Ի՞նչ է միջնորդությունը և ինչպե՞ս է այն հարուցվում

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | May 20, 2011 15:14

Միջնորդությունը անհատական կամ կոլեկտիվ խնդրանք է` ուղղված պետական իշխանության մարմիններին: Դրա բովանդակությանն ավելի մոտիկից ծանոթանալու համար սկսենք տարրական հարցադրումից. այս կամ այն պատճառով դուք ցանկանում եք տեղափոխել կամ հետաձգել գործի քննությունը դատարանում: Ի՞նչ պետք է անի քաղաքացին կամ իրավաբանական անձը տվյալ հարցը կարգավորելու համար: Այս պարագայում պետք է դատավորին խնդրել հետաձգել գործի քննությունը: Իսկ դա պետք է արվի գրավոր ձևով: Ահա ինչ-որ գործողությունների մասին արձանագրության կազմման կամ գործի քննության ժամանակ պաշտոնատար անձին ուղղված գրավոր խնդրանքը համարվում է միջնորդություն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 34-րդ կետը տալիս է միջնորդության սահմանումը, ըստ որի` միջնորդությունը կողմի կամ դիմողի խնդրանքն է` ուղղված քրեական վարույթն իրականացնող մարմնին: Նույն օրենսգրքի համաձայն` դատավարության կողմերն ու մասնակիցները` տուժողը (հոդված 59, մաս 1, կետ 6), մեղադրյալը (հոդված 65, մաս 2, կետ 12), դատախազը (հոդված 54, մաս 1, կետ 2), քաղաքացիական հայցվորը (հոդված 61, մաս 1, կետ 5), կասկածյալը (հոդված 63, մաս 2, կետ 12), պաշտպանը (հոդված 73, մաս 1, կետ 9) և օրենսգրքով նախատեսված որոշ կատեգորիայի անձինք իրավունք ունեն հարուցել միջնորդություններ, իսկ քաղաքացիական դատավարությունում միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեն հայցվորը, պատասխանողը, երրորդ անձինք, դիմումատուն և դատավարության այլ մասնակիցները, նրանց ներկայացուցիչները, դատախազը և այլք: ՀՀ քր. դատ. օր-ի 199-րդ հոդվածի համաձայն` «դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պարտավոր են քննարկել նախնական քննության մասնակիցների հարուցած բոլոր միջնորդությունները: Գրավոր և բանավոր միջնորդությունները պետք է քննարկվեն և լուծվեն 5 օրվա ընթացքում: Միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին կայացվում է պատճառաբանված որոշում»:

Միջնորդությունը` որպես իրավաբանական կատեգորիա, կիրառվում է բոլոր դատավարություններում, որի վերաբերյալ դրույթներն ամրագրված են համապատասխան դատավարության օրենսգրքերում:

Դատավարության ընթացքում կան հանգամանքներ, որոնց դեպքում կարող են ներկայացվել  միջնորդություններ:  Այսպես, միջնորդություն`

  • անպատշաճ կողմի փոխարինման վերաբերյալ,
  • վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ,
  • վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի ներգրավելու վերաբերյալ,
  • վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին,
  • ապացույց պահանջելու մասին,
  • ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու և հետազոտելու մասին,
  • փաստաթղթի բնօրինակը վերադարձնելու մասին,
  • իրեղեն ապացույցը վերադարձնելու մասին,
  • փորձաքննություն նշանակելու մասին,
  • լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին,
  • ապացույցներն ապահովելու մասին,
  • գործերը մեկ վարույթում միացնելու մասին,
  • հայցի ապահովման մասին,
  • գործի վարույթը կասեցնելու մասին,
  • գործի վարույթը վերսկսելու մասին,
  • գործի վարույթը կարճելու մասին,
  • դատական նիստում նստած` դատարանին դիմելու, բացատրություններ կամ ցուցմունքներ տալու մասին,
  • վեճը կողմի բացակայությամբ քննելու մասին,
  • գործի քննությունը հետաձգելու մասին,
  • արագացված դատաքննություն կիրառելու մասին,
  • վճռի կատարումն ապահովելու մասին և այլն:

Միջնորդությունը պետք է ձևակերպել հետևյալ կերպ. ցուցում այն դատավորին, ում ուղղված է միջնորդությունը, միջնորդություն անողի տվյալները (անուն-ազգանուն) և բնակության վայրը, հեռախոսահամարը, իսկ հետո «միջնորդություն» վերնագրի տակ  պետք է շարադրվի խնդրանքի էությունը: Եթե դա միջնորդություն է, օրինակ, դատական նիստը հետաձգելու մասին, ապա միջնորդությանը պարտադիր կերպով պետք է կցել այն փաստաթղթերը, որոնք հավաստում են պատճառաբանության հարգելի լինելը: Այնուհետև պետք է հղում կատարել այն իրավական ակտին, որն իրավունք է վերապահում միջնորդողին ներկայացնելու տվյալ միջնորդությունը: Վերջում գրվում է միջնորդությունը կազմելու տարեթիվը և դրվում է ստորագրություն:

 

Ավետիք Հարությունյան

 

Դիտվել է 3252 անգամ:
Print Friendly

Leave a Reply