Սարդարապատ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 26, 2011 15:00

Մայիսը հայոց համար դարձել է խորհրդանշական հաղթանակների ամիս: Ավարայր, Սարդարապատ, Շուշի… Դժվար է համեմատել կամ գերագնահատել այս հաղթանակները: Բոլորն էլ բախտորոշ նշանակություն ունեցան հայոց կյանքում:

1918 թ. թուրքական զորքերը Արևմտյան Հայաստանում բնաջնջեցին հայությանն ու շարժվեցին դեպի արևելք` Հայաստանի սիրտը` Արարատյան դաշտավայր:

Թուրքական ոհմակը ձգտում էր դեպ արևելք` դեպի նախնյաց երկիր…ու  այդ ճանապարհին մի ազգ էր կանգնած` հայը:

«Ճակատագիրը կքշե Թուրքիան արևմուտքեն-արևելք. մենք հեռացանք Բալկաններից, կհեռանանք նաև Աֆրիկայից, բայց մենք պետք է տարածվենք դեպի արևելք: Այնտեղ է մեր արյունը, մեր կյանքը և մեր լեզուն: Եվ դա տարերային ձգողություն ունի: Մեր եղբայրները Բաքու, Թուրքեստան, Ադրբեջան են: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի նրանց, և դուք` հայերդ, կանգնած եք մեր այդ ճամփի վրա: Դուք պետք է մի կողմ քաշվեք և մեզ ճամփա տաք» (Թուրքիայի կովկասյան բանակի ընդհանուր հրամանատար Վեհիբ Մոհամմեդ փաշա. 1918 թ.):

Երբևէ հայության գլխին նման վտանգ չէր կախվել` իսպառ ոչնչացման վտանգը: Ու այդ որոշիչ պահին ցեղասպան եղած, սոված, ուժասպառ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ ոտքի կանգնելու ու գոյամարտ տալու:

Իսկ իրադրությունը մինչև 1918 թ. մայիսի 22-ն ավելի քան օրհասական էր. հայությունը` որպես քաղաքական ուժ, միավոր, կազմալուծված էր: Ժողովուրդը ծայրահեղ հուսալքված ու բարոյալքված էր: Բայց կատարվեց անսպասելին:

Հայոց ցաքուցրիվ զինուժը հավաքվեց Երևանում: Քաղաքական, հոգևոր գործիչները, Արամ Մանուկյանը հուսահատ ջանքեր էին գործադրում ժողովրդին կազմակերպելու համար:

Սարդարապատը կայացավ Արամ Մանուկյանի կամքի շնորհիվ: Նա արտակարգ իրավիճակ հայտարարեց երկրում և արտակարգ միջոցներ գործի դրեց. Երևանում դասալիքների մի քանի ցուցադրական գնդակահարություններ եղան: Միաժամանակ աշխատանքներ տարվեցին ժողովրդին հավաքագրելու համար: Հայն զգաց, որ այլևս նահանջի տեղ չունի, և մարտադաշտ  մտավ ոչ թե հաղթելու, այլ ապրելու կամ մեռնելու համար:

Հայոց մարտական ջոկատների կորիզը կազմեց մարտերում կոփված արցախցի մահապարտների 5-րդ գունդը: Հին աշխարհի իմաստուններից մեկն ասել է. «Հայրենիքը պահում են ոչ թե նրա համար մեռնելով, այլ թշնամուն ստիպելով անել դա…»: Արցախցի մահապարտն այդ դասը լավ էր սերտել. Դանիելբեկ Փիրումյանի հրամանատարությամբ նրա հուժկու բռունցքն իջավ թուրքի դեմքին, ու հայ զինվորը տեսավ փախչող թուրքի թիկունքը:

Օրնիբուն Արարատյան դաշտում լսվում էր հայոց եկեղեցիների կոչնակը: Բայց այս անգամ զանգերը հայությանը պատարագի չէին կանչում, այս անգամ եկեղեցին ժողովրդին Քրիստոսի խաչելության պատմությունը չէր բացատրում, այլ կանչում էր կենաց մարտի: Հայ եկեղեցին առաջին անգամ ի զեն էր կոչում հավատացյալ հայությանը, և խաչի ու խաչվառի փոխարեն հայ հոգևորականը զենք վերցրեց ու մարտադաշտ ելավ:

Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը տնից տուն, գյուղից գյուղ էր շրջում` զենքի կոչելով հավատացյալ հայությանը, խրամատից խրամատ էր շրջում` ոգևորելով զինվորին: Իսկ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը ոչ միայն հրաժարվեց փախչել և ապաստանել ապահով վայրում, այլև նախադեպը չունեցող հրաման արձակեց. Էջմիածնի հոգևորականությունը պիտի զինվի և ժողովրդի հետ մարտադաշտ դուրս գա: Եվ 500 հոգևորականներից բաղկացած սքեմավորների գունդը զինավառ Սարդարապատի դաշտ իջավ հայ զինվորի հետ կողք կողքի կռվելու ու թուրքին քշելու հայոց երկրից:

Դժվարին, բայց հայոց միասնական ոգու երանելի ժամանակներ:

Եվ հրաշք կատարվեց: Թուրք ասկյարը, որ առանց դիմադրության գրավել էր ողջ Հայաստանը, հանգիստ շքերթով շարժվում էր դեպի հայոց մայրաքաղաք: Եվ ասես երկնքից, նրա դեմ կանգնեց կազմ ու պատրաստ, մարտունակ ոգով հայոց բանակը: Այն բանակը, որ համարյա առանց գնդակ արձակելու նահանջել էր խրախճանքի ելած թուրք ասկյարի առջևից: Եվ այդ բանակը աշխարհազորի աջակցությամբ գեներալներ Մովսես Սիլիկյանի, Թոմաս Նազարբեկովի, գնդապետներ Դանիելբեկ և Պողոսբեկ Փիրումյանների հրամանատարությամբ սոսկալի ջարդ տվեց թշնամուն: Եվ հազարամյա կորստից հետո հայոց հողում վերածնվեց անկախությունը:

 

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 3523 անգամ:
Print Friendly

Leave a Reply