Աշխարհի վերջի մասին պատմություններն ավելի շատ տարածված են զարգացած պետություններում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 23, 2011 14:00
Աշխարհի վերջի մասին պատմություններն ու քննարկումներն ավելի շատ տարածված են աշխարհի զարգացած պետություններում, որտեղ առօրեական հոգսերն այնքան են քչացել, որ ավելորդ գումարի հետ միասին’ մարդիկ փորձում են դրանք վատնելու նոր եղանակներ փնտրել, դրանց թվում եւ աշխարհի վերջի մասին քարոզը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության ղեկավար Արեգ Միքայելյանը’ հավելելով, որ հայ ժողովուրդը միշտ էլ կասկածանքով է վերաբերվել նման պնդումներին, քանի որ տարված է եղել ավելի շատ հասարակական, քաղաքական ու սոցիալական խնդիրների լուծմամբ:
Անդրադառնալով աշխարհի վերջի քննարկումների տարածմանը հատկապես աղանդավորների կողմից’ հանդիպման մյուս բանախոս Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանն ընդգծեց, որ աղանդավորական մեկնությամբ Աստվածաշնչերում մի շարք դրվագներ ենթարկված են հատուկ փոփոխությունների, որոնք թույլ են տալիս իբր կանխագուշակություններ կատարելու, սակայն ամեն անգամ սխալվում են’ ապացուցելով սեփական կարճամտությունը: «Արագացնելով ու ավելի մոտեցնելով աշխարհի վերջի մասին զրույցները’ աղանդավորները փորձում են վախի շնորհիվ մարդկանց մեջ արթնացնել ցանկությունը միանալու իրենց: Սակայն աշխարհի վերջ, որպես այդպիսին, չկա նաեւ Աստվածաշնչում, որտեղ նկարագրվում է միայն Հիսուսի երկրորդ գալուստը, երբ մարդիկ գնահատվելու են’ ըստ իրենց բարի արարքների, եւ ըստ դրա էլ գնալու են դրախտ կամ դժոխք»,- ասաց քահանան:
Հիշեցնենք, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի բնակիչ, հայտնի կրոնական քարոզիչ Հարոլդ Քեմփինգի հավաստիացմամբ’ ընթացիկ տարվա մայիսի 21-ին պետք է լիներ աշխարհի վերջը: Ըստ քարոզչի հաշվարկների’ մայիսի 21-ին լրանում է Հիսուս Քրիստոսի խաչելության 722 500-րդ օրը’ մ.թ. 33 թվականի ապրիլի 1-ից հաշված: Միաժամանակ, մայիսի 21-ին աշխարհի վերջի չկայանալուց հետո, վերջինս հայտարարել է նոր վերջնաժամկետը’ արդեն այս տարվա հոկտեմբերի 22-ին:






Facebook
Tweet This
Email This Post
