Կույրերի միությունը տարածք կտրամադրի՞ վերականգնողական կենտրոն հիմնելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | May 21, 2011 15:03
Մայիսի 1-9-ը Հայաստանում կույրերի համար անցկացվող «Ինքնուրույնություն» ծրագրի սեմինարին Նաիրան մասնակցում էր իր նորածին դստեր հետ: Ծրագիրն անցկացնում էին Լեհական «ARI ARI» հիմնադրամի, Լեհաստանի կույրերի միության առաջատար մասնագետների, ինչպես նաև Վրաստանի կույրերի ու հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Լեհ և վրացի մասնագետները ոչ միայն զարմացած էին, այլև հիացած, որ հայաստանյան պայմաններում կան տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ, ովքեր, լինելով միայնակ և պետական ու հասարակական աջակցությունից զուրկ, կարող են անգամ երեխա ունենալ և միայնակ խնամել: Լեհ մասնագետներից մեկը, չթաքցնելով իր զարմանքը, ասաց, որ իրենց մոտ նման երիտասարդներին աջակցելու նպատակով կան կենտրոններ, որոնք հատուկ խնամք և ծառայություններ են մատուցում, կան նաև սոցիալական աշխատողներ, քույրեր, ովքեր այցելում են նրանց և տանը սովորեցնում նորածնի խնամքը:
Մասնագետներն «Ինքնուրույնություն» ծրագրի շրջանակներում Հայաստանում էին «Հանգրվան» հասարակական կազմակերպության շնորհիվ: Ի դեպ, «Հանգրվանը» Հայաստանում կույրերի հիմնախնդիրներով զբաղվող միակ հասարակական կազմակերպությունն է: Այն հիմնվել է 2009 թ.:
Կազմակերպության ղեկավար Ստելլա Սվիրիդենկոն երկար տարիներ աշխատել է Լեհաստանում և ուսումնասիրել ամերիկյան ու եվրոպական փորձը: Սվիրիդենկոն Հայաստանի կույրերի համար նախատեսել է մի խոշոր ծրագիր` վերականգնողական կենտրոնի ստեղծում: Չնայած նման կենտրոններ առայժմ Կովկասում չկան, նա լիովին հնարավոր է համարում Հայաստանում դրա հիմնումը: «Իհարկե, այնպիսի կենտրոնի ստեղծումը, ինչպիսիք կան Եվրոպայում և Ամերիկայում, այս պահին մի քիչ անիրատեսական է, սակայն գոնե դրանց մինի տարբերակը, կարծում եմ, հնարավոր է»,-ասում է Սվիրիդենկոն:
Վերականգնողական կենտրոնում կույրերը կստանան ցանկացած տեղեկատվություն, որը վերաբերում է իրենց իրավունքներին և հնարավորություններին, քանի որ, ինչպես նշեց լեհ մասնագետներից մեկը, հաշմանդամության ամենալուրջ խնդիրներից մեկը համապատասխան տեղեկատվությանը չտիրապետելն է:
Նախատեսվում է, որ կույրերին կենտրոն կտեղափոխի համապատասխան ավտոբուսը, որտեղ նրանք կանցկացնեն մոտ 6 ժամ: Մասնագետները կույրերի հետ կաշխատեն ոչ միայն կենտրոնում, այլև տանը՝ սովորեցնելով նրանց օգտվել շրջապատող աշխարհից:
Վերականգնողական կենտրոն հիմնելու ծրագիրն իրականացնելու համար Սվիրիդենկոյին պետք է Հայաստանի կույրերի միավորման աջակցությունը տարածքի տրամադրման համար. «Կույրերի միավորումն այդ առումով հարուստ է, նրանք տարածքի խնդիր չունեն,- ասում է նա,- և եթե մեզ հաջողվի նրանց հետ համաձայնության գալ, ապա ծրագիրը կարելի է իրականացած համարել»:
Հայաստանի կույրերի միավորումն արդեն 81 տարվա պատմություն ունի: Խորհրդային տարիներին այդ կազմակերպությունը կույրերի համար ստեղծել է ձեռնարկություններ, մշակութային կենտրոններ, առողջարան, բնակելի շենքեր, տպարան և այլն: Այդ տարիներին ստեղծված կառույցները պահպանվել են և չեն սեփականաշնորհվել: Սակայն դրանց մեծ մասն անգործության մատնվելու պատճառով ծառայում է լրիվ այլ նպատակի, օրինակ՝ վարձով է տրվում մասնավոր ընկերություններին: Միավորման փոխտնօրեն Մարտին Սարգսյանն ասում է, որ այդ վարձավճարներով իրենք հոգում են Կույրերի միավորման խնդիրները:
Ինչ վերաբերում է Հայաստանում վերականգնողական կենտրոնի ստեղծմանը և դրա համար տարածքի տրամադրմանը, ապա, Սարգսյանի խոսքով, նրանք այդ մասին տեղյակ չեն, դրա հետ որևէ կապ չունեն, չգիտեն, թե ով է դրա նախաձեռնողն ու կազմակերպիչը և միայն պատահական են լսել, որ նման ծրագիր կա: «Երբ անկախությունից հետո Հայաստանը դարձավ Եվրոպայի և աշխարհի միությունների լիարժեք անդամ, մենք այդ հարցը բարձրացրինք Եվրոպայում համաժողովների ժամանակ,- ասում է Սարգսյանը,- ասեցինք, որ Արզնիում ունենք առողջարան, որ դեռ սովետական տարիներին է կառուցվել և հիմա չի գործում: Բացատրեցինք, որ այդ շենքն ունի բոլոր հարմարությունները՝ սենյակներ, լողավազան, ջերմոց և այլն: Սակայն ոչ մի տեղից այդ տարածքը նման ծրագրի համար օգտագործելու առաջարկ չստացանք»:
Ստելլա Սվիրիդենկոն մի քիչ թերահավատորեն է վերաբերվում Կույրերի միավորման այդ պատրաստակամությանը՝ ասելով, որ 2009 թ. իրենք փորձել են այդ հարցի շուրջ համաձայնության գալ միավորման հետ, սակայն արդյունքի չեն հասել: Նա չմանրամասնեց, թե համագործակցության ինչ չհաջողված փորձի մասին է խոսքը, սակայն պարզ դարձավ, որ միությունը մեժել է նրանց տարածք հատկացնել: Սվիրիդենկոն հայտնեց, որ իրենք առաջիկայում պատրաստվում են կրկին այդ հարցը բարձրացնել և հույս ունեն, որ այս անգամ հաջողության կհասնեն:
Կույրերի միավորման նախագահի խոսքով` մայրաքաղաքում Հայաստանի կույրերի միությունը նման տարածք տրամադրելու հնարավորություն չունի: «Դրա համար անգամ 100-140 քմ տարածքն էլ չի բավարարի»,-ասում է նա:
Ինչ վերաբերում է Արզնու տարածքին, ապա Սարգսյանը համոզված է, որ այդ ծրագրի համար դա իդեալական տարբերակ է, և այն կարող է ստանալ տարածաշրջանային նշանակություն:






Facebook
Tweet This
Email This Post
