Երևան քաղաքը պետք է ունենա աղբահանության սպասարկման բոլորովին այլ մակարդակ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 23, 2011 16:28

Մինչ հերթական աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Երևան քաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին:

ՙԵս դրական եմ գնահատում Միքայել Հասրաթյանի հետ մեր համատեղ աշխատանքը: Նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն և չեմ բացառում, որ պարոն Հասրաթյանը այլ կարգավիճակով կմնա համակարգում, եթե այդպիսի ցանկություն հայտնի՚,- նշել է քաղաքապետը:

 

Հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության, ուղևորահոսքը կառավարելի դարձնելու և մրցույթների կազմակերպման դաշտը կանոնակարգելու նպատակով, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակվում է Երևան քաղաքի նոր երթուղային ցանց: Զեկուցվել է, որ նոր ցանցի հիմնական սկզբունքներն արդեն պատրաստ են:

 

Անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության կազմակերպման խնդրին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է օպերատորների մրցույթ հայտարարելու նպատակով պատրաստել մրցութային փաստաթղթեր: Հանձնարարվել է ներկայացնել նաև առաջարկություններ աղբամանների անհրաժեշտ քանակի ու տեսքի վերաբերյալ:  Քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ Երևան քաղաքը պետք է ունենա աղբահանության սպասարկման բոլորովին այլ մակարդակ:

 

Կարեն Կարապետյանի կողմից վերահսկողության պահանջ է դրվել հանրային սննդի օբյեկտներում ծխողների և չծխողների համար առանձնացված գոտիների պահպանումն ապահովելու հարցում:

 

Քաղաքապետը հատկանշել է նաև սոցիալական բնակարանաշինության ծրագրի իրականացումը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ընթացք տալ գործընթացին:

 

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի շենքերի մաքրման և բարեկարգման 2011թ.-ի ծրագրով նախատեսված 67 շենքերում աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, այժմ ընթացքի մեջ են լրացուցիչ ևս 48 շենքերի մաքրման աշխատանքները:

Քաղաքապետը հանձնարարել է տնտեսված գումարների հաշվին ընդլայնել ծրագիրը և գործընթացը կենտրոնից բացի իրականացնել նաև մյուս վարչական շրջաններում:

 

Քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում, քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել հստակ ժամկետներով ծրագրեր` կամուրջների, հուշարձանների, ճարտարապետական նշանակություն ունեցող շենքային համալիրների արտաքին գեղարվեստական լուսավորման մասով:

 

Անդրադառնալով մայրաքաղաքի կանաչապատման խնդիրներին, քաղաքապետը բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել կանաչ տարածքների և սիզամարգերի խնամքին: Կարեն Կարապետյանը նշել է, որ կայացած համատիրություններին քաղաքապետարանի կողմից կտրվեն խոտհնձող ժամանակակից սարքավորումներ. ՙԱյգին, պուրակը պետք է մշակված լինի, խոտը` հնձած: Այս մշակույթը պետք է ներդնենք մայրաքաղաքում՚,- շեշտել է քաղաքապետը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply