Հայաստանի ոստիկանապետը մեկնաբանել է Տիգրան Արզաքանցյանի հետ կապված միջադեպը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 20, 2011 15:21

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր` մայիսի 20-ին լրագրողների խնդրանքով մեկնաբանել է երեկ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եւ նրան ուղեկցող մեքենայի հետ կապված դեպքը:

«Տիգրան Արզաքանցյանի մեքենայի հետեւից մեկ այլ մեքենա է եղել, որը համապատասխան փաստաթղթեր չի ունեցել, այդ կապակցությամբ տարվել է տուգանային հրապարակ`համապատասխան արձանագրությամբ: Բացի այդ, ես չգիտեմ` դա իր թիկնազորի մեքենա՞ն է եղել, ինքը բնականաբար հերքում է»,- ասաց Ա. Սարգսյանը:

Այնուհետ ոստիկանապետն անդրադարձավ թիկնապահների խնդրին: «Թիկնազորային այդ զորահանդեսները, շքահանդեսները` չգիտեմ ինչ, հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքում մենք կտրականապես մերժում ենք, եւ չի կարելի: Ժողովրդի մոտ թող հատուկ տպավորություն չստեղծեն»,- հայտարարեց Ա. Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ, շուտով օրենք կներկայացվի, եւ մարդիկ գոնե կիմանան թե ով իրավունք ունի թիկնապահներ պահելու եւ ինչ քանակությամբ: «Իսկ տարերային ով ինչքան ուզի` իրեն թիկնապահ վերցնի` դա իմ կարծիքով շատ վատ տպավորություն է թողնում մեր ժողովրդի մոտ»,-հավելեց ոստիկանապետը:

Ավելի վաղ new.am-ը հայտնել էր, որ «Արմենիա Մարիոտ» հյուրանոցի մոտ ոստիկանները կանգնեցնել ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի BMW-740 մակնիշի 022 ՕՕ 11 համարանիշի եւ նրան ուղեկցող Mitsubishi Pajero մակնիշի 13 ՕՍ 783 համարանիշի ավտոմեքենաները: Երկու մեքենաների վարորդներն էլ եղել են առանց ամրագոտիների: Երբ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են պատգամավորի եւ նրան ուղեկցող ավտոմեքենաները, պատգամավորը դիմել է փախուստի:

Նա չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության տեսուչին, ով պատգամավորից փաստաթղթեր, մասնավորապես, վարորդական իրավունքի վկայական է պահանջել: Այդ ժամանակ, պատգամավորի ավտոմեքենային են մոտեցել ոստիկանության պարեկապահակային ծառայության (կարմիր բերետներ) աշխատակիցները, որոնց Արզաքանցյանը փորձել է համոզել, որպեսզի մեքենաները տուգանային հրապարակ չտեղափոխվի: Արզաքանցյանն ասել է, որ ոստիկաններն իրավունք չունեն իր մեքենան զննել եւ հեռացել է:

Այդուհանդերձ, նրան ուղեկցող Mitsubishi Pajero-ն չի կարողացել դիմել փախուստի: Այդ մեքենայի ուղեւորները բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նրանք զենքեր են ունեցել:  Պարզվել է, որ վարորդը` 30-ամյա Հովհաննես Յոլչյանն է, ով ավտոմեքենան վարել է առանց վարորդականի իրավունքի վկայականի:

Արզաքանցյանը new.am-ին հայտնել է, որ ինքը փախուստի չի դիմել: Միաժամանակ խոստովանել է, որ իրեն ուղեկցող մեքենայի վարորդը վարորդական իրավունք չի ունեցել եւ որ մեքենայում զենքով մարդ է եղել:

 

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply