«Դևին մինչև դժոխքը ցույց չտաս, արքայության ճամփան չի գտնի»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 26, 2011 7:06

XX դարավերջին Արցախյան գոյամարտով մենք վաստակեցինք մեր ապրելու և անցյալին տեր կանգնելու իրավունքը, բայց նույն պատերազմն  այսօր շարունակվում է արդեն  դիվանագիտական ոլորտում:

Ելնելով ստեղծված իրավիճակից` չես կարող չմտահոգվել. բա որ օրերից մի օր պատերազմը շահած երկու կողմին` Հայաստանին ու Արցախին հանկարծ  հաղթողին անվայել պայմաններ պարտադրե՞ն, որի արդյունքում շահի պարտված Ադրբեջանը, որովհետև 20 տարվա կյանքը ցույց տվեց, որ ժողովրդավարությունը երբեմն նավթի տակառներով է չափվում: Այսօրվա իրավիճակի պահպանումն էլ խաղաղություն տանող միակ ճանապարհը չես համարի: Ի՞նչ ասես, եթե հակառակորդի պահվածքն է դա հուշում, որ  միայն վերջին օրերին  տարբեր տրամաչափի զինատեսակներով ՊԲ դիրքերը գնդակոծել է ավելի քան 400 անգամ:

Հակառակորդը մեր դեմ հիմա էլ  ասես  դիպուկահարների պատերազմ է սանձազերծում, ինչի  հետևանքով շատացել են շփման գծում մեր զինվորների մահվան դեպքերը: Հերթական չար խաղը մայիսի 12-ին էր, որի զոհը դարձավ հադրութցի հողագործ-տրակտորիստ Արայիկ Բալասանյանը: Զավեշտն այն է, որ միջադեպը տեղի ունեցավ, կարելի է ասել, հենց ԵԱՀԿ Մինսկի  դիտորդական խմբի առաքելության քթի տակ, բայց նրա հրապարակած տվյալները, ինչպես միշտ, իրենց պես «խաղաղ» էին: Ի՞նչ է ստացվում, եթե կրակն իրենց չէր ուղվված, ուրեմն  միջադեպ «չի՞ք»: Այդպես մինչև ե՞րբ: Ե՞րբ պետք է լցվի մեր համբերության բաժակը:

Եվ ահա, կիրակնօրյա «Հայլուրի» հարցազրույցում մեր հայրենակիցների մտահոգությունը փարատեց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը փաստելով. «Ընդհանուր առմամբ դիպուկահարների կրակոցներին մենք կարողանում ենք լիարժեքորեն պատասխանել,  և քանի որ վերջին ժամանակներս դրանք հանրության քննարկման և  ինչ- որ չափով ռազմական գերատեսչության քննադատության առիթ են հանդիսանում, ուզում եմ մեր ժողովրդի համար նորից կրկնել, որ այդ գործողություններին մենք անհամաչափ պատիժներ ենք տալիս: Դա նշանակում է, որ մենք մի քանի անգամ ավելի ենք նրանց պատժում նման գործողության համար, այլ բան է, որ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներն իրենց հանրությանը ներկայացնում են իրենց  ուզած ձևով»: Դե, կներեք, մենք մեղավոր չենք, որ ադրբեջանցիք չգիտեն մեր պապերի`«դևին մինչև դժոխքը ցույց չտաս, արքայության ճամփան չի գտնի» իմաստուն խոսքը, որից  արդեն դասեր քաղած հակառակորդն իր  զոհերը հանրությանը որպես դժբախտ պատահարներ է ներկայացնում: Կնշանակի ինչ-որ բանից վախենում է: Իսկ թե ինչից, դա արդեն մեր խնդիրը չէ:

Ստեղծված իրավիճակն ինչպե՞ս է ընկալում նախկինում ԼՂՀ  ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իսկ այսօր Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի հարցերով զբաղվող «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիք-Շահնազարյանը:

–  Ասեմ, որ ապրիլի 28-29-ի դեպքերին ի պատասխան` մենք ապրիլի վերջի լույս մայիսի 1-ի գիշերը հակառակորդին 4 զոհ  պատճառեցինք: Այնպես որ ապրիլի վերջի դեպքերի պատասխանն արդեն տվել ենք: Բայց դա ես համարժեք չեմ համարում: Ես կարծում եմ, որ մեր սպանված յուրաքանչյուր զինվորի համար Ադրբեջանում տասնյակ դիակ պիտի ստանան: Միայն դա կարող է նրանց բերանը փակել, նրանց հետ պահել նման  ոտնձգություններից, փոձերից: Ասել եմ ու էլի եմ կրկնում. մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը, առողջությունը ողջ Ադրբեջանի  բանակից թանկ է: Եվ դա բնական է: Չեմ համարում, որ դա համարժեք պատասխան է, բայց  մեկ այլ բան եմ նաև հասկանում. կա սահման, որը եթե այսօր անցնենք, կարող է մեծ պատերազմ սկսվել` անկախ Ադրբեջանի,Հայաստանի կամ Արցախի իշխանությունների կամքից: Հասկանալի է նաև, թե ինչու է Ադրբեջանը այդ քայլին գնում:

