Ընդունվեց նոր ընտրական օրենսգիրքը. ՀՅԴ-ն դեմ քվեարկեց

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 24, 2011 13:06

Ձայների 76 կողմ, 12 դեմ հարաբերակցությամբ այսօր խորհրդարանն ընդունեց  ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: ՀՅԴ-ն դեմ քվեարկեց` նշելով, որ իրենց կողմից ներկայացված 4 առաջարկություններից միայն մեկն է ընդունվել, այն էլ` “կիսատ-պռատ” (վստահված անձանց իրավունքների ընդլայնման վերաբերյալ):

Դավիթ Հարությունյանը Դաշնակցության այդ պահանջի վերաբերյալ նշեց, որ հաշվի են առնվել հատկապես քվեարկության արդյունքների ամփոփման փուլում մատյանում առկա ստորագրությունների թվի ամրագրումը մատյանում և դրա մասին տեղեկությունները կապի հնարավոր բոլոր միջոցներով Կենտրոնական ընտրական հանձնաժողով հասցնելը:

“Վստահված անձի պահանջով իրեն անմիջապես կարող է տրամադրվել գրանցամատյանից քաղվածք` ընտրությանը մասնակցող ընտրողների թվի վերաբերյալ` վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով”,-ավելացրեց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ երեկ օրինագծի քննարկման ժամանակ, ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացնելիս, Արմեն Ռուստամյանը նշել էր, թե օրենսգիրքն այս տեսքով ընդունվելու դեպքում ընտրությունների նկատմամբ հասարակական վստահությունը չի վերականգնվի և իշխանության  փոփոխության հնարավորություն էլ չի ստեղծվի: Ըստ նրա, ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ են ժողովրդավարական ընտրություններ և այս գիտակցումով էր, որ ՀՅԴ խմբակցությունը չորս հիմնական առաջարկներ էր ներկայացրել, որոնք չեն ընդունվել օրինագծի հեղինակների կողմից:

Այնուամենայնիվ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իրենց առաջարկներից մեկի “կիսատ-պռատ” ընդունումը ևս առաջընթաց համարեց:

 

 

Դիտվել է 1399 անգամ:
Print Friendly

Leave a Reply