Հանրապետության հրապարակում կառուցվելիք շենքի հարցը մնում է ուշադրության կենտրոնում. Հանրային խորհրդին առաջարկվում է Ազգային դրամի զբոսայգու հարցով դիմել Երևանի քաղաքապետարան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 19, 2011 21:30

ՀՀ Հանրային խորհրդի՝ մշակույթի հարցերով ենթահանձնաժողովը մայիսի 19-ի իր նիստում քննարկեց Հայաստանի կառավարության թիվ մեկ շենքի բակում կառուցվելիք նոր շենքի հարցը և վերջնական որոշման ընդունումը միառժամանակ հետաձգեց ՝ ընդհանուր համաձայնությամբ: Մինչ այդ ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը հանձնաժողովի անունից կդիմի ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին՝ համապատասխան գերատեսչություններից անհրաժեշտ և համապարփակ տեղեկատվություն ստանալու համար: Ենթահանձնաժողովում համաձայնություն ձեռք բերվեց, որ պետք է շարունակել այս խնդրի շուրջ ծավալվող հանրային քննարկումների դիտարկումը՝ անհրաժեշտության դեպքում հարցը վերստին բերելով նիստի օրակարգ:

 

Նոր շենքի կառուցման խնդիրների շուրջ Հանրային խորհրդին նամակ-բողոք էին ներկայացրել Մանե Թամանյանը, Անի Վերանյանը և Սևադա Պետրոսյանը:

 

Ճարտարապետ Սևադա Պետրոսյանը նիստում իրենց դժգհությունը հիմնավորեց առաջին հերթին գործընթացի, իր պնդմամբ, իրավական թերություններով. մասնագիտական խորհուրդների և հասարակական լայն քննարկումներ չեն եղել կամ անցել են շատ նեղ շրջանակներում. հանրապետական նշանակության շենք է լինելու, բայց մշակույթի նախարարության համապատասխան վարչության եզրակացության մասին տեղեկություն չկա. կառուցման ներդրումային գործընթացը նույնպես թափանցիկ չէ. կառավարության նման որոշմանը տեղեկանում ենք գործադիրի պաշտոնական կայքէջից միայն:

Ասաց, որ դիմել են ՀՀ կառավարությանն ու Երևանի քաղաքապետարանին, դեռևս պատասխան չեն ստացել:

 

Ինչ վերաբերում է խնդրին, թե Ալեքսանդր Թամանյանի արած էսքիզներով հրապարակի այդ հատվածում հավաքների դահլիճ է նախատեսված, կարծիք հնչեց, որ. ՙ Նոր շենքը նախագծող հեղինակները պահպանել են Թամանյանի ոճը, բայց փոխել ամբողջ ներքին հորինվածքը… Քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանն իր վրա պարտականություն է զգում վերահեղինակել Թամանյանի նախագծած Երևանը՚:

 

ՀԽ ենթահանձնաժողովի անդամ, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով, խնդիրն առաջին հերթին Թամանյանի ժառանգության անխաթարությունն է. եթե ամբողջացնում ենք հրապարակի համալիրը, նախագիծը պետք է լինի միայն ու միայն Թամանյանինը, ներսի ու դրսի որևէ միջամտություն չպետք է լինի. ՙ Էսքան Թամանյանի անունը տալիս ենք, խեղճ մարդու անունով ամեն ինչ արեցինք արդեն՚: Մյուս կողմից, նրա կարծիքով, հիմա հրապարակը խեղդվում է մեծ կառույցների ծանրությունից:

 

Տեղեկություն հնչեց, որ կառավարությունը որոշել է բառացիորեն մեկ բան՝ կառավարության թիվ մեկ շենքի բակում կառուցել բազմահարկ շենք, իսկ Թամանյանի անունը որոշման մեջ չկա: Շենքում նախատեսվում է տեղակայել ՀՀ արդարադատության և սփյուռքի նախարարությունները:

 

ՀԽ ենթահանձնաժողովի անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանն առաջարկեց. ՙ Եկեք դրոշ չդարձնենք Թամանյանի անձը, մանվանդ որ այսօր ամենաբարձր խոսողները դրա մասնակիցն են եղել՚: Հիշեցրեց, թե ինչպես էր իր սերունդը 1960-ականներին պայքարում հրապարակում պատկերասրահի շենքի կառուցման դեմ, որը, փաստորեն, արդյունք չտվեց:

 

Իգիթյանը երիտասարդ բողոքավորներին խորհուրդ տվեց, որ. ՙԳնան, նյութը հավաքեն և իրենց ասածներն այսօր կապրիզի նման չներկայացնեն՚: Նրա պնդմամբ, կառավարությունը չի որոշել հենց այն շենքը կառուցել, որի շուրջ աղմուկ է բաձրացել. ՙ Կառավարությունը ընդամենը որոշել է շենք կառուցել, դրա համար էլ մանրակերտը 3 տարբերակով դրված է Ճարտարապետության թանգարանում, ով ուզում է, կարող է գնալ, նայել, կարծիք գրել կողքի տետրակում: Երբ որ կարծիքներն ի մի կբերվեն, այն ժամանակ էլ կսկսվեն ձեր ասած քննարկումները, որից հետո էլ շինարարության թույլտվությունը կլինի և այլն՚:

 

Սևադա Պետրոսյանը չհամաձայնեց, թե քննարկումները դեռ նոր են սկսվելու. ՙ Գաղափարի քննարկում՝ չի նշանակում նախագծերի և մանրակերտերի քննարկում՚: Լևոն Իգիթյան. ՙ Պիտի առարկայական բան դնես, որ առարկայական քննարկում դառնա՚: Սևադա Պետրոսյան. ՙ Հանրապետության գլխավոր ճարտարապետի իրավասության մեջ չի մտնում էսքիզի նախագծումը՚: Լևոն Իգիթյան. ՙԷս դեպքում գլխավոր ճարտարապետը ոչ մի նախագիծ չի արել. երկու ոչ շատ տարիքով ճարտարապետների հանձնարարվել է իդեան պատրաստել քննարկումների՚:

 

Հանձնաժողովականներն ընդունեցին, որ տեղեկատվության սղության պայմաններում դժվար է քննարկումները ճիշտ հունով տանելը. ՙ Հետաձգենք, տեղեկատվություն ունենանք, մի քիչ մարսենք, շատ հապճեպ ենք հավաքվել՚: Ենթահանձնաժողովի անդամ Անահիտ Հարությունյանը հավելեց, որ մամուլում տեղեկություն է եղել, թե մշակույթի նախարարության համապատասխան վարչությունը դրական եզրակացություն չի տվել նախագծին. ՙԵվ ընդհանրապես, կարո՞ղ ենք պահանջել փաստաթղթերը, թե ինչ ընթացակարգ է ունեցել այս գործը՚:

 

 

Հայկական ազգային դրամի զբոսայգու նախագիծն ընդունելի է

 

ՀՀ Հանրային խորհրդի՝ մշակույթի ենթահանձնաժողովը՝ քննարկելով հայկական ազգային դրամի զբոսայգի հիմնելու Կարեն Կոմենդարյանի նախագիծը, այն ընդունելի համարեց և  որոշեց դիմել Հանրային Խորհրդին՝ առաջարկելով  նախագիծը ներկայացնել Երևանի քաղաքապետարան:

 

Կարեն Կոմենդարյանի նախագծով, զբոսայգում վահանակներ են դրվում, որտեղ ցուցադրվում են զուտ կոլեկցիոն հայկական մետաղադրամների պատճենները, որոնք ներկայացնում է ՀՀ Կենտրոնական Բանկը: Նրա կարծիքով, զբոսայգու համար լավագույն տեղը կարող է լինել Երևանում Մյասնիկյանի և Շահումյանի արձանների միջև ընկած կանաչ գոտու տարածքը:

 

Օրակարգային մյուս հարցերը, Հանրապետության Հրապարակում Լենինի արձանի տեղում նոր ճարտարապետական նոր ոճի շինություն կառուցելու՝ ճարտարապետ Լաերտ Թովմասյանի առաջարկը և ՀՀ զինանշանի, դրոշի եւ օրհներգի մասին օրենքներում փոփոխություններ մտցնելու՝  երգահան Էդգար Գյանջումյանի առաջարկը, չքննարկվեցին՝ նախաձեռնությունների հեղինակների բացակայության պատճառով:

 

ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվություն

19, մայիս, 2011թ.

 

 

 

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply