Հայաստանից` լավագույններից լավագույնները

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | May 21, 2011 7:00

Հայաստանի ներկայացուցիչները  կարողությունները կփորձեն Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի արվարձանում կազմակերպվելիք ռուսական հեռարձակումներից հայտնի «Մեծ մրցավազք» շոուին: Պատասխանատվությունը մեծ է, քանի որ 12 երկրների պատվիրակներ են հանդես գալու` Թուրքիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Մարոկկոյի, Հունաստանի և այլն: Բոլոր մասնակից երկրների անուններն առաջիկայում հստակեցվելու են: Թիմերը տեղաբաշխվելու են  տարբեր խմբերում: Իսկ վերջնական ամեն ինչ պարզվելու է վիճակահանությունից հետո:

Հայաստանից մրցումներին մասնակցելու համար ընտրվել են  լավագույններից լավագույնները: Հիմնականում հանրածանոթ մարզիկներ են, կան նաև հեռտուստաեթերից հայտնի անձինք: Ամեն օր մրցումներին մասնակցելու է 15 մարդ: Սակայն Ֆրանսիա կուղևորվի երկու տասնյակից ավելի խաղացող, քանի որ ծանրաբեռնվածությունը մեծ է լինելու, և թիմակիցները փոխարինելու են իրար: Մրցումների համար 13 օր է նախատեսված: Ամեն օր անցկացվելու է 6 խաղ: Դրանք տարաբնույթ են լինելու` փակ տարածքում պայքար կատաղած ցուլի հետ, տարբեր տիպի, նաև ջրային արգելքների հաղթահարում և այլն:

Ճանաչում գտած այս շոուին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության մտահղացումը լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանինն է: Ընդառաջ քայլ է կատարել հայկական երկրորդ հեռուստաալիքը: Այնպես որ մրցումները նկարահանվելու և սեպտեմբերին  ցուցադրվելու են:

Առայժմ միայն նախնական որոշում է կայացվել, թե ով որ մրցաձևում պետք է հանդես գա: Բանն այն է, որ Հայաստանի պատվիրակությունը մրցավայր է ժամանելու մեկնարկից մեկ օր շուտ, որպեսզի տեղում նախապատրաստվի և մարզումներ անցկացնի: Այնպես որ, վերջնականապես բոլոր հարցերը պետք է լուծվեն Ֆրանսիայում: Ի դեպ, մասնակիցներն էլ մանրամասները փորձում են գաղտնի պահել, որպեսզի անակնկալ լինի, ամեն բան ավելի հետաքրքիր դառնա: Հայաստանի պատվիրակությունը Ֆրանսիա է մեկնելու մայիսի 23-ին: Իսկ խաղերը սկսվելու են մայիսի 24-ից և շարունակվելու են մինչև հունիսի 8-ը:

Մեր երկրի հավաքականին աջակցել է, հանդերձանք տրամադրելու հարցում պատրաստակամություն է հայտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը: Իսկ մեր թիմի կազմում մրցելույթ կունենան պրոֆեսիոնալ հանրածանոթ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը,  օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ըմբիշ Արմեն Նազարյանը, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը, օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնության մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Ռոման Ամոյանը,  Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ըմբիշ Կարեն Մնացականյանը, Գինեսի ռեկորդակիր, մարմնամարզիկ Դավիթ Ֆահրադյանը, մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Դավիթ Ավետիսյանը, Գագիկ Վանոյանը, մարմնամարզուհի Լիանա Կոբալյանը, ֆուտբոլիստ Արմեն Պետիկյանը, բասկետբոլիստուհի Հասմիկ Միքայելյանը, սամբոյի աշխարհի չեմպիոնուհի Արևիկ Կարապետյանը, աշխարհի առաջնության մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր, հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը: Ի դեպ, թեև հավաքականը թարգմանիչ է ունենալու, սակայն բոլորի հույսն այն է, որ կնճռտ հարցերը կկարգավորի Էմմիյանը: Ռոբերտը Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահն է, սակայն  տևական ժամանակ բնակվում է  և աշխատում է Ֆրանսիայում, փայլուն տիրապետում է ֆրանսերենին, գլխավորը` այդ երկրում մեծ հեղինակություն ունի:

