Նոր երկխոսությունն ու հին ընկերները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 23, 2011 17:41

Նարեկ Սարգսյանը վերստին Երեւանի գլխավոր ճարտարապետն է: Նա արդեն մի անգամ եղել է այդպիսին, ինչի հետեւանքով էլ Երեւանը դարձավ այնպիսին, ինչպիսին այժմ է: Թեեւ Նարեկ Սարգսյանը չէր ընդունում, որ դա իր մեղքով է եղել: Օրինակ, նա ասում էր, որ զբոսայգիներում բետոնապատ սրճարաններ ու այլ օբյեկտներ կառուցելու թույլտվություն ինքը չի տվել, այլ տվել է թեթեւ ու քանդվող-հավաքվող կոնստրուկցիաներով կառուցվող շինությունների թույլտվություն: Նա ասում էր, որ օրինակ թույլ չի տվել, որ Կինոյի տան վրա կառուցվի քսան թե քսանչորս հարկանի շենք, այլ տվել է հինգ, թե վեց հարկի թույլտվություն:

Նարեկ Սարգսյանը շատ բան էր ասում, ու մի անգամ էլ տարիներ առաջ ասուլիսներից մեկի ժամանակ, երբ դեռ չէր ազատվել Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից,  հայտարարեց, թե ինքն առաջարկում է Երեւանից վտարել այն մարդկանց, ովքեր իրենց շինություններով աղավաղել են քաղաքի ճարտարապետական տեսքը: Երբ նրանց հարցրին, թե իսկ ինչ անել այդ շինությունները թույլ տվողներին, այդ նախագծերը հաստատողներին, կամ աղավաղումների դեմ ձայն չհանած իրավասուներին, թե նրանց քանի տարով վտարել եւ ուր, Նարեկ Սարգսյանի պատասխանը մեղմ ասած կորցրեց նույն հստակությունը:

Հիմա այդ Նարեկ Սարգսյանը կրկին լինելու է Երեւանի գլխավոր ճարտարապետ: Միգուցե որպես ճարտարապետ նա չափազանց շնորհալի մասնագետ է, տաղանդավոր եւ նույնիսկ հանճարեղ: Բայց մի բան է պարզապես ճարտարապետը, մեկ այլ բան չինովնիկ-ճարտարապետը: Որպես չինովնիկ-ճարտարապետ Նարեկ Սարգսյանը մոտ հինգ տարի պաշտոնավարել է Երեւանում, ընդ որում բարձր` փոխքաղաքապետի կարգավիճակով: Նույնիսկ տեղեկություններ էին հրապարակվում, որ նա իր այդ պաշտոնում անմիջականորեն հաղորդակցվում էր ոչ թե քաղաքապետերի, որ մի քանի անգամ փոխվեցին նրա գլխավոր ճարտարապետության առաջին շրջանի ժամանակ, այլ հենց Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ռոբերտ Քոչարյանը հենց Նարեկ Սարգսյանի ճարտարապետության օրոք կառուցեց Հյուսիսային պողոտան, էլի շատ շինություններ, իրացրեց կանաչապատ շատ տարածքներ: Սերժ Սարգսյանն իհարկե իր ազգանվանակցին ավելի վեր հանեց եւ երկար չթողեց առանց “գլխավոր ճարտարապետ” տիտղոսի: Պարզապես նրան դարձրին Հայաստանի գլխավոր ճարտարապետ: Բայց, ըստ երեւույթին, Նարեկ Սարգսյանին դա չբավարարեց, քիչ էր նրա կալիբրի համար: Դե ինչ անես Հայաստանում, երբ ամեն ինչ կառուցվում է, Երեւանում է կառուցվում, երբ Երեւանում է կառուցումը պահանջարկ վայելում:

Հիմա Նարեկ Սարգսյանին վերադարձնում են Երեւան, եւ նա արդեն թե Հայաստանի, թե Երեւանի գլխավոր ճարտարապետն է, եւ երեւի թե մնում է “ամենայն հայոց ճարտարապետ” տիտղոսը: Միայն թե հարց է առաջանում` նրան վերադարձնում են սխալներն ուղղելո՞ւ, թե շարունակելու համար:

Այն, որ նրան վերադարձնում են այնպիսի մի ժամանակահատվածում, երբ Նարեկ Սարգսյանը նախաձեռնել է կառավարության շենքի բակում գմբեթի շինարարություն, իսկ Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում էլ կաթողիկոսական նստավայր ու Սուրբ Աննա եկեղեցի են կառուցում, ինչում Նարեկ Սարգսյանի մատը մեղմ ասած անմասն չէ, վկայում է, որ Նարեկ Սարգսյանին թերեւս բերում են իր “անմահ” գործը շարունակելու համար: Միեւնույն ժամանակ հասարակությանն էլ փաստացի ասում են, որ “տեսեք, թե ով է այս քաղաքի տերը”:

Ըստ երեւույթին, քաղաքապետ Կարեն Կարապետյանի “նոր մունիցիպալ մշակույթը” իրականում վատ մոռացված հինն է: Ինչպես ասում են, հին ընկերները չեն դավաճանում, ինչքան էլ նոր երկխոսություններ լինեն երկրում:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

lragir.am

 

Դիտվել է 1305 անգամ:
Print Friendly

Leave a Reply