Երևանում երիտասարդների աննախադեպ կարիերայի տոնավաճառն օգնում է երիտասարդներին գտնել աշխատանք, բարելավել կրթությունը և աջակցում է տնտեսական զարգացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 22, 2011 14:22

Երևան, 10:00 – Այսօր, Երևանում ավելի քան  4000 երիտասարդ կմասնակցի «Կառուցի’ր քո ապագան այսօր. Կրթություն, զբաղվածություն, տնտեսություն» խորագրով երիտասարդների կարիերայի տոնավաճառին:  Տոնավաճառի գլխավոր գործընկերներն  են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն»  գործակալությունը (ԶՊԾԳ), ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագիրը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երիտասարդների կարիերայի կողմնորոշման կենտրոնը:

 

Երիտասարդների կարիերայի տոնավաճառն աննախադեպ միջոցառում է, որը  Երևանում կազմակերպվելով առաջին անգամ, ոչ միայն յուրահատուկ և կարևոր  ուղերձ է փոխանցում երիտասարդներին, այլ նաև խթանում է   10  գործընկերների,   7 համալսարանների կարիերայի կենտրոնների և ավելի քան 100 գործատուների ու կրթական հաստատությունների համագործակցությունը: Այն նպատակաուղղված մեկօրյա աջակցություն կցուցաբերի Հայաստանի երիտասարդներին, որպեսզի վերջիններս խորհրդածեն իրենց կրթության բարելավման, աշխատանք գտնելու և  Հայաստանի տնտեսության վերաբերյալ:

 

Տոնավաճառը մեծ հնարավորություն է ընձեռում տարբեր տարիքի երիտասարդների հանդիպել գործատուների հետ և տեղեկանալ, թե որ կարիերաներն են ներկայում պահանջարկ վայելում կամ պահանջված կլինեն մոտ ապագայում: Մասնակիցները կարող են խոսել նաև կրթական  հաստատությունների ներկայացուցիչների  հետ` մասնագիտական կողմնորոշում ստանալու և տեղեկանալու համար, թե որտեղ կարող են ձեռք բերել  նոր հմտություններ: Ի լրումն այդ ամենի, ներկա գտնվող 7 համալսարանների կարիերայի կենտրոնները  խորհրդատվություն կտրամադրեն շուկայում մրցունակ դառնալու և գործատուներին արհեստավարժորեն ներկայանալու վերաբերյալ: «Տոնավաճառը կարևոր ուղերձ է այսօրվա երիտասարդությանը` մտածելու իրենց ապագայի մասին այսօր և կառուցելու այն` հիմնվելով լավ կրթության, մասնագիտական կողմնորոշման և շուկայի պահանջների վրա»,- նշեց ԶՊԾԳ տնօրեն Սոնա Հարությունյանը:

 

Երիտասարդների տոնավաճառի մյուս գործընկերներն են` ՀՀ գիտության և կրթության նախարարությունը, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը, Հայաստանի առևտրի և արդյունաբերության պալատը, Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտը և Գլոբալ զարգացումների հիմնադրամը:

«Ուրախ ենք այս տոնավաճառին մասնակցություն ունենալու համար` մյուս գործընկերների հետ միասին»,- նշեց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչ Գոհար Սարգսյանը: «Սա ոչ միայն հրաշալի հնարավորություն է ուսանողների համար հանդիպել գործատուների հետ, ովքեր առաջարկում են աշխատատեղեր և մասնագիտական պրակտիկա, այլ նաև լավ առիթ է գործատուների համար` երիտասարդ սերնդին բացատրելու, թե ինչ աշխատեղերի կարիք ունեն  և նրանց ներկայացնելու շուկայի միտումները»:

 

«Շատ հետաքրքիր էր մասնակցել այս տոնավաճառի նախապատրաստական աշխատանքներին և այդպիսով ցույց տալ մյուս ուսանողներին, որ կան բազմաթիվ հնարավորություններ, որ նրանք պետք է օգտագործեն, կան շատ բաներ, որ պետք է սովորեն  մրցունակ դառնալու համար, և, որ նրանք ինքնուրույն կարող են աշխատանք գտնել` իրենց կրթության և հմտություններին համապատասխան»,- ասաց Պետական ագրարային համալսարանի կարիերայի կենտրոնը ներկայացնող մի ուսանող:

 

 

Դիտվել է 1865 անգամ:
Print Friendly

Leave a Reply