանք ստեղծելու, կխանգարվին ազգայնական տարրերու կողմե։ Կառավարական համապատասխան հաստատություններու ներկայացուցիչներ կփութան ծածկելու նման պատահարները։

Ճիշդ հոս է, որ պաշտոնական Անգարայի վարքագիծին սնանկությունը փաստելու համար միջազգային ընտանիքին և առհասարակ հանրության պետք է ներկայացվին պատահարներու իրողական պատկերները։ Այս պարագային՝ Սևակ Պարըգճիի սպանության բուն շարժառիթները, ներկայացված բեմադրություններուն թատերական էությունը և ընդհանրապես հարցը ծածկելու պաշտոնական քաղաքականության մանրամասնությունները։

Նման բացահայտումներ տարածելու համար նույնինքն թրքական աղբյուրներու վրա հենիլն ու թուրք գործիչներու կատարած հայտարարություններուն հղում կատարելը հավելյալ կօգնեն, որ դեպքին հետևողը կարենա զատել «մոտ ընկերը» թշնամիեն՝ գիտակցելու, որ Թուրքիո նման երկրի մը մեջ չի հանդուրժվիր գույներու տարբերությունը։ Սևի բացարձակ տիրապետումը իրողական պատկերն է այսօր Թուրքիո մէջ։ Եվ այդ գույնի գաղափարախոսությունը տակավին նոր զոհեր խլելու համար նոր ազգայնականներ արտադրելու պարարտ ենթահողը ունի։ Ա՛յս պետք է ցույց տալ ամբողջ աշխարհին։

Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր

 

Դիտվել է 1383 անգամ:
Print Friendly

Leave a Reply