«Կարիերայի օր» տոնավաճառ` Երեւանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 20, 2011 10:51
Երեւանում մայիսի 22-ին կանցկացվի «Կարիերայի օր» տոնավաճառ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանը, կարիերայի տոնավաճառում գործատուները երիտասարդներին ներկայացնելու են ոչ միայն թափուր աշխատատեղեր, ինչպես աշխատանքի տոնավաճառների դեպքում է, այլեւ իրենց մոտ պրակտիկա անցնելու, կարճաժամկետ աշխատելու, մասնագիտական կարողությունները զարգացնելու առաջարկներ:
«Եթե ուսանողները հիմնականում նշում են, որ չունեն աշխատանքային փորձ, ապա կարիերայի տոնավաճառը հնարավորություն է տալիս կարողությունները զարգացնելու հնարավորություն գտնել»,-ասաց Հ. Գեւորգյանը: Գործատուներից բացի, ներկայացվելու են նաեւ երկարաժամկետ եւ կարժամկետ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, այդ ոլորտում տեղեկատվախորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպություններ:
«Դա նշանակում է, որ կարիերայի տոնավաճառին կարող են մասնակցել ոչ միայն աշխատանք փնտրող երիտասարդներ, այլեւ բարձր դասարանների աշակերտներ: Կրթական հաստատությունները հանգամանալից կներկայացնեն իրենց ծառայությունները»,-ասաց կենտրոնի տնօրենը: Կարիերայի տոնավաճառի շրջանակներում անցկացվելու են կրթության, կարիերայի ուղղորդման սեմինարներ, որոնց կարող են մասնակցել բարձր դասարանների աշակերտները, նրանց ծնողներն ու այլք: Տեղում դասընթաց կլինի մի քանի թեմաներով’ կարիերայի կողմնորոշում’ նախատեսված’ դպրոցականների համար, մեծահասակների կրթություն եւ այլն: Մասնակիցներին կներկայացվեն նաեւ, թե ինչպես պետք է գրել ինքնակենսագրություն:
«Մինչ կարիերայի տոնավաճառը, զգալի աշխատանք ունենք կատարելու, հատկապես’ գործատուների հետ: Պետք է այնպես անել, որ գործատուները հատուկ մոտեցում ցուցաբերեն’ աշխատանք տանելով ե’ւ երիտասարդների, ե’ւ աշակերտների հետ»,-նշեց Հ. Գեւորգյանը:
Կարիերայի տոնավաճառին կմասնակցեն շուրջ 100 գործատուներ եւ կրթական հաստատություններ: Կենտրոնի տնօրենը նշեց, որ նրանց կողմից մեծ հետաքրքրություն կա եւ պատրաստակամություն են հայտնել համագործակցելու:
Տոնավաճառի անցկացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, Առեւտրաարդյունաբերական պալատի, Բրիտանական խորհրդի եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:






Facebook
Tweet This
Email This Post
