Այց հայ-գերմանական «Էլբատ» ընկերություն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 24, 2011 19:56

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Երևանում մարտկոցների արտադրությամբ զբաղվող հայ-գերմանական «Էլբատ» ընկերություն:

Կառավարության ղեկավարը շրջել է ընկերության արտադրամասերով և լաբորատորիաներով, ծանոթացել արտադրական գործընթացին: Շրջայցի ընթացքում վարչապետին են ներկայացվել նորագույն տեխնոլոգիաներով գործող արտադրամասերում արտադրանքի պատրաստման, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով հագեցած քիմիական և էլեկտրամեխանիկական լաբորատորիաներում արտադրանքի որակի հսկման գործընթացի մանրամասները:
Հայ-գերմանական «Էլբատ» ընկերությունում, որի բաժնետոմսերի 51 տոկոսի բաժնետերը գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» կազմակերպությունն է, 49 տոկոսինը` հայկական կողմը, թողարկվում են կապարաթթվային կուտակչային մարտկոցներ գրեթե բոլոր տիպի ավտոմոբիլների համար: Գործում են ձուլման, մածուկապատրաստման և մածուկապատման, էլեկտրոլիտի պատրաստման, ձևավորման և հավաքման, օդի ու ջրի զտման և մշակման արտադրամասեր: Որակի վերահսկման նպատակով այստեղ գործում են ժամանակակից սարքավորումներով հագեցած քիմիական և էլեկտրամեխանիկական լաբորատորիաներ, որտեղ իրականացվում են համապատասխան փորձարկումներ: 2011թ. մայիսին «Quality Austria» ավստրիական կազմակերպության կողմից «Էլբատ» ընկերությանը շնորհվել է Որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային սերտիֆիկատ: Ներկայումս ընկերությունում աշխատում է 145 մարդ, որոնցից 90-ն ընդգրկված են հիմնական և օժանդակ արտադրություններում:
Նշենք, որ մեկնարկային կուտակչային մարտկոցների արտադրություն իրականացնող այս ձեռնարկությունը շահագործման է հանձնվել 2010թ. նոյեմբերի 23-ին:

 

 

Դիտվել է 1821 անգամ:
Print Friendly

Leave a Reply