Կառուցե՞լ, թե՞ չկառուցել գմբեթ Կառավարության շենքի բակում. քննարկում ՀԽ-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 19, 2011 19:56

Հանրային խորհուրդն առաջիկայում մասնագետների և կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ կքննարկի, թե պետք է արդյոք կառավարության շենքի բակում նոր շենք կառուցել և ինչպիսին այն պետք է լինի:

Այսօր ՀԽ մշակութային ենթահանձնաժողովն արտահերթ նիստում քննարկեց երիտասարդ ճարտարապետներ Մանե Թամանյանի, Անի Վերանյանի և Սևադա Պետրոսյանի նամակ-բողոքը ՀԽ-ին:

Սևադա Պետրոսյանն ասում է, որ խնդիրը միայն կառույցի քաղաքաշինական համապատախանությունը չէ, «նման մեծ հնչեղություն ունեցող հարցը չպետք է որոշվի միանձնյա և փակ դռների հետևում»:  Սևադան նշում է, որ կառավարության որոշումն արդեն կա, ըստ որի նախատեսվում է առաջիկայում շինարարություն սկսել, մինչդեռ նախ գաղափարը մասնագետների ապա նաև հանրային քննարկման պետք է ներկայացվեր, հետո միայն որոշում կայացվեր: Ըստ ճարտարապետների` կառույցը նաև կծանրաբեռնի հրապարակը` կշատանա թե մարդկային, թե տրանսպորտային միջոցների հոսքը:

Պետրոսյանի խոսքով` ներկայացված նախագիծը նաև չի համապատասխանում Թամանյանի նախագծած գմբեթին. այն միայն արտաքինից է նման, իսկ ներքին հորինվածքը փոխված է:

Թամանյանը նախատեսում էր, որ կառավարության բակում պետք է գմբեթածածկ դահլիճ կառուցվի, մինչդեռ այժմ ենթադրվում է, որ կառուցվող բազմահարկ շենքում պետք է հաստատվեն Սփյուռքի և Արդարադատության նախարարությունները:

Երիտասարդ ճարտարապետներն առաջարկեցին, որ Հանրային խորհուրդը Կառավարությանը դիմի կառուցապատման գործընթացը ժամանակավորապես կասեցնելու առաջարկով և լայնածավալ քննարկումներ իրականացվեն:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով` կառույցի ներքին կամ արտաքին ցանկացած ուղղում արդեն իսկ ենթադրում է շեղում թամանյանական նախագծից. «Թամանյանի անունով ամեն ինչ արվել է, բազմաթիվ շենքեր են շղարշվել: Ժամանակն է կանգ առնել և տեսնել, թե ինչ ենք արել, նոր միայն շարունակել»: Նրա խոսքով` հրապարակը խեղդվում է մեծ կառույցների ծանրությունից և հիմա էլ «պատրաստվում ենք աղճատել մի բացառիկ կառույց»:

Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանի կարծիքով`սա հանրային քննարկման հարց չէ.  նման խնդիրները պետք է քննարկվեն մասնագիտական շրջանակներում. «Ես կիրթ  մարդ եմ, բայց ատոմակայանի աշխատանքի  մասին կարծիք չեմ հայտնի, դա կթողնեմ մասնագետներին»:  Նրա խոսքով` թամանյանի նախագծած հրապարակի ամբողջականությունը խախտվել է դեռ 60-ականներին, երբ կառուցվեց Ազգային պատկերասրահի շենքը:  Նախագծից շեղում է նաև մետրոպոլիտենի կառույցը:

Իգիթյանն ասում է, որ Կառավարությունը որոշել է շենքի բակում շինարարություն իրականացնել: Իսկ գլխավոր ճարտարապետն էլ դա համարել է լավագույն առիթը թամանյանական նախագիծը և կառավարության շենքը  ավարտուն տեսքի բերելու համար: Կառուցվելիք շենքի մանրակերտն արդեն իսկ ներկայացված է ճարտարապետության թանգարանում:

Իգիթյանի խոսքով` «երիտասարդներն իրենց հետաքրքրասիրությունը բավարարելու համար այդքան մարդու չպետք է հավաքեին դահլիճում»:  Ճարտարապետը նաև կոպտեց «Նոյի աղավնի  բարեգործական միություն» ՀԿ նախագահ Ռաֆիկ  Գևորգյանին` կասկածի տակ դնելով կարծիք հայտնելու նրա իրավասությունը, երբ վերջինս փորձեց չհամաձայնել շենքի նպատակահարմարության մասին Իգիթյանի կարծիքին: Ճարտարապետի կարծիքով` անգամ ճարտարապետների միությունը կարծիք հայտնելու իրավունք չունի, քանի որ «լեգիտիմ կառույց չէ»:

Գևորգյանը, սակայն, նշում է, որ գմբեթը հրապարակի համամասնությունը  խախտում է և նման որոշում առանց մրցույթի չպետք է ընդունվեր. «Եթե մրցույթ և քննարկում լիներ, վստահ եմ` նման որոշում չէր կայացվի»:

Հաշվի առնելով հարցի կարևորությունը` որոշվեց առաջիկայում ևս մեկ անգամ այս թեման ընդգրկել նիստի օրակարգում` այս անգամ արդեն ավելի խորաքային և առարկայական քննարկումներ իրականացնելու համար:

 

Դիտվել է 1526 անգամ:
Print Friendly

Leave a Reply