Մ.Մանուկյան. «Ակնոց չկրելը տգիտություն է»

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | May 23, 2011 11:26

Կարճատեսություն կամ տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ մեր շրջապատում չեն ավելացել, պարզապես մարդիկ սկսել են ակնոց կրել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Մանուկ Մանուկյանը’ ցավով նշելով, որ սա չի վերաբերում գյուղական վայրերին: Ըստ ակնաբույժի’ տեսողական խնդիրները շատ քիչ չափով են պայմանավորված արտաքին գործոններով, քանի որ դրանք ժառանգական բնույթ ունեն: Մ.Մանուկյանը նաեւ փաստեց, որ կարճատեսությունն ու հեռատեսությունը հիվանդություններ չեն, այլ’ աչքի ձեւ, սակայն «կարող են զարգանալ ու հանգեցնել տեսողության կորստի»: Բայց դա ոչ բոլոր դեպքերում է լինում:

Բժշկության մեջ տարբերակվում է կարճատեսության երկու ձեւ: Հասարակ, դպրոցական տեսակը, ըստ Մ.Մանուկյանի, չի հանգեցնում կուրության: Նման կարճատեսություն ունեցող մարդիկ կարող են կատարել ֆիզիկական աշխատանքներ, իսկ կանայք կարող են ծննդաբերել բնական ճանապարհով:Կարճատեսության մյուս տեսակը բարդացած, չարորակ է կոչվում: Մ.Մանուկյանը նշեց, որ հենց այս դեպքում է, որ կարճատեսներին հակացուցվում է ֆիզիկական աշխատանք կատարելը, եւ այս կարճատեսությունն է, որը կարող է վերածվել կուրության:

Խոսելով հեռատեսության մասին’ ակնաբույժը նշեց, որ սա էականորեն տարբերվում է կարճատեսությունից: Եթե կարճատեսները վատ են տեսնում հեռուն, ապա հեռատեսները վատ են տեսնում թե մոտիկը, թե հեռուն: Նա նշեց նաեւ, որ հեռատեսությունը որոշ դեպքերում ուղեկցվում է շլությամբ:Հեռատեսության վտանգը կայանում է նրանում, որ ժամանակին չհետեւելու դեպքում հնարավոր է, որ մարդը կորցնի տեսողությունը: Ուստի Մ.Մանուկյանը խորհուրդ է տալիս հատկապես հեռատեսության առաջին իսկ նշանների դեպքում դիմել բժշկի: Մ.Մանուկյանի տեղեկացմամբ’ տարբերություն չկա,թե մարդիկ որ տարբերակը կընտրեն տեսողության վերականգնման համար: «Բոլոր տարբերակներն էլ ճիշտ են’կախված տեսողության վիճակից:Այսինքն’ ընդունելի են թե’ օպտիկական ակնոցները, թե’ ոսպնյակները, թե’ վիրահատական միջամտությունը:Ու ամենակարեւոր հիշեցումը’ ակնոց չդնելը տգիտություն է»,- ասաց բժիշկը:

 

 

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply