Օբաման առաջադրել է Ջոն Հեֆերնի թեկնածությունը ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 20, 2011 14:57

Անցած գիշեր նախագահ Օբաման առաջադրեց  Ջոն Հեֆերնի թեկնածությունը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում.այս մասին  հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Համագումարը կանխատեսում է, որ գալիք ամիսներին Սենատի կողմից թեկնածության հաստատումը ընթանալու է չափազանց լարված մթնոլորտում:

Երևանում ԱՄՆ-ի ներկայիս դեսպան Մարի Յովանովիչը, ով այդ պաշտոնում նշանակվել էր նախկին նախագահ Ջորջ Բուշի կողմից, հունիսին կավարտի իր եռամյա առաքելությունը:

90-ական թվականների կեսերին Հեֆերնը աշխատում էր նախկին կոնգրեսական Դագ Բերոյթերի հետ, ով Կոնգրեսում հայտնի էր իր ընդգծված թուրքամետ և հակահայկական հայացքներով:

Նախապես դեսպանի թեկնածու պրն. Հեֆերնին անձնապես քննադատելուց զերծ մնալով հանդերձ` հարկավոր է նշել, որ նրան հեշտ չի լինի հիմնավորել իր հայացքները և տարանջատել դրանք նախկին կոնգրեսական Բերոյթերի հայացքներից: Օրինակ, 1995-1996թթ., երբ Հեֆերնը կոնգրեսականի Միջազգային Հարաբերությունների Հանձնաժողովի  անդամ էր, Բերոյթերը քվեարկեց մի քանի օրինագծերի դեմ, որոնք ուղղված էին ոչ միայն Հայաստանի շահերի, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանմանը ողջ աշխարհում:

Նրանց շարքում էր հայտնի «Հումանիտար օգնության միջանցք» օրինագիծը, ըստ որի արգելվում էր ֆինանսական աջակցության տրամադրումը ցանկացած երկրին, որը խանգարում կամ սահմանափակում է Միացյալ Նահանգների հումանիտար օգնության փոխադրումը կամ առաքումը որևէ այլ երկիր: Հեֆերնի նախկին ղեկավարը նաև քվեարկեց  Թուրքիային տրամադրվող օգնության 25 միլիոն ԱՄՆ դոլարի կրճատման օրինագծի դեմ, որն առաջարկվել էր` հաշվի առնելով Թուրքիայի կողմից մարդու իրավունքների խախտումները և Հայաստանի նկատմամբ շարունակվող շրջափակումը: Ավելին` կոնգրեսականը դեմ էր քվեարկել մի օրինագծի, ըստ որի կրճատվելու էր Թուրքիային տրամադրվող ֆինանսավորման չափը, մինչ նա «չկատարի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու բոլոր համապատասխան քայլերը»:

Համագումարը հույս է հայտնում, որ պրն. Հեֆերնը կկարողանա հաջողությամբ հաղթահարել այդ դժվար ճանապարհը և ներկայացնել Միացյալ Նահանգների դիրքորոշումն ու պատմական հստակ արձանագրումը ոչ միայն Հայոց Ցեղասպանությունը և նրա  հետևանքները ճանաչելու վերաբերյալ, այլ նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ իրականացվող ագրեսիայի դեմ պայքարելու` տարածաշրջանում խաղաղություն, բաց սահմաններ, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի դրսևորում և ժողորդավարության նկատմամբ նվիրվածություն    երաշխավորելու նպատակով:

Ջոն Հեֆերնը աշխատում է ԱՄՆ արտաքին քաղաքական ոլորտում  և ծառայում է Բրյուսելում ՆԱՏՈ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնում:  Մինչ իր ներկայիս պաշտոնում ծառայելը պրն. Հեֆերնը եղել է  Քաղաքական գործերի քարտուղարի գործող օգնականը և Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալը  Ինդոնեզիայում ԱՄՆ-ի դեսպանատանը: Պրն. Հեֆերնն նշանակված է եղել նաև Ճապոնիայում, Մալազիայում, Կոտ դ’Իվուարում և   Գուանգժույում (Չինաստան):

 

Դիտվել է 1071 անգամ:
Print Friendly

Leave a Reply