Սպորտային պարերի մրցույթ` Երեւանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 21, 2011 12:40

Երեւանում մայիսի 22-ին հերթական անգամ կմեկնարկի սպորտային պարերի մրցույթը’ հանրապետության պարային խմբերի միջեւ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ Աղասի Մկրտչյանը, մրցույթը, ինչպես միշտ, կանցկացվի մանկական, պատանեկան, երիտասարդական տարիքային խմբերի միջեւ, մասնակիցները կներկայանան ինչպես խմբերով, այնպես էլ սոլո կատարումներով: «Պարային կյանքն ընդհանրապես այս ամիսներին է աշխույժ հանրապետությունում»,-ասաց նա’ ավելացնելով, որ գարնանն ու աշնանը նմանօրինակ մրցույթներն իրականանում են ամենամսյա պարբերականությամբ:

Ընթացիկ տարվա գարնանն արդեն երկու մրցույթ անցկացվել է’ մարտի 20-ին եւ ապրիլի 17-ին, սա կլինի վերջինն այս մրցաշրջանում:

Ա. Մկրտչյանի խոսքով’ հյուրախաղային մեկնումներով Հայաստանը քիչ է հանդես գալիս միջազգային պարի ասպարեզում, փոխարենը’ գերակշռում են տեղական մրցույթները, որոնց հաճախ մասնակից են դառնում նաեւ տարածաշրջանի պարային խմբերը: «Երբ ստանում ենք որեւէ մրցման պաշտոնական հրավեր, մեկնում ենք եւ մասնակցում պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների կարգերին»,-ասաց նա’ հավելելով, որ պարը ե’ւ արվեստ է, ե’ւ սպորտաձեւ: «Եթե մեր մարզիկները սպորտով զբաղվեն, անհամեմատ ավելի մեծ հաջողությունների կհասնեն. այն ուժեղացնում է մարմնի ռեակցիան, ճկունությունը, քանի որ, ի տարբերություն մի շարք այլ սպորտաձեւերի, շարժման մեջ է դնում ոչ միայն ոտքերը կամ ձեռքերը, այլեւ ամբողջ մարմինը»,-բացատրեց նա:

Սպորտային պարերի ‎ֆեդերացիայի նախագահի խոսքով’ պրոֆեսիոնալ մոտեցում այս ճյուղի նկատմամբ կա Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում եւ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: «Մեզ մոտ խմբակների պակաս չի նկատվում, ընդհակառակը’ հաճախորդներն են քիչ, մասնավորապես’ տղաները, որոնք գրեթե իսպառ բացակայում են այս դաշտում»,-ցավով նկատեց նա’ հավելելով, որ պատանեկան տարիքում Հայաստանում արական սեռի մոտ ընդգծված բարդույթ է նկատվում:

 

Դիտվել է 1539 անգամ:
Print Friendly

Leave a Reply