Հայաստանի Հանրապետության նախագահը թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականություններու ուղղություններուն վրա հայտարարողական մակարդակով նշանակալի մոտեցումներ ցուցաբերեց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 20, 2011 12:55

Ներքին հարթության վրա բնականաբար խոսքը կվերաբերի ՀԱԿ-ի հետ սկսված բաց երկխոսության, ինչպես պիտի բնութագրեր երկրի առաջին նախագահը։ 1 մարտի դեպքերուն բացահայտումի հավաստիացումը, «Ազատություն» հրապարակի տրամադրումն ու քաղաքական բանտարկյալներու տակավ ազատ արձակումը ներքին դաշտին մեջ լճացած որոշ իրավիճակներ փաստորեն ալեկոծեցին։ Քաղաքական վերլուծաբանները նախագահին քայլը որակեցին ճատրակի քարի շարժում, որ կստիպե հակառակորդին հակաշիռ քայլով հակազդել։ Երկրի առաջին նախագահն է, որ առիթը պատեհ նկատեց իր ստեղծած անել փակուղիեն դուրս գալու, հայտարարելու համար, որ բաց երկխոսություն տեղի կ՛ունենա իշխանության և ընդդիմության միջև, ինչ որ, ըստ իրեն,  «մեր երազած պետությունն է»։

ՀԱԿ-ի առաջնորդին երազները կրնան շատ շուտով յօդս ցնդիլ, մանավանդ որ հայտարարությունը քաղաքական առարկայական ու ճշգրիտ գնահատական տալե ավելի փակուղիե դուրս գալու միջոցի համար առիթը լիարժէք օգտագործելու համոզումը կփոխանցե։ Այն փակուղին, ուր ինքզինքն ու իր շարժումը առաջնորդած էր Տեր-Պետրոսյան առավելապաշտ և մեղմ ըսելաձևով՝ ոչ կառուցողական պահանջներ առաջադրելով։ Կասկածե վեր է, որ ՀԱԿ-ի զանգվածը լուրջ հարցականներու առջև է զինք առաջնորդողներուն հետապնդած բուն նպատակները հասկնալու և ապակողմնորոշված ըլլալու տեսակետեն։ Արմատական ընդդիմության մոտ նկատված փոփոխությունները ոճային չեն. բովանդակային են՝ համատարած համոզումով։

Արտաքին քաղաքականության ուղղություններու վրա իհարկե արցախյան թղթածրարին և հայ-թուրք հարաբերություններուն կվերաբերին նախագահ Սարգսյանի կատարած հայտարարությունները։ Եվ եթե առաջինի պարագային հիմնական նորություն չկա, ապա երկրորդին պարագային կա՛յ։ Հետևյալն է.-Հայ-թրքական հաշտեցման գործընթացը կրնա սկսիլ այն ժամանակ, երբ Թուրքիան ճանչնա Հայոց Ցեղասապանությունը։ Առանց ճանաչման հաշտեցում չի կրնար ըլլալ։

Հայտարարությունը պետք չէ շփոթ ստեղծե նախ ներհայկական դաշտին մեջ. Նույն հարցազրույցին մեջ նախագահ Սարգսյան փորձած է կանխել շփոթը։ Այս չի նշանակեր, որ հարաբերություններու հաստատման գործընթացն ու հաշտեցման գործընթացը նույն բաներն են։ Այս շփոթի կանխումը, սակայն, ներհայկական դաշտեն առաջ թրքական շահարկումի փորձերը կանխարգիլելու կմիտի։ Անկարան ամենայն հավանականությամբ պիտի շահարկե հայտարարության առաջին բաժինը, բարձրաձայնելու համար, որ Երևանը նախապայմանային մոտեցում ունի հարաբերություններու բնականոնացման համար։

Տրամաբանության շղթային իրարահաջորդ օղակները կսկսին հարաբերություներու հաստատումով և կշարունակվին հաշտեցման գործընթացով։ Հարաբերությունները արգելակողը նախապայմանային լեզվով խոսող Թուրքիան է։ Այժմ կհայտարարվի, որ եթե նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատվին, հաշտեցումը չի կրնար ըլլալ առանց Ցեղասպանության ճանաչումին։

Հաշտեցումին համար Ցեղասպանության ճանաչումը բավարար չէ։ նախագահ Ուիլսընի իրավարար վճիռի 90-ամյակին առիթով նախագահ Սարգսյան կխոսեր Սևրի պայմանագրին և իրավարար վճռին իրավական այժմեականության մասին։ Հաշտեցման գործընթացը կրնա սկսիլ միայն, երբ ճանաչումեն ետք իրավական այժմեականություն ներկայացնող հատուցման թղթածրարը ամբողջանա։ 100-ամյակեն առաջ հարկ է համապետական և համահայկական տարողություններով հստակեցնել հաշտեցման գործընթաց սկսելու մեր նախապայմանները։

Շահան Գանտահարյան

«Ազդակի» գլխավոր խմբագիր

 

 

Դիտվել է 724 անգամ:
Print Friendly

Leave a Reply