Հայտնաբերվել են «թափառական» մոլորակներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 21, 2011 12:43

ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Նոտր Դամ համալսարանի պրոֆեսոր Դեվիդ Բեննետը «Nature» ամսագրում հոդված է հրապարակել նոր տեսակի մոլորակների հայտնաբերման մասին, որոնք սեփական ֆիզիկական մարմնի հզոր գրավիտացիոն դաշտի հետեւանքով դուրս են պրծել իրենց արեգակնային համակարգերից եւ դարձել «թափառական» մոլորակներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության ղեկավար Արեգ Միքայելյանը, նման հայտնագործությունը մեծ առաջընթաց է աստղագիտության ոլորտում եւ նոր, հետաքրքրաշարժ վերլուծությունների տեղիք է տալիս:

«Ուրախալի է, որ ավելանում է արտաարեգակնային մոլորակների թիվը, իսկ դրանց շարքում միջաստղային տարածությունում «թափառողների» հայտնաբերման փաստն ուրախալի է ու հետաքրքիր»,- նշեց Արեգ Միքայելյանը:

Դ. Բեննետի կողմից դիտարկումներն անցկացվել են նորզելանդական «Մաունթ Ջոն» աստղադիտարանից:Ա. Միքայելյանի խոսքով’ Բյուրականի աստղադիտարանն այս ուսումնասիրություններին չի մասնակցում’ չնայած նախկինում փորձեր եղել են համագործակցելու մի շարք շվեյցարացի, իսպանացի, պորտուգալացի ու ֆրանսիացի աստղագետների հետ’ արտաարեգակնային մոլորակների հայտնաբերման ուղղությամբ:

Տեղեկացնենք, որ այդ մոլորակները հայտնաբերվել եւ ուսումնասիրվել են 2006-07 թվականների ընթացքում, որոնց արդյունքներն ամփոփվում են միայն այս տարի: Մի շարք աստղագետներ համակարծիք են’ երկրային աստղադիտարաններից մի շարք նմանատիպ «թափառական» մոլորակների հայտնաբերումը թույլ է տալիս եզրակացնելու, որ ավելի լայն հնարավորություններով աստղադիտակների օգտագործման դեպքում կպարզվի, որ նման մոլորակները շատ ավելի շատ են, քան անգամ աստղերը մեր գալակտիկայում:

 

Դիտվել է 1595 անգամ:
Print Friendly

Leave a Reply