ՏՄՊՊՀ փորձագետները մոնիտորինգ են իրականացրել ԼՂՀ առևտրի կետերում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 19, 2011 18:37

Մայիսի 16-18-ը եռօրյա այցով Լեռնային Ղարաբաղի հանրապետություն էին մեկնել ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Դավիթ Հովհաննիսյանը և Հանձնաժողովի փորձագետները: Սա ՏՄՊՊՀ երկրորդ պաշտոնական այցելությունն է Արցախ՝ նախորդ տարվա հոկտեմբերին Արցախի և Հայաստանի տնտեսական մրցակցության  դաշտը կարգավորող պետական մարմինների միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում:
Հանդիպման նպատակը մրցակցության քաղաքականության, մասնավորապես ապրանքային շուկաների ուսումնասիրության, վարույթների իրականացման  բնագավառում փորձի փոխանակումն ու գործնականում առևտրի կետերում դիտանցումների իրականացումն էր: Հանձնաժողովի  երկու փորձագետները մոնիտորինգ են  իրականացրել Ստեփանակերտի մանրածախ  առևտրի կետերում, որից հետո ծավալվել է քննարկում՝ ապրանքային շուկաների ուսումնասիրության արդյունքների և ոլորտին առնչվող մի շարք այլ խնդիրների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում Դավիթ Հովհաննիսյանը գործընկերներին ներկայացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի նոր փոփոխությունները, ինչպես նաև անդրադարձել Հանձնաժողովի կողմից միջազգային փորձագետների ներգրավվածությամբ պարբերաբար կազմակերպող սեմինար-քննարկումներին և դրանց արդյունքներին: Նշենք նաև, որ Երևանում հաճախ են կազմակերպվում գործնական քննարկումներ նաև Արցախի Հանձնաժողովի մասնագետների մասնակցությամբ:
ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Դավիթ Հովհաննիսյանը, ծանոթանալով Արցախի մրցակցային դաշտում առկա խնդիրներին, հայտնել է Հանձնաժողովի պատրաստակամությունը՝ դրանց լուծման ուղղությամբ: Նկատի ունենալով, որ Հանձնաժողովները երբեմն խնդիրներ են ունենում տնտեսվարողների կողմից ներկայացված տեղեկատվության հետ կապված, Դ. Հովհաննիսյանը ներկայացրել է նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից տեղեկատվություն ներկայացնելու օրինակելի ձևանմուշներ և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում օժանդակել նաև ոլորտին առնչվող այլ հարցերում:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև հաջորդ այցելության համար քննարկվող հարցերի շուրջ:

 

Դիտվել է 1237 անգամ:
Print Friendly

Leave a Reply