Այսուհետ փրկարարները կարող են օգնության հասնել նաեւ օդից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 20, 2011 16:12

Այսուհետ մեր փրկարարները կարող են օգնության հասնել նաեւ օդից:

Մայիսի 20-ին Կոտայքի մարզում ՀՀ ՊՆ առանձին ավիացիոն ուսումնական էսկադրիլիայում կայացավ ՀՀ ԱԻՆ ՀՓԾ հատուկ փրկարարական ջոկատի աէրոմոբիլային խմբի ցուցադրական թռիչքը:

Միջոցառմանը ներկա էր արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար կազմը:

Հրշեջ-փրկարարական դեսանտային խմբում ընդգրկված է 23 փրկարար, որից երկուսը` աղջիկ: ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության աջակցությամբ անցկացված 20-օրյա դասընթացներից հետո հրշեջ-փրկարարները պարաշյուտով մոտ 1000 մ բարձրությունից իրականացրել են մի քանի գործնական թռիչք:

Ցուցադրական ելույթից հետո ԱԻ նախարար Արմեն Երիցյանը շնորհավորեց աերոմոբիլային խմբի անդամներին եւ պարգեւատրեց «Առաջնեկ» շքանշանով: Նախապատրաստական դասընթացներն անցկացնելու համար պատվոգրեր հանձնվեցին նաեւ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության աշխատակիցներին:

 

Արմեն Երիցյան, ԱԻ նախարար

– ՀՀ տարածքն այնպիսին է, որ մենք պետք է կարողանանք բոլոր տեղերում իջեցնել փրկարարներին: Բացի դրանից` սա նաեւ միջազգային չափանիշ է: Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկարամյա գործընկեր պաշտպանության նախարարությանը` օժանդակության համար:

 

Փրկարարների խոսքերով` այսպիսի հմտություններին տիրապետելը զգալիորեն կարագացնի արձագանքման գործընթացը:

 

Ավետիս Մանուկյան, հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար

– Ունենալով փրկարարական աշխատանքներ լեռներում` սա օգնության հասնելու ամենաարագ ձեւն է: Եթե նախկինում Քելբաջարի կամ Վարդենիսի լեռներ հասնելու համար մեզ պետք էր 8-10 ժամ, ապա հիմա մենք կարող ենք այնտեղ հասնել րոպեների ընթացքում:

 

Վիկտորիա Խաչատրյան, հատուկ փրկարարական ջոկատի փրկարար

–       Վախ, իհարկե կա, բայց եթե փրկարար ես, պիտի փորձես հաղթահարել վախը:

 

Համբարձում Վարդումյան, հատուկ փրկարարական ջոկատի փրկարար

– Մեզ ոգեւորելու համար ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հրահանգիչներին, որոնք գրագետ ձեւով պատրաստեցին մեզ թռիչքներին:

 

Գործընթացը շարունակական է լինելու: Առաջիկայում ԱԻ նախարարությունը կպատրաստի 25 հրշեջ-փրկարարից կազմված երկրորդ աերոմոբիլային խումբը:

 

 

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply