Ա.Ծատուրյան. «Գյուղատնտեսության համալիր զարգացումը ԼՂՀ իշխանությունների առաջնահերթ խնդիրներից է»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 21, 2011 12:45

Գյուղատնտեսության համալիր զարգացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում է: Ոլորտի կարեւորությունն ընդգծեց ու իրականացվող ծրագրերն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց ԼՂՀ գյուղնախարար Արմո Ծատուրյանը:

Պարոն Ծատուրյան, ԼՂՀ կառավարությունը 2008թ. գյուղատնտեսությունը ներառել էտնտեսության զարգացման հիմնական ճյուղերի մեջ: Որո՞նք են ներկա պահինգյուղնախարարության առաջնահերթ անելիքները` գյուղատնտեսական ռազմավարական ծրագրիիրագործման ուղղությամբ:

-Դեռեւս 2007թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններում նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրում ներառված էր գյուղի եւ գյուղատնտեսության համընթաց զարգացման ծրագիր: Այդ ծրագրից ելնելով` 2008թ.-ին գյուղատնտեսության զարգացման նպատակով կառավարության կողմից սկսվեց լուրջ ներդումներ կատարվել: Համեմատության համար նշեմ, որ եթե նախկինում գյուղատնտեսության բնագավառում ներդրվում էր 400-500մլն դրամ, ապա 2008թ.-ից սկսած միայն ԼՂՀ գյուղնախարարության բյուջեն հասցվել է 3 մլրդ դրամի: Բացի դրանից աշխուժացվեցին «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ի աշխատանքները, որոնց միջոցով գյուղատնտեսության զարգացման համար ներգրավելով նաեւ բանկային կապիտալը` այդ գումարի չափը հասավ 8-10 մլրդ դրամի: Այսպիսով գյուղատնտեսության համալիր զարգացումը դարձավ մեր իշխանությունների առաջնահերթ խնդիրներից մեկը:

Որո՞նք են ոլորտի ռազմավարական ուղղությունները. տնտեսության զարգացման գործումգյուղատնտեսության դերի բաձրացման ուղղությամբ ի՞նչ կոնկրետ քայլեր են կատարվում:

-Ոլորտի հիմնական ռազմավարական ուղղությունները հանդիսանում են երկրագործությունը եւ անասնապահությունը: Տարիներ շարունակ հատկապես հետպատարզմյան տարիներին ընդհանուր համախառն ներքին արդյունքում երկրագործությունից ստացված արտադրանքը կազմում էր 64-66 տոկոս, իսկ անասնապահությունից` 34-36 տոկոս, որը համաչափ զարգացման առումով շատ լուրջ խախտում էր նշանակում: Այդ իսկ պատճառով, բացի ոլորտում կատարված մեծ ներդրումներից, այսօր մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում նաեւ զարգացման համաչափությանը:

Կատարված աշխատանքների մասով պետք է ասեմ, որ երկրագործության ճյուղում հողօգտագործողներին վերջին երկու-երեք տարիների ընթացքում տրամադրւմ ենք անտոկոս վարկեր, պարարտանյութեր, հերբիցիդներ եւ սերմեր: Մասնավորապես` եգիպտացորենի տրամադրումն այս տարի իրականացվել է 50 տոկոս սուբսիդավորման պայմանով, այն դեպքում, երբ մյուս 50 տոկոսը գյուղացին վճարում է բերքահավաքից հետո: Կամ կարտոֆիլի տնկանյութը, որ նախորդ տարիներին 30-40 դրամի չափով սուբսիդավորվում էր միայն տեղափոխման ծախսը, այս տարի կառավարության կողմից սուբսիդավորվել է 80 դրամի չափով:

Անասնապահության բնագավառում մեր կողմից կատարված աշխատանքներից կառանձնացնեի պետական միջոցներով ստեղծված տոհմային կայանը, որի զարգացման համար, եվրոպական արդի չափանիշներին համապատասխան, այսօր ընթանում է բաց պահվածքի համար հզոր անասնապահական համալիրի կառուցումը: Արդեն երեք տարի է` մենք արտասահմանից ներկրում ենք տարբեր բարձրորակ ցեղային հատկանիշներ ունեցող հղի երինջներ: Մասնավորապես` Ավստրիայից, Շվեյցարիայից եւ Դանիայից ներկրել ենք, համապատասխանաբար, շվից ցեղի` 66, ֆլեգվի եւ ջերսեյ ցեղատեսակների 100-ական գլուխ երինջներ` արհեստական սերմնավորման միջոցով տեղում զարգացնելու նպատակով:

Ի դեպ նշեմ, որ յուրաքանչյուր երինջի ներկրման համար պետությունը ծախսել է մեկ միլիոն դրամից ավելի գումար, իսկ ընդհանուր առմամբ ներկայում ունենք 320 գլուխ անասուն: Ներկրված մեկ կովի կաթնատվությունը 2009-2010թ.թ. տվյալներով միջինը կազմել է 4 հազար լիտր, որը դեռեւս վերջնական բնագիծը չէ, այն դեպքում, երբ տեղական կովերի միջին կաթնատվությունը կազմում է 1500-1600 լիտր:

Անասնապահության զարգացման համար պարբերաբար մասնագետներ ենք հրավիրում Հայաստանից, մասնավորապես համագործակցում ենք «Քարդ Ագրոսերվիս» ընկերության հետ եւ այդ շրջանակներում արտասահմանից պարբերաբար հրավիրում ենք լավագույն մասնագետների, ովքեր, բացի մասնագիտական աշխատանքներից,  ուսուցողական դասընթացներ են կազմակերպում նաեւ տեղի մասնագետների եւ ֆերմերների հետ:

Այսօր արդեն տոհմային կայանում ունենք երկու տարեկան տեղածին ցուլիկներ, որոնց քաշը հասնում է մինչեւ 500 կգ-ի եւ տոհմային գործի բարելավման համար դրանք վաճառում ենք  մեր ֆերմերներին:  Առաջիկա մեկ-երկու տարում կառուցվող անասնապահական համալիրի համար անհրաժեշտ գլխաքանակը ապահովելուց հետո մենք ֆերմերներին կսկսենք վաճառել նաեւ երինջներ, որպեսզի տոհմային գործի զարգացումը ավելի արագ եւ արդյունավետ ընթանա: Զուգահեռ պետության հաշվին այսօր կատարում ենք նաեւ արհեստական սերմնավորման աշխատանքներ: Այսինքն եթե ֆերմերը ունի որոշակի անասունների գլխաքանակ  եւ ցանկություն ունի դրանցից լավ ցեղատեսակներ ստանալ, կարող է դիմել գյուղնախարարության համապատասխան ծառայություն, եւ մեր մասնագետների կողմից անվճար արհեստական սերմնավորման աշխատանքներ կատարելու միջոցով չորս-հինգ տարվա ընթացքում նա կունենա իր ցանկացած ցեղային տեսակը:

Անասնապահության զարգացման համար գաղտնիք չէ, որ հիմնական պատճառներից մեկն էլ հանդիսանում է լավ կերային բազայի ստեղծումը: Այս առումով պետք է նշենք, որ հետպատերազմյան տարիներին անասնապահության համար Արցախում ոչ մի տնտեսություն կերային կուլտուրա չէր ցանում: Անցյալ տարվանից մենք պետական միջոցներով որոշակի քանակով ներկրել ենք առվույտի եւ կորնգանի սերմեր եւ անհատույց տրամադրել ենք ֆերմերներին, որպեսզի այդ ճյուղը եւս սկսի զարգանալ: Ներկայումս ցանված են ավելի քան 450 հա ցանքատարածքներ:

Ի դեպ, նշված կերային կուլտուրաները, բացի հիանալի կերից, դաշտերի համար շատ լավ ցանքաշրջանառություն են դառնում, եւ երեք-չորս տարի շարունակ առանց պարարտանյութերի կարելի է հացահատիկային մշակաբույսերից հատկապես ցորենի  ցանքս կատարել:

Ինչպես ե՞ք գնահատում աշնանացան ցանքսի արդյունքները: Բերքատվության մակարդակիբարձրացման ուղղությամբ պետական ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվել:

-Անցած տարի կատարել էինք շուրջ 47 հազար հեկտար աշնանացան հացահատիկայինների ցանքսեր, որոնք, սակայն, բնական աղետների, հատկապես կարկտահարության եւ երկարատեւ անձրեւների պատճառով բերքի խիստ կորուստ ունեցան: Միայն կարկտահարությունից 2010թ.-ին տուժել են 14 հազար հեկտար ցանքատարածքներ, իսկ 3.5 հազար հա-ն ընդհանրապես չի հնձվել: Անցած տարի մեր հողօգտագործողների` միայն հացահատիկայիններից կրած վնասը հասնում էր ավելի քան մեկ միլիարդ դրամի: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` հանրապետության նախագահի հրահանգով «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ի կողմից հողօգտագործողներին միայն աշնանացան մշակաբույսերի համար անտոկոս վարկի տեսքով տրամադրվել է սերմացու եւ ֆինանասական աջակցություն` 1 միլիարդ 287 միլիոն 667 հազար դրամի չափով: Արդյունքում այսօր ունենք շուրջ 46 հազար հեկտար աշնանացան հացահատիկայինների ցանքսեր: Բացի գումարներից ու սերմացուից, հողօգտագործողներին տրամադրվել է նաեւ ավելի քան 2 հազար տոննա ազոտական ու ֆոսֆորական եւ 500 տոննա համակցված ամոֆոս կոչվող  պարարտանյութեր, ինչպես նաեւ հերբիցիդներ` սրսկումներ կատարելու նպատակով: Այսքանով հանդերձ` չէի ասի, թե բոլոր ցանքատարածությունների վիճակը գերազանց է, քանի որ հատկապես վերջին օրերին անընդմեջ տեղացող անձրեւների պատճառով դաշտերում զգալի չափով աճել են մոլախոտերը: Այս ուղղությամբ մենք շրջաններում պարբերաբար կազմակերպում ենք սեմինար-խորհրդակցություններ, որտեղ հողօգտագործողներին հորդորում ենք կատարել քիմիական եւ մեխանիկական եղանակով մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքներ:

Ի՞նչ է արվել գարնանացան ցանքսի ընթացքում: Մասնավորապես ի՞նչ մշակաբույսեր ենցանվում եւ հողօգտագործողներին ինչպիսի՞ պետական աջակցություն է տրվում:

-Ինչ վերաբերվում է գարնանացան մշակաբույսերին, ապա ասեմ, որ արդեն կատարավել է 5 հազար 300 հա ցանքս, որը, նախորդ տարվա ամբողջ գարնանացանի ցուցանիշի համեմատ ավելի է 1000 հա-ով: Գարանանցան աշխատանքների համար եւս «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ի միջոցով շարունակում ենք  աջակցության ծրագրեր իրականացնել: Այս պահի դրությամբ շուրջ 126 մլն 700 հազար դրամի չափով պետական աջակցություն է տրամադրվել մեր հողօգտագործողներին, այն դեպքում, երբ գարնանացան աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, եւ ակնկալում ենք մինչեւ 10-10,5 հազար հա ցանքս: Նման ցուցանիշ հետպատերազմյան շրջանում Արցախում դեռեւս չի արձանագրվել: Նշեմ նաեւ, որ գարանանացան ցանքսին նախատեսվում է շուրջ 6 հազ. հա-ը եգիպտացորենի ցանքս կատարել, որի համար անհրաժեշտ բարձրորակ տեսակի սերմը ներկրել ենք Եվրոպայից:

Այս տարի շարունակվել են նաեւ վերջին երկու-երեք տարիներին սկսված նոր մշակաբույսերի փորձնական ցանքսերը, մասնավորապես ցանվել են սորգո, արեւածաղիկ, հլածուկ (ռապս), սոյա, ոսպ, հնդկաձավար եւ մի շարք այլ տեխնիկական մշակաբույսեր:

Պրն նախարար, իսկ ի՞նչ աշխատանքներ են տարվում Արցախում այգեգործության երբեմնիավանդույթները վերականգնելու համար:

-Ընդհանրապես պետք է ասեմ, որ այգեգործությունը վերջին երկու-երեք տարիներին բավականին թափ է առնում: Բացի խաղողագործությունից, այսօր գյուղացիները «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ի միջոցով մեծ աշխուժությամբ սուբսիդավորված ցածր տոկոսադրույքներով եւ արտոնյալ պայմաններով վարկեր են վերցնում: Եվ եթե խոսենք թվերով, ապա վերջին երկու-երեք տարիների ընթացքում նոր այգիների հիմնման նպատակով միայն հիմնադրամի միջոցներով շուրջ 133 մլն 688 հազար դրամի չափով աջակցություն է տրամադրվել: Հիմնականում մեր գյուղացիները հիմնում են արեւելյան խուրմայի, նռան, ընկույզի, տխլի եւ այլ պտղատեսակների այգիներ:

Ավելին, այս տարվանից նախապատրաստական աշխատանքներ ենք սկսել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են թթի այգիներ հիմնել, գալիք տարվանից անվճար տնկիներ տրամադրելու համար:

Պրն Ծատուրյան, բերքի իրացման ինչպիսի՞ հնարավորություն ունի արցախցիհողօգտագործողը, այս առումով Արցախում ի՞նչ պայմաններ կան ստեղծված: Գործո՞ւմ ենարդյոք վերամշակող ձեռնարկություններ, դրանց զարգացման ուղղությամբ ի՞նչ քայլեր ենձեռնարկվում:

-Գյուղնախարարությունն ընդհանրապես փորձում է վարել այնպիսի քաղաքականություն, որպեսզի մեր գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվեն այն մշակաբույսերի աճեցմամբ, որոնք իրացման հարցում խնդիրներ չեն առաջացնի: Մասնավորապես պետք է ասեմ, որ երկու տարի առաջ Արցախում ստեղծվել է «Արցախֆրուտ» ընկերությունը, որն ունի տեղում արտադրվող պտուղ-բանջարեղենը մթերելու շատ մեծ հնարավորություններ: Եվ այն արտադրական ծավալները, որն ունի այդ ընկերությունը, այսօր մեր տնտեսությունները դեռեւս չեն ապահովում, քանի որ, օրինակ, անցած տարի «Արցախֆրուտ»-ը իր անհրաժեշտ քանակը լրացնելու համար մեծ քանակությամբ պտուղ-բանջարեղեն է ներկրել Հայաստանից: Իսկ «Արցախֆրուտ»-ի արտադրատեսակներն այսօր մեծ սպառում եւ պահանջարկ են վայելում ԱՊՀ եւ անցած տարվանից նաեւ Եվրոպական մի շարք երկրներում: Այս ուղղությամբ եւս ցածր տոկոսադրույքներով վարկեր ենք տրամադրում մեր ֆերմերներին` խրախուսելով տեղական արտադրանքը:

Վերամշակող գործարաններից կարող եմ նշել «Արցախ կաթ» ընկերությունը, որը զբաղվում է մեր հանրապետությունում կաթնամթերքի վերամշակմամբ եւ այդ առումով ունի շատ մեծ հնարավորություններ: Այն նաեւ իր կաթնամթերման կետերն ունի հանրապետության շրջաններում: Կաթնամթերման բնագավառում ունենք եւս մի քանի արտադրամասեր, որոնք սակայն ունեն փոքր ծավալի արտադրություններ:

Ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում ունենք «Արցախ ալկո» եւ «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ընկերությունները, որոնք հիմնականում մթերում են հանրապետությունում արտադրովող խաղողը, թութը եւ հոնը: Այդ ընկերությունների արտադրանքը եւս, բացի տեղական շուկայից, իրացման նպատակով արտահանվում է:

Պրն Ծատուրյան, վերջին տարիներին ԼՂՀ կառավարությունը հանրապետությանմեքենատրակտորային պարկը թարմացնելու ուղղությամբ սկսել է նոր գյուղատնտեսականտեխնիկա ներկրել, որոնք հիմնականում կայանվել են հանրապետության շրջաններումստեղծված մեքենատրակտորային կայաններում: Ի՞նչ արդյունքներ ունենք այսօր այդուղղությամբ եւ ինչպիսի՞ շարունակություն է ունենալու հետագայում այդ գործընթացը:

-Մեքենատրակտորային կայանների ստեղծումը հետպատերազմյան Արցախում գյուղտեխնիկայի պարկի թարմացման համար իսկապես կարեւոր նշանակություն ուներ, քանի որ խորհրդային շրջանից մնացած գյուղտեխնիկան տարեցտարի մաշվում է, ինչն էլ իր հերթին սկսել էր լուրջ դժվարություններ առաջացնել գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ: Ստեղծված իրավիճակը շտկելու համար արտասահմանից,  մասնավորապես` Գերմանիայից, Բելառուսից, Չինաստանից, Ռուսաստանից եւ Իրանից սկսեցինք ներկրել հզոր հացահատիկահավաք կոմբայններ, անիվավոր տրակտորներ,  շարքացաններ, կուլտիվատորներ, փոցխեր` ընդհանուր առմամբ ավելի քան 400 միավոր տեխնիկա: Նոր գյուղտեխնիկան ստեղծված հինգ ՄՏԿ-ների միջոցով մենք տեղադրել ենք Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի եւ Քաշաթաղի շրջաններում, որտեղ հիմնականում գտնվում են մեր դաշտերը: Այդ ծրագիրն, անշուշտ, կրելու է շարունական բնույթ, մինչեւ կկարողանանք բավարարել մեր գյուղացիական տնտեսությունների ունեցած պահանջարկը:

Բացի մեքենատրակտորային կայանների ստեղծումից զուգահեռ աջակցում ենք նաեւ մեր ֆերմերներին` ներկրված տեխնիկայի մի որոշ մասը նրանց լիզինգով տրամադրելով կամ վարկավորում ենք նրանց` անհրաժեշտ գյուղտեխնիկան (հիմնականում օգտագործված) գնելու համար: Նշված եղանակներով ավելի քան 132 գյուղտեխնիկայի ձեռքբերման հնարավորություն ենք տվել մեր ֆերմերային տնտեսություններին:

Եթե ընդհանրացնելու լինենք, այսօր Արցախում գյուղատնտեսության զարգացման եւ խորհրդային տարիների երբեմնի ցուցանիշները վերականգնելու նպատակով մեր իշխանությունները անում են ամեն բան, որպեսզի հնարավորինս արագ ոտքի կանգնի պատերազմի տարիներին գրեթե ամբողջովին քայքայված մեր տնտեսությունը:

 

Հարցազրույցը` Վահրամ Պողոսյանի

 

Դիտվել է 1746 անգամ:
Print Friendly

Leave a Reply