«Մնացել ենք մենք ու Աստված»,- ասում է գյուղացին, իսկ «դեմքով դեպի գյուղացին կանգնած» գյուղնախարարությունն անհասանելի է
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | Հայկուհի Բարսեղյան | May 23, 2011 5:23Քարակերտցի Խաչիկ Շավոյանը ամեն օր այգի է գնում ու վախով սպասում ամառային արևադարձին, երբ, ըստ մասնագետների, նրա 140 ծիրանենիները պետք է չորանան. «Հավես էլ չի մնացել: Առաջ մեծ եռանդով էի մշակում, հիմա էդ էլ չի մնացել»:
Շավոյանի մեկ հա այգին, անցած տարի սեպտեմբերից սկսած, ենթարկվել է մկնանման կրծողների հարձակումներին: Մկները չեն խնայել և ոչ մի ծառ` կրծելով բոլորի բները: «Արմատից դեպի ցողուններ սնուցում չի գնում, խորը էտն էլ չօգնեց: Ծառերը հիմա կանաչել են, բայց մինչև հունիսի 22-ը լրիվ կչորանան: Պիտի փորեմ արմատները հանեմ, հետո էլ տրակտորով հեռացնեմ այգուց: Եկամուտը գնաց կորավ, մնացել ենք մենք ու վերևում Աստված»,- ասում է Շավոյանը:
18 տարվա այգեգործն առաջին անգամ է ականատես դարձել նման արհավիրքի. «Կենսաբանական զենք էր երևի, որովհետև նման բան ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել: Գյուղատնտեսն էլ էր շվարել: Սկզբում կարծում էինք, թե նապաստակներ են, բայց երբ բռնեցինք, պարզվեց մեծ մկներ են»:
Մկների դեմ պայքարելու համար տարածքն անցած տարի թունաքիմիկատներով 3 անգամ և այս տարի մեկ անգամ մշակել են. «Թույնը չէր ազդում մկների վրա: Սովետից մնացած թույն ունեի պահած, դա օգտագործեցի, էլ դրանից հետո մկներ իմ այգում չեմ տեսել»:
Տասը տարեկան ծառերը կորցնելուց հետո Շավոյանը 25 տոկոսով 200 հազար դրամ վարկ է վերցրել ու 100 հատ նոր ծառ տնկել, որպեսզի հների չորանալուց հետո այգին ամայի տարածքի չվերածվի: «Այս տարվա տնկածներից էլ են ուտում, բարակ շիվերի մի մասը կրծել են: Մկները չեն հարցնում, թե վարկով տնկված ծառ է, ինչ է, ուտում, առաջ են անցնում»,- ասում է Շավոյանը և հավելում, որ նորատունկ ծառերը նաև գողանում են. 34 շիվ արդեն տարել են:
Հարցին, թե ինչպես պետք է առանց եկամտի վարկը փակի և ընտանիքը պահի, Շավոյանը պատասխանում է. «Կաշիներս քերթելով պիտի փակենք, թե չէ տոկոսները կավելացնեն, ավելի շատ պիտի վճարենք: Մի կով ու մոզի ունեմ, պիտի մոզին մորթեմ վաճառեմ, որ բանկի գումարը վճարեմ: Ամբողջ տարին դատեմ-բանեմ, որ պարտքերս փակեմ»:
Այգեգործի խոսքով` գյուղացին միայն հողի հույսին մնալով չի կարող ապրել, լրացուցիչ աշխատանք է հարկավոր: Օրինակ` ինքը և իր կինը մանկավարժներ են և ընտանիքը պահում են աշխատավարձով, ոչ թե հողից ստացած եկամտով:
Նույնն է փաստում նաև Քարակերտի 47-ամյա բնակիչ Ռաֆիկ Մանուկյանը. «Հող մշակելով ապրելը դժվար է, բնության հետ պայմանագիր չես կնքի, սկսեցիր ու վերջ: Գյուղացին որքան էլ հող մշակի, պետք է նաև այլ աշխատանք և աշխատավարձ ունենա: Հիմա մասսայական հողերը վաճառում են: Գնորդները հիմնականում Երևանից են` խոշոր հողատերերը, որոնք հարյուրավոր հա ունեն»:
Մանուկյան եղբայրներն ավելի վճռական են տրամադրված. խորը էտել են ծիրանենիները` թողնելով միայն բունն ու հիմնական ցողունները և հույս ունեն, որ 7 տարեկան ծառերը կկարողանան փրկել: Եղբայրները 15 հա հողատարածք ունեն, որտեղ մշակում են ծիրանենի, խաղող, հացահատիկ, առվույտ, բանջարաբոստանային մշակաբույսեր: 8 հա այգիները տուժել են կրծողներից:
Գյուղնախարարության մասնագետները մարտին գյուղնախարար Սերգո Կարապետյանի և այլ պաշտոնյաների այցից հետո գյուղ են եկել ու բնակիչներին սովորեցրել կամրջապատվաստ անել` ծառերը փրկելու հույսով:

Ռաֆիկ Մանուկյան.«Եթե գյուղատնտեսները աշնանը գային և խորհրդատվություն տային, հնարավոր կլիներ փրկել այգիների հիմնական մասը»
