Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հայ պատանիների համար ընթերցեց Ժ. Վեռնի ստեղծագործությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 20, 2011 14:03

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Գրականության օր» միջոցառումների շրջանակներում այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հանդիպեց 13-14 տարեկան պատանիների հետ: Դեսպանը նրանց համար ընթերցեց Ժյուլ Վեռնի «Ուղեւորություն դեպի երկրի կենտրոն» ստեղծագործությունը: Նա նաեւ անգլերեն գրքեր նվիրեց գրադարանին:

Միջոցառումն իրականացվում է «Գրական գիշեր» նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է աշխարհի տարբեր երկրների հասարակությանը ծանոթացնել եվրոպական ժամանակակից գրականությանը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, «Հեքիաթի դեսպաններ» խորագրի ներքո գրադարանում պարբերաբար անցկացվում են հեքիաթի ընթերցանություններ, որոնց շրջանակներում Հայաստանում հավատարմագրված դեսպաններն իրենց մայրենի լեզվով հեքիաթ են ընթերցում երեխաների համար:

«Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանն առաջին անգամ է մեզ մոտ ընթերցելու, իսկ մինչ այդ երեխաները հեքիաթներ են լսել Հայաստանում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իրանի դեսպանների կողմից»,- ասաց տնօրենը’ հավելելով, որ գրադարանը կարեւորում է միջոցառման այս ձեւը գրքի դերը քարոզելու համար: Նրա խոսքով’ ամբողջ աշխարհում, կարծես, ընթերցանության ճգնաժամ կա, եւ սա երեխաների մոտ ընթերցանության հանդեպ սեր սերմանելու լավագույն ձեւերից մեկն է:

Չ. Լոնսդեյլի կարծիքով’ այսօվա միջոցառման նպատակը երեխաներին եվրոպական գրականությանը որոշակի առումով ծանոթացնելն է: «Այս միջոցառումն անցկացվում է ամբողջ աշխարհում, եւ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը նույնպես միացել է այս ծրագրին: Այսօր ես կարդալու եմ Ժ. Վեռնի ստեղծագործությունը, քանի որ այն շատ հետաքրքիր է եւ մատչելի երեխաների համար»,- ընգդծեց դեսպանը’ հավելելով, որ հայ հասարակությունը սեր ունի ընթերցանության հանդեպ եւ ծանոթ է եվրոպական գրականությանը:

Նշենք, որ մայիսի 21-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի Ստեղծագործական սրահում պատանի ընթերցողների հետ կհանդիպեն Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցները, որոնք աշակերտների համար կընթերցեն գրական ստեղծագործություններ: Քննարկումներից հետո դպրոցականները բացօթյա հարթակում իրենց տպավորությունները թղթին կհանձնեն եւ նկարները կնվիրեն արվեստի կենտրոնին:

«Գրական գիշեր» նախաձեռնությունն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում’ ներգրավելով գրողների եւ դերասանների, քաղաքական գործիչների եւ մտավորականների: Այս ծրագրի շրջանակներում տարվա մեջ մի քանի օր շարունակ մասնակից երկրներում միաժամանակ տեղի է ունենում ընթեցանությանը եւ գրականությանը նվիրված միջոցառումներ:

 

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply