Քանի՞ հեծանվահրապարակ կունենա Երևանը
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | May 25, 2011 15:00
Երևանի հեծանվահրապարակի հետագա ճակատագրի հարցը շատ է չարչրկվել: Բանն այն է, որ տարիներ ի վեր պայքար է եղել այս կառույցին, կից տարածքին տիրանալու համար: Տարբեր փորձեր են արվել, շատ բան կուլիսների ետևում է կատարվել, այդպես էլ գաղտնի մնացել: Ի վերջո, գտնվել է անսպասելի լուծում, որից հետո այդ մասին խոսակցությունները դադարել էին, քանի որ թվում էր, թե Երևանի հեծանվահրապարակի հարցը փակված է: Որոշում էր կայացվել, ըստ որի` մայրաքաղաքի կենտրոնում` Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող ընդարձակ մարզաբազան պետք է դադարի գոյություն ունենալուց. այն կքանդվի, երբ մայրաքաղաքի ծայրամասում` Ծովակալ Իսակովի 27/8 հասցեում կառուցվի նոր հեծանվահրապարակը: Այդ մասին որոշում է կայացվել, երբ Երևանի քաղաքապետը Գագիկ Բեգլարյանն էր: Նա և իտալական «Ռենկո» ընկերության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Ֆրանչեսկո Ջուստոտտին պայմանագիր էին կնքել: Կարճ ասած, տարածքի փոխանակում էր կատարվել: Եվ երբ Հայաստանի կառավարությունն էլ առարկություն չէր դրսևորել, ընդհակառակը, համապատասխան որոշում կայացնելով` կանաչ ճանապարհ էր տվել գործարքին, սկսվել էր նոր հեծանվահրապարակի շինարարությունը:
Նոր հեծանվահրապարակն ունենալու է 250 մ երկարությամբ շրջագիծ: Վազքուղու լայնությունը 7 մ է: Տարածքում լինելու են հեծանվահրապարակին պատկանող կառույցներ: Սարքավորվելու են նախամուտք, մարզիկների և մարզիչների առանձին հանդերձարաններ, ցնցուղարաններ, երկու մարզասրահ, հեծանիվներ պահելու, նորոգելու սենյակներ, բուժկետ, գրասենյակներ, նիստերի անցկացման դահլիճ, ճաշարան, հասարակական սանհանգույցներ, ավտոկանգառ` 240 ավտոմեքենայի համար: Հեծանվահրապարակը նախատեսվում է 3200 հանդիսատեսի համար և համապատասախանելու է միջազգային չափանիշներին: Հավաստիացնում են, որ նոր մարզաբազայում հնարավոր կլինի ոչ միայն մարզական, այլև տարբեր տիպի միջոցառումներ կազմակերպել:
Թվում է, թե ամեն ինչ պարզից էլ պարզ է: Սակայն վերջերս հրապարակավ հայտարարվեց, որ Երևանի ներկայիս քաղաքապետ Կարեն Կարապետյանն այն կարծիքին է, որ նախընտրելի է հին հեծանվահրապարակը բարեկարգել և ավելի նպատակային օգտագործել: Եթե նման բան արվի, ապա Հայաստանի մայրաքաղաքը, փաստորեն, երկու հեծանվահրապարակ կունենա, քանի որ նոր հեծանվահրապարակը գրեթե պատրաստ է:
Ինչ խոսք, լավագույն տարբերակը կլիներ այն, որ Երևանի հեծանվահրապարակը մնար տեղում, այն վերանորոգվեր և շարունակեր ծառայել իր նպատակին: Ընդ որում, նոր կառույցների համար էլ պայմաններ կան, քանի որ հեծանվահրապարակը կից ազատ տարածքներ ունի: Բայց քանի որ արդեն պայմանագիր է կնքված «Ռենկո» ընկերության հետ, ապա հակասական իրավիճակ է ստեղծվել:
Տարակուսանքը փարատելու համար փորձեցինք պարզաբանում ստանալ «Հայաստան» մարզական միության հանրապետական խորհրդի նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանից:
Հեծանվահարապարակը փաստացի պատկանում է «Հայաստան» մարզական միությանը: Նա հայտնեց, որ այդ մասին հեռուստատեսությամբ հայտարարվել է, սակայն առանց հիմնավորման: Մինչդեռ իտալական կազմակերպության հետ համապատասխան պայմանավորվածություն կա, և դրա հիման վրա է նոր հեծանվահրապարակը կառուցվում: «Հեծանվահրապարակի տեղում պետք է լինի պետության գերակա շահերին նպաստող կառույց: Իսկ հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ ռուսական «Իտեռա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Մակարովը, որ նաև Եվրոպայի հեծանվային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահն է, վերջերս Երևան էր այցելել` ներդրումային մի շարք ծրագրեր իրականացնելու առիթով, և խոսք է բացվել հին հեծանվահրապարակը վերանորոգելու մասին: Այդուհանդերձ, հավանականությունը մեծ չէ, որ դա կարվի: Բանն այն է, որ Երևանի համար երկու հեծանվահրապարակը շատ է, այդքան մարզվողներ չկան»,- ասաց Ստեփանյանը:
Հետաքրքիր է նաև, թե նոր հեծանվահրապարակը կառուցողները կատարո՞ւմ են պայմանագրային պարտականությունները, խնդիրներ չե՞ն առաջանում: Ստեփանյանը պարզաբանեց, որ առայժմ այդ առումով դժգոհություններ չկան, սակայն մի խնդիր կա: Պայմանագրով նախատեսված է, որ նոր հեծանվահրապարակի վազքուղին պետք է պատրաստված լինի փայտից: Բայց այն հանգամանքը, որ հեծանվահրապարակն ամբողջական ծածկ չի ունենալու, մտորումների տեղիք է տվել: Եվ որպեսզի վազքուղին ավելի պաշտպանված լինի տեղումներից, շարքից արագորեն դուրս չգա, առաջարկվել է, որ այն բետոնե լինի: Ի դեպ, փայտե վազքուղի սարքավորելու համար հատուկ փայտանյութ է պահանջվում: Ընդ որում, ամեն բան պետք է արվի հատուկ տեխնոլոգիայով, որպեսզի հետագայում բարդություններ չառաջանան: Եթե նոր ներդրողներ ի հայտ գան և հեծանվահրապարակն ամբողջական ծածկով սարքավորվի, չի բացառվում, որ վազքուղին փայտից կառուցվի: Այդ է պատճառը, որ այս մասին ներկայումս քննարկումները շարունակվում են: Իսկ թե ինչ ապագա է ունենալու հին հեծանվահրապարակը, ժամանակը ցույց կտա:






Facebook
Tweet This
Email This Post
