«Ես առաջին սևամորթ նախագահն եմ, որի անունը Բարաք Օբամա է»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 22, 2011 15:00

Ամերիկայի  44-րդ նախագահն անսովոր է ամեն ինչով: Նրբաճաշակ, հավակնոտ, երիտասարդ, սևամորթ, տեխնասեր և… Բարաք:

Բայց որ սևամորթ ամերիկացին վաղ թե ուշ կզբաղեցնի Սպիտակ տան աթոռը, ամերիկացիները վաղուց էին սպասում, ավելին, չէին էլ կասկածում: Բավական է միայն դիտել վերջին երկու տասնամյակում նկարահանված  ֆանտաստիկ մարտաֆիլմերը: Գրեթե յուրաքանչյուրում  առկա է այս գաղափարը` սևամորթ նախագահ: Այսօր արդեն այդ ֆանտաստիկան սովորական իրականություն է:

Ի՞նչ է նշանակում  իրեն ամենազորեղ կարծող երկրի  44-րդ նախագահի անունը, բնիկ որտեղի՞ց է:

«Ես քրիստոնյա եմ, իմ հայրը  եկել է Քենիայից, մանկությունս անցել է Ինդոնեզիայում»,- 2009-ի հունիսի 4-ին իր մասին ասել է Բարաք Օբաման: Քենիայի մշակույթը հեռավոր աղերսներ ունի սուֆիզմի հետ:  Բառացի «բարաք» սուֆիզմում նշանակում է «Աստծո շնորհ»: Քենիայում  այս անունն են տալիս երեխաներին, որպեսզի նրանք լինեն Աստծո հովանու ներքո: Որպեսզի և՛ նրանց կյանքը դասավորվի,  և՛ հաջողությունը կողքով չանցնի: Ահա  և հաջողությունը շարունակում է ժպտալ: Նախագահի հայրը քենիացի ուսանող է եղել, որ իր հայրենիքում ոչխար էր արածեցնում ու սովորում: «Դժվարին աշխատանքի ու նպատակաուղղվածության շնորհիվ, հայրս ստացել է թոշակ, կախարդական վայրում` Ամերիկայում  ուսանելու համար, որը ազատության ու մեծ հնարավորույթունների փարոս էր բոլոր  նրանց համար, ովքեր առաջներում եկել են այստեղ» (Բարաք Օբամա):

Մայրը մարդաբանության գիտությունների թեկնածու է: Իր  մասնագիտությամբ աշխատել է Ինդոնեզիայում, ապա Հավայան կղզիներում, որտեղ էլ ծնվել է ապագա 44-րդ նախագահը (այսօր բազմաթիվ կասկածներ են հնչում  Օբամայի ծննդավայրի կապակցությամբ): Մոր երակներով   իռլանդական, անգլիական, շոտլանդական ու ֆրանսիական արյուն է հոսում: Նա  ծնվել է Կանզասում:

Տանը տղային երբեք Բարաք չեն կոչել, ընտանիքն ու ընկերները նրան ամերիկյան տարբերակով Բերրի  էին կոչում: Իսկ Ջորջ Բուշը նրա հեռավոր ազգականն է: Հայրը` Հարվարդի համալսարանի քենիացի նախկին աղքատ ուսանողն ու գիտնական մայրը բաժանվեցին: Երբ Բարաքը 6 տարեկան էր,  մայրն ամուսնացավ ինդոնեզացու հետ: Նոր ընտանիքը տեղափոխվեց Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտա ու թվաց, թե ավարտվեց ամերիկյան երազանքը: Բայց պարզվում է` ոչ: Բարաքը վերադառնում է Հավայան կղզիներ ու ապրելով տատ ու պապի հետ` ավարտում է ամերիկյան դպրոցը և ընդունվում Կոլումբիայի համալսարան:

Նա  ինքնուրույն կյանք սկսեց որպես  Չիկագոյի աղքատ շրջանների աֆրիկյան եկեղեցիների կազմակերպիչ, ապա դարձավ առաջին սևամորթ նախագահը: Ոչ, դեռ ոչ Ամերիկայի, այլ «Հարվարդ լավ ռեվյու» հրատարակության: Ընդամենը 4 տարվա ընթացքում նա կարողացավ հաղթահարել հասարակ սենատորից (ընտրվել է 2004-ին) մինչև նախագահ (2008) ձգվող ուղին` չնայած երիտասարդ տարիքին, սև մաշկին, Բարաք անվանն ու «քաղաքական իմիջի» այլ թերություններին: Իսկ այժմ դժվարին ժամանակներ են նախագահի կյանքում: Սակայն «աստվածաշնորհ» նախագահի համար դրանք մանրուքներ են… Օբաման  փորձում է  արդարացնել ամերիկացու հույսերը: Եվ ոչ միայն երկրի ներսում: Ահա նա սեղմում է Ուգո Չավեսի` ամերիկյան իմպերիալիզմի դեմ պայքարող մարտիկի ձեռքը: Այդ հանդիպման ժամանակ Օբաման արտահայտում է  Կուբայի հետ հաշտվելու ցանկություն: Ի դեպ, նախկին նախագահներն անգամ վախենում էին այդ մասին բարձրաձայն խոսել:

«Ես սիրում եմ այս երկիրը» հայտարարությամբ իր ճերմակատամ ժպիտով ողջունելով  հիացած կանադացիներին` Օբաման կարողացավ կրկին սեր բորբոքել Կանադայի քաղաքացիների սրտերում, որոնք միշտ էլ չեն սիրել հարավի հարևաններին:

Ինչ որ է, նա է նախագահը ու սխալվելու պարագայում կասեն. «Նա օտար է  սպիտակների մեջ ու ոչ այնքան յուրային աֆրոամերիկացիների մեջ»:   Իսկ սպիտակներն, իհարկե, առաջին իսկ անհաջողությունից իսկույն կհիշեն` նա սևամորթ է:

 

Դիտվել է 1653 անգամ:
Print Friendly

Leave a Reply