«Հայրենի’ք, քեզ այսպիսին եմ տեսնում» խորագրով նկարների մրցույթ` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 24, 2011 10:32

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ջանքերով սեպտեմբերին կանցկացվի վրձնով կատարված աշխատանքների մրցույթ’ նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին: Մրցույթը կկրի «Հայրենի’ք, քեզ այսպիսին եմ տեսնում» խորագիրը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի բաժնի պատասխանատու Լիլիթ Դամիրյանը, ցուցահանդեսին կներկայացվեն Սփյուռքի բոլոր համայնքներում նույն խորագրով անցկացված ցուցահանդեսներում հաղթող ճանաչված նկարները:

Նրա խոսքով’ մրցույթի անցկացման նպատակն է աջակցել ազգային ինքնագիտակցության զարգացմանն ու ամրապնդմանը, նպաստել ազգային պատմական ու մշակութային գիտակցության ձեւավորմանը եւ, իհարկե, հայտնաբերել տաղանդավոր երեխաների եւ պատանիների: Լ. Դամիրյանը հավաստիացրեց, որ իրենք արդեն ստացել են մասնակցության շուրջ 20 դիմում’ ՌԴ-ից, Ավստրալիայից, Մակեդոնիայից եւ այլն:

Նշենք, որ մրցույթին կարող են մասնակցել մինչեւ 14 եւ 14-18 տարեկան երեխաներն ու պատանիները: Արդյունքների ամփոփումը յուրաքանչյուր տարիքային խմբի համար կանցկացվի առանձին: Հաղթողները կճանաչվեն 3 անվանակարգերում. «Լավագույն ստեղծագործություն ինտերնետ-քվեարկության արդյունքում» անվանակարգի հաղթողը կորոշվի «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի ու նախարարության կայքէջի այցելուների քվեարկության արդյունքում, «Լավագույն ստեղծագործություն’ համայնքի կարծիքով» անվանակարգը կորոշվի համայնքի անդամների քվեարկության արդյունքում, իսկ «Լավագույն ստեղծագործություն’ ՀՀ սփյուռքի նախարարության կարծիքով» անվանակարգը որոշվում է նախարարության լիազոր ներկայացուցիչների քվեարկությամբ:

 

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply