Ընդունվում են հայտեր` «Արցախ» հասարակագիտական ամառային դպորցին մասնակցելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 20, 2011 13:10

2011 թվականի հունիսի 26-ին Արցախում ՀԲԸՄ հովանավորությամբ կմեկնարկի «Արցախ» հասարակագիտական ամառային դպորցը (ԱՀԱԴ)։ ԱՀԱԴ-ը նպատակ ունի համախմբել ավագ կուրսերում սովորող թվով 30-35 ուսանողների, ովքեր ցանկություն ունեն ձեռք բերել լրացուցիչ մասնագիտական գիտելիքներ և կիրառական հմտություններ, ծանոթանալ հասակակիցների հետ և սովորել միմյանցից, ինչպես նաև Հայաստանից ու արտերկրից ժամանած դասախոսներից։

Ամառային դպրոցի ուսանողները կմասնակցեն դասախոսությունների և գործնական քննարկումների, հնարավորություն կունենան հանդիպել տեղի հասարակական և քաղաքական գործիչների։ Ամառային դպրոցի ավարտին բոլոր մասնակիցները կներկայացնեն նախապես ընտրված թեմաներով զեկույցներ և գործնական հետազոտությունների արդյունքներ։

ԱՀԱԴ անդրանիկ հավաքը հագեցած օրակարգ է ունենալու։ Ամառային դպրոցն ունի հասարակագիտական ուղղվածություն:  Դասախոսություններ կլինեն պատմության և քաղաքագիտության մեթոդաբանության, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության, հակամարտությունների լուծման, ինչպես նաև գործարար հաղորդակցության հմտությունների վերաբերյալ: Նախատեսվում է մասնակիցներին ընդգրկել երկու մասնագիտական խմբակներում, որոնց շրջանակներում առանձին-առանձին կներկայացվեն ու կքննարվեն տվյալ ուղղությանն առնչվող մեթոդաբանական հիմնախնդիրներ։

Քաղաքագիտական խմբակի ուշադրության կենտրոնում կլինեն քաղաքագիտական հետազոտությունների իրականացման մեթոդաբանությունը, հետազոտությունների իրականացման ընթացքում ծագող կիրառական խնդիրները, ինչպես նաև հետազոտությունների կիրառականության ապահովման հետ կապված հիմնահարցեր։

Պատմության/պատմագիտական խմբակի ուշադրության կենտրոնում կլինեն հայ պատմագիտության ձեռքբերումները և հիմնախնդիրները: Անդրադարձ կկատարվի նաև արվեստի և արվեստի պատմության ուսումնասիրության մեթոդաբանական հարցերին:

Մասնագիտական խմբակների շրջանակներում դասախոսությունները և քննարկումները տեղի կունենան աշխատանքային օրերի ընթացքում՝ ընդգրկելով օրվա առաջին կեսը։ Օրվա երկրորդ հատվածի ընթացքում բոլոր ուսանողները կմասնակցեն մասնագիտական հմտությունների զարգացման գործնական պարապմունքների և թեմատիկ դասախոսությունների, որոնք կներառեն նաև այլ հասարակագիտական առարկաններ։ Բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան նաև մասնակցելու որոշակի պարբերականությամբ կազմակերպվող երեկոյան զրույցներին, որոնց ընթացքում ամառային  դպրոցում կհյուրընկալվեն ճանաչում ունեցող հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ։

ԱՀԱԴ-ի առաջնային թիրախը Արցախի ԲՈՒՀ-երի ուսանողներն են։  Սակայն կարևորելով հայաստանյան և արտասահմանյան ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների մասնակցությունը`կազմակերպիչները նախատեսում են նման հնարավորություն։

ԱՀԱԴ-ին կարող են գրանցվել 2010-2011 ուսումնական տարվա ընթացքում ցանկացած ԲՈՒՀ-ի ավագ կուրսերի այն ուսանողները (ցանկալի է երրորդ և բարձր), ովքեր ստանում են հասարակագիտական կրթություն։

Ամառային դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է։

Մասնակցությունը ամառային դպրոցին ԱՆՎՃԱՐ է։

Բոլոր հետաքրքված ուսանողները պետք է լրացնեն դիմումաձևը և համառոտ ինքնակենսագրականի հետ միասին մինչև 2011 թ. հունիսի 15-ը ուղարկեն ArtsakhSSH@gmail.comհասցեին։

 

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply