Ըստ ադրբեջանցի փորձագետի` ադրբեջանական կողմի զորավարժանքները պայմանավորված են ղարաբաղյան բանակցություններում Բաքվի ոչ շահավետ դիրքերով
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 21, 2011 0:31
Ադրբեջանի զինված ուժերի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին մոտ լայնամասշտաբ զորավարժանքներ անցկացվելու կապակցությամբ լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Ջեսուր Սյումերինլին հայտարարել է, որ ըստ էության, այդ զորավարժանքները կարող են կապված լինել ղարաբաղյան բանակցությոններում Ադրբեջանի շահերից չբխող դետալներ ի հայտ գալու հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ի հետ զրույցում ադրբեջանցի փորձագետն ասել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարի եւ օդուժի հրամանատարության անձնական մասնակցությամբ անցկացվող այդ զորավարժանքները Հայաստանին եւ աշխարհին ուղղված ուղերձ են, որով Ադրբեջանը ցանկանում է հայտարարել, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելը պահի խնդիր է: Այսինքն’ Ադրբեջանի ղեկավարությունը, տեսնելով, որ ղարաբաղյան բանակցություններում չի կարողանում շահավետ առաջընթաց ապահովել, հաճախակի զորավարժանքներ անցկացնելով ցանկանում է հասկացնել աշխարհին, որ զիջումների չի գնալու»:
Ջ. Սյումերենլին գտնում է, որ նման մտքերի ի հայտ գալու պատճառն այս օրերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի’ ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հեռանկարների քննարկումն է եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնի’ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի գործերով ստորին հանձնաժողովում ունեցած ելույթի ժամանակ արած’ «Ղարաբաղի հետ կապված խաղաղ համաձայնագրի վրա աշխատելու ժամանակը եկել է» բովանդակությամբ հայտարարությունը:
Դիտվել է 12 անգամ






Facebook
Tweet This
Email This Post