Ինչ խոսք, բոլոր  մարզիկներն էլ ֆիզիկական լավ պատրաստականություն ունեն: Ինքնին հարց կարող է առաջանալ, թե նրանց միացողներն իրենց ֆիզիկական կարողություններով շա՞տ են զիջելու:  Պարզվում է, որ ընտրությունը կատարելուց առաջ  բոլորն էլ ֆիզիկական պատրաստականության թեստեր են հանձնել: Թեկնածուների թիվը մի քանի տասնյակ է եղել, և ընտրվել են արժանավորները: Այսինքն` զբոսաշրջիկի կարգավիճակով մեկնողներ չեն լինելու:

Նախկինում Հայաստանի հեռուստադիտողները մեր երկրի ներկայացուցիչներին տեսել են Ֆրանսիայում կազմակերպված մեկ այլ` «Ֆորտ բոյար» խաղում: Սակայն նոր շոու միջոցառումը նախորդից տարբերվելու է: Դժվար է ասել, թե երկու խաղերից որն է ավելի բարդ: Նոր խաղի էական տարբերությունն այն է, որ մրցակիցներ են լինելու: Այսինքն` շոուն բացարձակապես մարզական է: Դրանով է բացատրվում, որ փորձ է արվել ուժեղ հավաքական ստեղծել: Մյուս կողմից` ակնհայտ է, որ մրցումները լարված  բնույթ են ունենալու, և չպետք է բացառել, որ խաղացողներն ապահովագրված չեն վնասվածքներ ստանալու վտանգից: Մինչդեռ թիմի կազմում են գործող մարզիկներ, ովքեր այս տարի պատասխանատու մեկնարկների պետք է մասնակցեն: Մասնավորապես, ցանկալի չէ,  որ Վիկ Դարչինյանը կատաղած ցուլի հետ պայքարում հարված ստանա, կամ Ռոման Ամոյանը տուժածի կարգավիճակում հայտնվի:

Անցանկալի միջադեպերից խուսափելու, ապահով լինելու համար գործող մարզիկներին թույլ չեն տալու վտանգավոր մեկնարկների մասնակցել: Իսկ որպես գաղտնիք տեղեկացրին` նախատեսվում է, որ կատաղած ցուլի դեմ պայքարելու է Վաղինակ Գալստյանը: Ի դեպ, ցուլի կոտոշներին ռետին է ամրացված լինելու: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ հարվածն անվտանգ է:

«Ֆորտ բոյար» խաղից հայտնի Արևիկ Կարապետյանը պատրաստվում է ուժային մրցումների մասնակցել: Նա նախորդ անգամ ամենից դժվարին արգելքն էր հաղթահարել` բարձրացել էր 25 մ բարձություն ունեցող պատը: Կարապետյանից առաջ դա հաջողվել է անել միայն տարբեր երկրների  3 ներկայացուցչի: Արևիկն ասաց, որ անսպասելի չէր,որ նոր հրավեր է ստացել: Այժմ նա ծանրաբեռնված պարապմունքներ է անցկացնում: «Մեր խումբը շաբաթը 3 օր մարզվում է «Ակվատեկում» և Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության դպրոցում: Բացի այդ, սեփական նախաձեռնությամբ 3 օր պարապում եմ սամբոյի և ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոցում: Ինձ օգնում է մարզիչս` Վարդան Խուգեյանը: Ինքս պատրաստվում եմ բոլոր փորձություններին: Այնպես որ ինչ հանձնարարություն էլ տրվի, կաշխատեմ պատվով դուրս գալ: Ընդ որում, մրցակից բոլոր թիմերի կազմերում էլ մարզիկներ են ընդգրկվելու, և հաղթելն այնքան էլ հեշտ չի լինելու: Ընդհանրապես մրցումների ծանր ծրագիր է, ավելի բարդ, քան նախորդ խաղի ժամանակ էր»,- ասաց Կարապետյանը:

 

 

Դիտվել է 2628 անգամ:
Print Friendly

Leave a Reply