Այսօր Երեւանում շաբաթօրյակ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 21, 2011 12:55

Մայիսի 21-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակի օր: Հիշեցնենք, որ այս մասին մայիսի 16-ին անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նա աշխատակազմի համապատասխան կառույցներին եւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին, ինչպես նաեւ պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին’ գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար: «Շաբաթօրյակ ասելով միայն չի նշանակում, որ պետք է իջնենք եւ թափված թղթերն ու պոլիէթիլենային տոպրակները հավաքենք: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել նաեւ բարեկարգմանն ու կանաչապատմանը»,- նշել էր քաղաքապետը:

Հանձնարարվել է լուրջ ուշադրություն դարձնել բակային տարածքների մաքրման եւ կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքի աշխատանքներին:

Անդրադառնալով Երեւանի աղբահանության կազմակերպմանը’ Կարեն Կարապետյանը մեկ անգամ եւս շեշտել էր, որ մաքուր եւ բարեկարգ մայրաքաղաք ունենալու հարցում շատ կարեւոր է յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքն իր քաղաքի նկատմամբ: Ըստ այդմ’ քաղաքապետն առաջարկել էր հնարավոր բոլոր եղանակներով երեւանցիներին անհանդուրժողականություն քարոզել քաղաքն աղտոտողների նկատմամբ:

 

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply