Խաղահրապարակում` ուսանող հանդբոլիստներն են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 23, 2011 14:34
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադրման 67-ամյա տարեդարձին էր նվիրված այդ բուհի մարզասրահում կազմակերպված հանդբոլի բաց մրցաշարը: ՖԻՄԱ-ի հանդբոլիստներից, բացի մասնակցեցին Երևանի ճարտարագիտական համալսարանի, Երևանի պետհամալսարանի, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականները: Նախատեսված էր, որ իր նորամուտը հայկական հանդբոլում պետք է նշի Հայաստանի ռազմական ակադեմիայի ընտրանին: Նախկինում այդ հաստատության ներկայացուցիչները չէին մասնակցել մեր երկրում կազմակերպված այս մարզաձևի մրցումներին, սակայն տեխնիկական պատճառներով մտահղացումն այս անգամ չիրականացավ: Արցախի պետական համալսարանի ներկայացուցիչները մրցավայր պատվիրակներ չուղարկեցին միայն այն պատճառով, որ քննաշրջանի եռուն ժամանակահատվածն է:
ՖԻՄԱ-իմարզասրահում կազմակերպված մրցաշարում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. ԵՃՀ-ՖԻՄԱ` 18:26, ՎՄԻ- ՖԻՄԱ` 15:31, ԵՃՀ- ԵՊՀ` 15:23, ՎՄԻ-ԵՊՀ` 28:24, ՖԻՄԱ- ԵՃՀ` 29:12, ՎՄԻ-ԵՃՀ` 21:17:
Թմերը մրցաշարային աղյուսակում բաշխվեցին այսպիսի հերթականությամբ` ՖԻՄԱ (6 միավոր), ՎՄԻ (4), ԵՊՀ (2), ԵՃՀ (0):
Աչքի ընկած հավաքականները հանդիսավորությամբ պարգևատրվեցին: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնանխագահ Հարություն Մելքոնյանը հայտնեց, որ միջոցառումը նպատակ էր հետապնդում աշխուժացնել հանդբոլը բուհերի սովորողների շրջանում, երիտասարդներին հնարավորություն տալ մրցումներ բովում իրենց կարողությունները ստուգել: Փաստորեն, այս մարզաձևի ներկայացուցիչները նախապատրաստվում են աշնանը Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով կայանալիք հանդբոլի միջազգային մրցաշարին: Նախատեսվում է մինչև այդ ստուգատեսը հանդբոլի բաց մրցաշարեր անցկացնել նաև Հայաստանի այլ բուհերում:






Facebook
Tweet This
Email This Post
