Ջոն Դեվիսոն Ռոքֆելլեր

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 24, 2011 15:00

Նյու Յորք նահանգի Ռիչֆորդ ֆերմայում 1839-ի հուլիսի 8-ին ծնվեց Ջոն Դեվիսոն Ռոքֆելլերը` աստվածավախ, խելացի, նպատակաուղղված ու աշխատասեր մի տղա: 1839-ին ընտանիքը տեղափոխվեց Քլիվլենդ: Իսկ երկու տարի անց Ջոնը տեղավորվեց «Հյու Թաթլ» ընկերությունում որպես  գրագիր. ընկերությունը զբաղվում էր ծովային փոխադրումներով ու անշարժ գույքով:

Նա հրաշալի ընդունակություններ ուներ մաթեմատիկայից, ինչի շնորհիվ էլ շուտով դարձավ ընկերության հաշվապահը:  Արդեն 18 տարեկանում  նա «Կլարկ ու Ռոչեսթր» առևտրի տան կրտսեր  գործընկերներից էր: Մորիս Կլարկի առևտրի տունը զբաղվում էր հացահատիկի, խոտի ու մսի  առևտրով: 1863-ին, երբ 24 տարեկան էր, գործընկերների հետ  կառուցեց  առաջին վերամշակման գործարանը: Այն Քլիվլենդից այնքան էլ հեռու չէր:

Շուտով ամուսնացավ Լորա Սփելմանի հետ, ում ճանաչում էր ուսանողական տարիներից: Լորան էլ ամուսնու նման աստվածավախ էր: Նա ուսուցչուհի էր ու պրակտիկ խելքով օժտված կին: Ռոքֆելլերն իր բարեկամ  ու գործընկեր Հենրի Ֆլագռելի հետ կենտրոնացրեց նավթարդյունահանող ու նավթամշակող ձեռնարկությունները մեկ ընդհանուր տրեստի` «Ստանդարտ օյլի» մեջ:  Այդ մրցակցությանը հակառակորդները չդիմացան: Նրանք երկու ելք ունեին. կա՛մ պետք է միանային Ռոքֆելլերին, կա՛մ էլ սնանկանային: Ընկերությունը  ողջ Ամերիկայի նավթարդյունաբերության 95 %-ի վրա վերահսկողություն ուներ:

1911-ին նրան հաջողվեց շրջանցել Շերմանի հակատրեստային օրենքը, որն ընդունվել էր 1890-ին: Այդ օրենքն ուղղված էր մոնոպոլիաների դեմ:   Օրենքը հաջողվեց շրջանցել, սակայն «Ստանդարտ օյլ» տրեստը մասնատվեց 34 ընկերության: Ռոքֆելլերի անունը նույնացվում էր հարստության հետ: Նա Ամերիկայի մի քանի նահանգներում տներ ուներ, մի քանի վիլլաներ, հողատարածքներ, Նյու Ջերսիում` գոլֆի անձնական տարածք, բայց ամենից շատ սիրում էր Նյու Յորքի մերձակայքում գտնվող  «Փոքանտիկո հիլլզ»  վիլլան: Ռոքֆելլերն առատաձեռն գործարար էր, քրիստոնյա ու դրանով շատ էր հպարտանում. իր եկամտի 10%-ը տալիս էր եկեղեցուն:

1897-ին նա ավելի ու ավելի շատ է զբաղվում բարեգործությամբ, իսկ ընկերության կառավարումը վստահում է տաղանդավոր գործընկերներին: Նրա մասնակցությամբ 1892-ին հիմնվել է Չիկագոյի համալսարանը, 1901-ին` բժշկական ինստիտուտ, որն ավելի ուշ  անվանվեց  Ռոքֆելլերի անունով: Մեկ տարի անց նա կազմավորեց Հանրակրթության խորհուրդը: 1913-ին ստեղծեց Ռոքֆելլեր հիմնադրամը:

Ռոքֆելլերը մահացել է 1937-ի մայիսի 23-ին, 98 տարեկանում ու իր  վախճանի պահին  ավելի հայտնի էր  որպես բարերար, քան որպես գործարար: Իր կյանքի ավարտին նա ավելի քան կես միլիարդ դոլար է բաժանել բարեգործական  նպատակներով, չնայած դրան, միակ որդին` Ջոն Ռոքֆելլեր- կրտսերը ժառանգեց 460 մլն դոլար: Կրտսեր Ռոքֆելլերը նույնպես հայտնի է բարեգործություններով: Նրա շնորհիվ է կառուցվել ՄԱԿ-ի գրասենյակը Նյու Յորքում,  որի շինարարության համար  նվիրաբերել է 9 մլն դոլար: Բացի այդ, նա Նյու Յորքում կառուցել է  Ռոքֆելլեր արդյունաբերության կենտրոնը: Կրտսեր Ռոքֆելլերն իր 6 երեխաներին  թողել է  240 մլն դոլար:

 

Դիտվել է 2921 անգամ:
Print Friendly

Leave a Reply