Դեռ աշնանը քարակերտցիները փորձել են կամրջապատվաստ անելու մեթոդը սովորել և փրկել իրենց ունեցվածքը, բայց ապարդյուն, ո՛չ մասնագետ են գտել, որ իրենց սովորեցներ, ո՛չ էլ համացանցում են մատչելի տեղեկություն գտել: «Ո՞ւր էին այն ժամանակ գյուղնախարարությունը և պաշտոնյաները, եթե այն ժամանակ գյուղացու կողքին կանգնեին, խնդիրներն այսքան շատ չէին լինի,- ասում է Ռաֆիկը:- Պաշտոնյաները այցելությունները կարծես պտիչկա դնելու նպատակով կատարեն, ինչ որ պետք է` չեն անում: Լրատվամիջոցները հանգամանորեն լուսաբանում են պաշտոնյաների այցելությունները, բայց արդյունք չկա: Գյուղացիներից մեկը գիտի` ինչ է կամրջապատվաստը, հազարն էլ չգիտեն: Այցելությունների փոխարեն ավելի լավ է նման բաներ բացատրեն: Եթե գյուղատնտեսները աշնանը գային և խորհուրդ տային, հնարավոր կլիներ փրկել այգիների հիմնական մասը»:
Թե ուր էին աշնանը գյուղնախարարության մասնագետները, ճշտել չհաջողվեց. գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Վահագն Մարտիրոսյանն «Անկախի» հետ զրույցում նշեց, որ իրենք «չեն հրաժարվում տեղեկատվությունից», պարզապես «հարցերին իրավասու է պատասխանել միայն փոխնախարար Սամվել Գալստյանը, որ տեղում չէ»: Քանի որ, ըստ Մարտիրոսյանի, ինքը «իրավասու չէ պարտադրել Գալստյանին ինֆորմացիա տալ», միակ լուծումը գրավոր հարցումն է:
Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսությունների և բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը, ավելի վաղ կայացած ասուլիսում նշել է (ըստ Մարտիրոսյանի` Մանուչարյանն իրավասու չէ ինֆորմացիա տրամադրելու), որ կրծողների թվի մեծացումը պայմանավորված է մի շարք պատճառներով. ներկայում ֆինանսական ինչ-ինչ պատճառներով դադարեցվել են նախկինում կիրառվող երկու միջոցները` ցրտահերկն ու այգիների ջրումը: 25-30 տարի առաջ գյուղացիական տնտեսություններում կատարվում էր ցրտահերկ. դա ձյան կայուն ծածկույթի առաջացումից առաջ գյուղացիական տնտեսություններում կատարվող խորը վարն է, որը զրկում է կրծողներին բնից ու կերից, ինչն այժմ չի կատարվում դիզվառելիքի թանկության պատճառով: Տերևաթափից 10 օր հետո այգիները ջրելը նույնպես Մանուչարյանը կրծողների դեմ պայքարում գործուն մեթոդ է համարում:
Քարակերտի բնակիչները, սակայն, նշում են, որ անցած տարի ոռոգման սեզոնը շուտ է ավարտվել, քանի որ ոռոգման ցանցի վրա աշխատանքներ են իրականացվել. «Ամենավերջին ջուրը ես եմ օգտագործել` հոկտեմբերի վերջերին»,- ասում է Շավոյանը:
2010-ին շուրջ 140 հազար հեկտարի վրա կրծողների դեմ պայքար է կազմակերպվել գյուղացիական տնտեսությունների միջոցով. թունաքիմիկատը հատկացվել է ֆերմերներին, այդ նպատակի համար օգտագործվել է 17 100 կգ ցինկի ֆոսֆիտ տեսակի թունանյութ: Կենտրոնացված պայքար է իրականացվել 300 հա ընդհանուր օգտագործման տարածքներում` խոտհարքներում, արոտավայրերում:
Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Մանուկյանի խոսքով` փետրվարի 10-ից սկսած` կրծողների տարածվածության մոնիթորինգ են իրականացրել հանրապետության 52 հազար հա հողատարածքների վրա, մինչև տարեվերջ պետք է ուսումնասիրեն մոտ 130 հազար հա տարածք: Ըստ տվյալների` մկների տարածվածության ցուցանիշը տարբեր է` որոշ վայրերում բարձր է, որոշ վայրերում էլ ցածր:
Մինչ կրծողների «արհավիրքային հարձակումը» 1 հա-ի վրա կրծողների բների քանակը տատանվում էր 1200-3000 սահմաններում:
Մանուչարյանը նշում է, որ կրծողների դեմ պայքարն արդյունավետ է, եթե պայքարում են միաժամանակ բոլոր հարևան դաշտերում, հակառակ դեպքում թունանյութի ազդեցության վերացումից հետո վտանգ կա, որ հարևան դաշտերից մկնանման կրծողները նորից տարածք կթափանցեն: Նույն կարծիքին է նաև Ագրարային համալսարանի ագրոնոմիայի ֆակուլտետի դասախոս Արայիկ Նազարյանը. եթե պայքարը կենտրոնացված եղանակով և ճիշտ ժամանակին չկատարվի, անհրաժեշտ արդյունք չի լինի: Նազարյանը նշում է, որ չկա նաև կրծողների թույլատրելի, նվազագույն թվաքանակ. անգամ մի քանի կրծողները կարող են արագ բազմանալ ու աղետալի վիճակ ստեղծել: Այդ իսկ պատճառով մշտական կենտրոնացված պայքար է հարկավոր` կրծողների թվաքանակը վերահսկելու համար:
Մասնագետները նշում են, մկնանման կրծողների ոչնչացման համար կարելի է թունանյութ պատրաստել հետևյալ կերպ. 5 կգ ցորենին կամ գարուն ավելացնել 125 գ ցինկի ֆոսֆիտ թունանյութ և 140-150 գ ձեթ: Ստացված բուժանյութը պետք է տարածել մեկ հեկտարի վրա:








Facebook
Tweet This
Email This Post
