Պրեմիերա. կցուցադրվի «Հայաստան` Նոյի երկիր» վավերագրական ֆիլմը
Օրվա լուր | ankakh | August 21, 2009 15:31
Մոսկվա կինոթատրոնում այսօր կկայանա «Հայաստան` Նոյի երկիր» խորագրով մոտ 1 ժամանոց վավերագրական ֆիլմի պրեմիերան: Հայաստանի հուշակոթողների, մշակութային հուշարձանների, հայի ու հայկական կենսակերպի մասին պատմող ֆիլմի համար ծախսվել է 225.000 եվրո: Այն իր մեջ ներառում է նաև նկարահանման և արտերկրում հեռարձակման գումարը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանի խոսքով էլ իսպանական «Թրանսգլոուբ» և «Բազզ բիզնես» ընկերությունները երաշխավորել են առաջիկա տարիներին յուրաքանչյուր մայրցամաքում առնվազն երկու անգամ ապահովել ֆիլմի հեռարձակումը: «Ծրագիրը լիովին համապատասխանում է և ներդաշնակ է այն քաղաքականությանը, որն այսօր վարում է մեր կառավարությունը այս ոլորտի զարգացման համար: Նպատակն է` առավել ագրեսիվ և դինամիկ ձևով ներկայացնել Հայաստանը համաշխարհային շուկայում»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ ասել է փոխնախարարը:
Ֆիլմը նախատեսում են ցուցադրել 200 երկրներում, նաև 450 մլն լսարան ունեցող իսպանական «TVE» և սկանդինավյան երկրներում հեռարձակվող «Scandinavia» հեռուստաալիքներով: Այժմ նախաձեռնողները բանակցություններ են վարում «Discovery» և «RAI» հեռուստաալիքների հետ:
«Բազզ բիզնես» ընկերության փոխնախագահ Ջուդիթ Լասքոմբի կարծիքով ֆիլմն անծանոթին կտա սպառիչ պատասխան: Ըստ նրա` համաշխարհային հեռուստաընկերություններով ֆիլմի ցուցադրումը զբոսաշրջության ոլորտում կբարձրացնի Հայաստանի հեղինակությունը, և երկիրն անծանոթ զբոսաշրջիկին կներկայանա իր ողջ հարստությամբ: «Իմ հայրենիքում` Անգլիայում, Հայաստան անունը ասոցացվում է միայն 1915 թ-ի հայերի ցեղասպանության և 1988թ-ի երկրաշարժի հետ: Նրանք կարծում են, թե Հայաստանում չկան ժամանակակից տեխնոլոգիաներ, նույնիսկ հարցնում են` արդյո՞ք այստեղ գոյություն ունի բանկոմատ, թե ոչ»,-ասել է Լասքոմբը:
Ըստ փոխնախարարի` այսօր մեր երկիրը պատրաստ է զբոսաշրջիկներ ընդունել և վարկանիշի ձևավորման հայտ ներակայացնել միջազգային շուկայում: 2008թ-ի առաջին կիսամյակում և այս տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է զբոսաշրջիկների այցի նույն ցուցանիշը` 207 հազար 700:
«2009թ-ի վերջին կարող ենք արձանագրել հուսադրող և լավ արդյունք, քանի որ կունենանք զբոսաշրջիկների թվի աճ նվազագույնը` 5, իսկ առավելագույնը` 10 տոկոսով, այսպիսով կհատենք 600 հազարի սահմանը»,- ասել է Պետրոսյանը:






Facebook
Tweet This
Email This Post
