Մի գիշերում կոտորված ճարտարապետների Երևանը…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | May 20, 2011 7:00

Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում շինարարական աշխատանքները  շարունակվում են:

Այս տարվա ապրիլից երիտասարդ ճարտարապետ Վահագն Մովսիսյանի նախագծով  փոքրածավալ Կաթողիկեին կից կառուցվում է ծավալով նրան մի քանի անգամ գերազանցող մեծ եկեղեցի, իսկ մի քանի մետր հեռավորությամբ ` եռահարկ կաթողիկոսական երևանյան նստավայրը:

Հանրությունը մեծ աղմուկ է բարձրացրել այս շինարարության  կապակցությամբ՝ որակելով այն որպես ապօրինի շինարարություն:

Նախագիծը մերժվել է մշակույթի նախարարությունում  և  քաղաքաշինական խորհրդում, իսկ Մայր աթոռի ճարտարապետական բաժնում նույնիսկ չի էլ քննարկվել, այդ մասին «Անկախին» ասաց  Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Այնուամենայնիվ, նախագիծը հաստատվել է, և շինարարությունն էլ ընթանում է:

Մինասյանն ասում է, որ այս ամենը եղել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի թողտվությամբ: «Այն ժամանակ քաղաքապետը նոր էր ընտրվել, իսկ միշտ էլ կան ինչ-որ խորհրդականներ, որոնք խորհուրդներ են տալիս այս կամ այն մարմինների ազդեցությամբ»:

Բայց փաստը մնում է փաստ, որ շինարարությունն ընթանում է, հիմնարկեքը եղել է ապրիլի 30-ին, որի ժամանակ ներկա են եղել ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը:

Ուրեմն ի՞նչ: Պետք է դադարեցնե՞լ  պայքարը: Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված «Դադարեցրե՛ք Կաթողիկեի այլանդակումը ՀԻՄԱ» էջի նախաձեռնող անդամները օրերս բողոքի ակցիա էին կազմակերպել Կաթողիկե եկեղեցու բակում: Ակցիային միացել է մոտ  100 քաղաքացի, որոնք պահանջում են դադարեցնել ապօրինի շինարարությունը: Բողոքի ակցիան սկսվել է մեկ ցուցարարից, ով իր ձեռքում պահել է  «Ես դեմ եմ ապօրինի շինարարությանը» գրությամբ պաստառ, որից հետո նրան միացել են այլ ցուցարարներ: «ՀԻՄԱ» երիտասարդական շարժման նախաձեռնողների մեկնաբանությամբ` դա նշանակում է, որ  «բողոքը սկսում է մեկից»:

Շարժման ակտիվիստներից Արմանը «Անկախին» ասում է. «Մենք համոզված ենք, որ շինարարության թույլտվություն չկա, թույլտվությունը տրված է մինչև զրոյական նիշը: Հիմա մենք սպասում ենք պատասխանի, այս շինարարությունն ապօրինի է»:

Մինասյանն էլ տեղեկացնում է, որ թույլտվություն կա, իսկ շինարարությունն այլևս անդառնալի է, քանի որ հիմնարկեքին եղել են նախագահն ու կաթողիկոսը:

Թույլտվության մասին պաստառը դրված է Ֆեյսբուքի Բաց ճարտարապետական ֆորումում, որում երևում է Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությունը՝ տրված նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին:

Արմանն ասում է, որ իրենք չեն դադարեցնելու բողոքի ակցիան, քանի որ այդ նախագծին դեմ են հանրության բոլոր շերտերը, ամեն մեկը մի պատճառաբանությամբ. «Մեկը դեմ է կաթողիկոսական նստավայրին, մեկը` եկեղեցու չափերին կամ միջավայրի աղճատմանը, չկա մեկը, որ կողմ լինի»:

Հին Երևանի Շանհար թաղում կանգնած Կաթողիկե սուրբ Աստվածածին եկեղեցին թվագրվում է XIII դարով, իսկ XVII դարում այստեղ կառուցվում է մեծ եկեղեցի՝ Կաթողիկեն, որի խորաններից մեկում էլ թաքնված է եղել ներկա Կաթողիկեն: 1936 թ., երբ խորհրդային իշխանությունները մեծ եկեղեցին քանդում են, խորաններից մեկում երևում է Սուրբ Աստվածածինը, որը շարունակում է կրել Կաթողիկեի անունը:

Մինասյանն ասում է, որ անկախ ամեն ինչից, բոլոր խողովակները պետք է օգտագործել՝ ասելու համար, որ դա անօրինական նախագիծ է: «Քանի որ այն, ինչ կատարվում է հրապարակում, շատ վտանգավոր է և պետք է ամեն գնով կանխել»:

Կառավարությունը որոշում է ընդունել Հանրապետության հրապարակում Ալեքսանդր Թամանյանի նախագծած Կառավարության շենքի hետնամասում աշտարակ կառուցելու վերաբերյալ։ Սա բարձրացրել է բողոքի մեկ այլ հզոր ալիք, և շատ ճարտարապետներ փաստարկներ են բերում, թե ինչու չի կարելի այդ աշտարակը կառուցել:

Կաթողիկեի բախտը էլի չբերեց… Մինչ Կառավարական տան գմբեթի լինել-չլինելու հարցը կպարզվի, Կաթողիկեի մոտ բանը բանից անցած կլինի… Ու քանի որ այս գմբեթի իրականացման ճանապարհին  նույնպես բուլդոզերի  տակ պառկողներ չեն լինի, էլի կունենանք նույն Երևանը` ասես մի գիշերում կոտորված ճարտարապետների քաղաքը…

 

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply