ՀՀ ՀԽ փոքր խորհուրդը որոշեց առաջիկա երկու ամիսների անելիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 20, 2011 20:07
ՀՀ ՀԽ փոքր խորհուրդը մայիսի 20-ի նիստում որոշեց առաջիկա երկու ամսվա ընթացքում Հանրային խորհրդի լիագումար նիստ հրավիրել՝ երկրի տնտեսական զարգացման խոչընդոտները վերացնելուն և ազատ ձեռներեցությունը խթանելուն առնչվող առաջարկությունների փաթեթը քննարկելու համար:
ՀԽ հանձնաժողովներին հանձնարարվեց նույն ժամկետում առնվազն մեկական նիստ գումարել՝ կուտակված հրատապ հարցերի քննարկմամբ:
Փոքր խորհրդի նիստում ուրվագծվեց նաև այն այն հարցերի շրջանակը, որոնց շուրջ առաջիկա երկու ամսում լսումներ կհրավիրի Հանրային խորհուրդը.
1. Միգրացիայի խնդիրներ:
2. Գիտության ֆինանսավորմանն առնչվող հարցեր:
3. Պարտադիր բժշկական ապահովագրության անցնելու հարցը:
4. ՙՍիս, Մասիս, Նոր Հայաստան՚ ծրագրի շրջանակներում Եղվարդի ջրամբարի կառուցումը:
5. Հեռուստատեսային եթերի բովանդակային որակը:
Այս և մի քանի այլ հրատապ հարցերի շուրջ լսումներ կազմակերպելու համար ՀԽ անդամներից ստեղծվեցին աշխատանքային խմբեր, իսկ արդեն գործողների հանձնարարականները որոշակիացվեցին:
Նիստի սկզբում ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը զեկուցեց մայիսի 12-13-ը ՀԽ պատվիրակության Մոսկվա կատարած այցի, Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի ներկայացուցիչների, ինչպես նաև Իսպանիայի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամների հետ հանդիպումների, դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Ծանուցեց, որ ՌԴ Հասարակական պալատի ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպումն աշնանը Երևանում անցկացնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
ՀՀ Հանրային խորհրդի
տեղեկատվություն






Facebook
Tweet This
Email This Post