– Ըստ Ձեզ, ինչո՞ւ:

–  Ադրբեջանում իրավիճակն այսօր շատ լարված է, ավելի, քան մենք այստեղ պատկերացնում ենք: Ադրբեջանի իշխանությունն այսօր փորձում է իր նկատմամբ ստեղծված ատելությունը  շեղել դեպի հայերը: Այսօր նա  իր աթոռը պահելու միջոցներից մեկն է համարում լարված սահման պահելն ու նաև առկա ատելությունը, որովհետև Ադրբեջանում էլ շատ լավ հասկանում են, որ մեր յուրաքանչյուր սպանված զինվորի դիմաց մենք  անպայման սպանելու ենք մի քանիսին:

– Օրինակ` արցախցին ասում է, որ մենք վաղուց արդեն լուծել ենք մեր խնդիրը, մինչդեռ առիթ ու անառիթ շահարկվում է տարածքներ վերադարձնելու խնդիրը:

–  Տարածքներ վերադարձնելու մասին խոսել, քննարկելն անգամ անբարոյական քայլ եմ համարում: Ասեմ ինչու: Այդ տարածքները մինչև 1918 թ. բնակեցված են եղել հայերով: Օրինակ` քչերը գիտեն, որ նույն Ջեբրայելում (հիմա` Գուրգենավան- Ա.Ե) 1918 թ. հայերն ավելի շատ են եղել, քան կովկասյան թուրքերը:

– Կարյագինո կոչվող Ֆիզուլիում նո՞ւյնպես…

– Ֆիզուլին ռուսներն են որպես քաղաք ստեղծել,  բայց ես խոսում եմ բուն հայկական քաղաքների մասին: Այն, որ Ֆիզուլին Հայաստան է, դա ուրիշ հարց է, բայց որպես բնակավայր ստեղծել են ռուսները: 1918 թ. Թուրքիայի բանակը և Ադրբեջանի վայրի դիվիզիայի ներկայացուցիչները  Ջեբրայելում կոտորել են հայերին, կենդանի մնացածներին էլ տեղահանել: Եթե մենք անգամ մի թիզ հող վերադարձնենք, իրավականորեն կհաստատենք այդ ցեղասպանության արդյունքները, որի իրավունքը մեզ ոչ ոք չի տվել:

– Այդ դեպքում ի՞նչ է սա, դիվանագիտական չար խա՞ղ:

– Միանշանակ: Ես համոզված եմ, որ մեր իշխանությունը ոչ մի պայմանով, ոչ մի ճնշման տակ, ոչ մի քառակուսի մետր հող Ադրբեջանին չի նվիրելու: Եվ համոզված եմ և ինչ-որ չափով տեղեկացված:

– Այդ դեպքում խնդրի կարգավորման ի՞նչ ճանապարհ եք տեսնում:

–  Քանի դեռ Ադրբեջանի ստորերկրյա էներգակիրները (նավթ և գազ) հետաքրքրություն են ներկայացնում  Արևմուտքի համար, այստեղ որևէ պատերազմ չի լինի. մտածված: Մենք այդ ժամանակահատվածը պետք է ավելի լավ օգտագործենք: Գիտնականների հաշվարկների համաձայն` 2025-27 թթ. այդ նավթն ու գազը կորցնելու են իրեց կարևորությունը, որովհետև դրանց քանակը պակասելու է, ինչի հետևանքով էլ աշխարհի հետաքրքրությունը նվազելու է Ադրբեջանի նկատմամբ: Գագաթնակետը սպասվում է  2012-14 թթ., որից հետո կամաց-կամաց պակասելու է: Երբ Ադրբեջանի նավթը կորցնի իր ռազմավարական նշանակությունը, այն ժամանակ մենք մնալու ենք ճակատ առ ճակատ:

– Այդ ժամանակահատվածն էլ պիտի ծառայեցնենք երկիրը հզորացնելուն:

– Անկասկած, այնքան հզոր դառնանք, որ Ադրբեջանի մտքով անգամ չանցնի ոտնձգություն իրականացնել մեր տարածքների նկատմամբ: Այսօր Ադրբեջանի բոլոր կեղծ պահանջները հենվում են միայն ու միայն իր նավթի ու գազի վրա: Նրա դիվանագիտության հենարանն էլ  նավթն ու գազն են: Եթե մենք ճիշտ  օգտագործենք այդ ժամանակահատվածը, այն մեր օգտին կաշխատի: Ոչ միայն այսօր, այլև 10 տարի, ես հանգիստ եմ. ով էլ լինի մեր իշխանության գլխին, որևէ տարածք չի նվիրվելու:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply