Հայաստանի արտգործնախարարի այցը Միացյալ Նահանգներ շարունակվում է Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ “Բրուքինգս” քաղաքագիտական կենտրոնում

Պաշտոնական, Օրվա լուր | | May 20, 2011 19:16

Մայիսի 19-ին նախարար Նալբանդյանն այցելեց ԱՄՆ Կոնգրես, ուր հանդիպում ունեցավ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ:

Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականին իր բազմամյա հայանպաստ գործունեության համար, կարեւորեց Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի եւ նրա ղեկավարների մեծ ներդրումն ու դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում:

Կոնգրեսականը ներկայացրեց հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը եւ նշեց, որ ինքը հայ ժողովրդի բարեկամն է եւ շարունակելու է իր գործունեությունը ի նպաստ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման:

Ֆրենկ Փալոնի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ, որի հետ քննարկեց երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ, որի հետ քննարկեց առաջիկայում ՄԽ համանախագահների տարածաշրջան այցելությանն առնչվող հարցեր:

Մայիսի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ  ծավալուն ելույթով հանդես եկավ Վաշինգտոնի «Բրուքինգս» քաղաքագիտական կենտրոնում, որտեղ նրան ողջունեց «Բրուքինգսի» ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ, դեսպան Ստրոբ Տելբոթը:

Նախարարի ելույթին ներկա էին պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ:

Իր ելույթում արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրեց հայ-ամերիկյան հարաբերությունները, մանրամասն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Վաշինգտոնից մեկնելուց առաջ Էդվարդ Նալբանդյանը առանձին հանդիպումներ ունեցավ Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայ դատի հանձնախմբի պատասխանատուների հետ, որոնց հետ քննարկեց Հայաստանի արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ նրանց գործունեությանն առնչվող հարցեր:

 

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply