Մայիսի վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5%

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 20, 2011 15:20

2011 թ. մայիսի 10-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Արմենակ Դարբինյանը, Անդրանիկ Նորեկյանը, Ահարոն Չիլինգարյանը, Աշոտ Մկրտչյանը, Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումները: 2011 թ. ապրիլին դիտվել է 12-ամսյա գնաճի կտրուկ` 2.6 տոկոսային կետով նվազում, ինչի արդյունքում այն կազմել է 8.9%: Չնայած դրան, գնաճի կառուցվածքում պահպանվել է պարենային ապրանքների գների աճի գերակշռող ազդեցությունը` նպաստումը ապրիլի 12-ամսյա գնաճին 7.8 տոկոսային կետ:

Ըստ պաշտոնական վիճակագրության` 2011 թ. ապրիլին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.2% գնանկում, որին բացառապես նպաստել է պարենային ապրանքների գների նվազումը` 0.5%-ով (նպաստումը գնանկմանը` 0.3 տոկոսային կետ), այդ թվում` 5.3%-ով նվազել են «Բանջարեղեն և կարտոֆիլ» և 1.8%-ով` «Միրգ» ապրանքախմբերի գները: Ոչ պարենային ապրանքների գներն ապրիլին աճել են 0.5%-ով (նպաստումը գնաճին` 0.1 տոկոսային կետ), որը հիմնականում պայմանավորվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 3.9% և 5.8% աճերով: Ծառայությունների սակագները ամսվա ընթացքում մնացել են անփոփոխ:

2011 թ. ապրիլին միջազգային ապրանքային շուկաներում կրկին դրսևորվել են գնաճային միտումներ: Այսպես, հումքային ապրանքների շուկայում նավթի և ոսկու միջազգային գներն ամսվա ընթացքում աճել են` համապատասխանաբար 7.5% և 4.4%-ով: Չնայած Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության պարենային գների ինդեքսը ապրիլին` նախորդ ամսվա նկատմամբ մնացել է գրեթե անփոփոխ` 232.0 կետ, այնուամենայնիվ, պարենային ապրանքների շուկայում ևս ապրիլին դիտվել են գնաճային միտումներ, մասնավորապես` հացահատիկի միջին ամսական գինն աճել է 6.1%-ով: Հումքային և պարենային ապրանքների միջազգային գների աճի պայմաններում ԱՄՆ-ում ձևավորված գնաճային սպասումների, ինչպես նաև ԱՄՆ տնտեսության ակտիվության գնահատականների որոշակի անկման հետ կապված` ԱՄՆ դոլարի փոխարժեքը միջազգային ֆինանսական շուկաներում ապրիլին ցուցաբերել է արժեզրկման միտումներ` եվրոյի նկատմամբ արժեզրկվելով շուրջ 3.2%-ով:

Հաշվի առնելով ԱՎԾ-ի կողմից հրապարակված 2011 թ. առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), ՀՆԱ-ի աճի տեմպը մարտի վերջին գնահատվում է 2.7%, ինչը պայմանավորված է արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ճյուղերում ավելացված արժեքների գնահատված` համապատասխանաբար 5.9%, 5.5% և 2.9% աճերով: Գյուղատնտեության ճյուղում գնահատվում է ավելացված արժեքի 1.0%-ով նվազում, որը պայմանավորված է, անասնապահության և բուսաբուծության ենթաճյուղերում թողարկման ծավալների անփոփոխ մակարդակի պայմաններում, ձվի արտադրության ծավալների անկմամբ: Այդուհանդերձ, պահպանվում են մինչև տարեվերջ ճյուղում թողարկման ծավալների աճի ակնկալիքները:

Ինչ վերաբերում է արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներին, առաջին եռամսյակում ապրանքների և ծառայությունների արտահանման արժեքային աճը գերազանցել է սպասումները` ըստ գնահատումների արձանագրելով տ/տ 20.2% աճ, ապրանքների և ծառայությունների ներմուծման արժեքն աճել է տ/տ ընդամենը 5.1%-ով:

Ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի ապրիլ ամսվա զարգացումները. մարտին բնականոն միտումից շեղված նվազումից հետո ապրիլին ՊՊ առաջնային շուկայում մինչև 1 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերի միջին տոկոսադրույքն աճել է 2.1 տոկոսային կետով` կազմելով շուրջ 9.0%: Ռեպո շուկայում միջին տոկոսադրույքը մարտ ամսվա նկատմամբ աճել է 1.0 տոկոսային կետով` կազմելով 9.3%, իսկ միջբանկային ռեպո շուկայում միջին տոկոսադրույքն աճել է 0.4 տոկոսային կետով` կազմելով 8.3%:

2011 թ. ապրիլին արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը նախորդ ամսվա համեմատ դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.4%-ով` կազմելով 373.6 դրամ, Եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 4.6%-ով` կազմելով 540.9 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 2.9%-ով` կազմելով 13.3 դրամ:

Դրամավարկային ցուցանիշների ապրիլ ամսվա ընթացքում արձանագրված միտումները հիմնականում համահունչ են եղել դրամավարկային քաղաքականության վերջին ծրագրով երկրորդ եռամսյակի համար նախանշված ուղղություններին: Ամսվա ընթացքում փողի զանգվածն աճել է 0.7%-ով` պայմանավորված շրջանառությունում գտնվող կանխիկի և արտարժութային ավանդների 2.0-ական տոկոս աճով, որը մեծամասամբ չեզոքացվել է դրամային ավանդների 3.3% նվազմամբ` հանգեցնելով դրամային զանգվածի 0.4% նվազման: Ապրիլին պահպանվել են բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման բարձր աճի տեմպերը` շուրջ 3.0%:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

Խորհուրդն արձանագրեց, որ, չնայած հետագա ռիսկերի պահպանմանը, ապրիլի ընթացքում պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում նկատվել են գների կայունացման միտումներ:

Խորհուրդը միակարծիք էր, որ գնաճի վրա ազդեցության տեսանկյունից տնտեսության ներքին հատվածից եկող ազդակները առավելապես չեզոք են: Իրականացվելիք հարկաբյուջետային քաղաքականությունը և մասնավոր ծախսումները որոշակիորեն կզսպեն ներքին պահանջարկը: Գյուղատնտեսության ոլորտում ներկա բնակլիմայական պայմաններում և իրականացվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է այդ ճյուղի առաջարկի ավելացման հաշվին տեղական արտադրության պարենային ապրանքների գնանկումային միտումներ:

Հաշվի առնելով վերը նկարագրված միջավայրը, որն հիմնականում փաստում է առաջիկա ժամանակահատվածի համար գնաճային ռիսկերի զգալի մեղմման հանգամանքը, և իրատեսական համարելով այն, որ տարեսկզբից իրականացված դրամավարկային պայմանների խստացման արդյունքում ձևավորված տոկոսադրույքները կնպաստեն 2011 թ. երկրորդ կեսից գնաճի արագ նվազմանն ու կանխատեսվող հորիզոնում 4%±1.5 տատանումների թույատրելի միջակայքում ձևավորմանը` ԿԲ խորհուրդը ձեռնպահ մնաց դրամավարկային պայմանների փոփոխությունից:

2011 թ. մայիսի 10-ի նիստում Խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 8.5% մակարդակ, լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքների համապատասխանաբար` 11.5% և 5.5% մակարդակներ:

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply