Անցյալ ընտրությունների հետևանքը` որոշիչ գործոն նոր ընտրությունների համար. մարտի 1

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 19, 2011 13:19

Մի քանի օր առաջ «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության  նախագահ Սերժ  Սարգսյանը, անկախությունից հետո պետության ձեռքբերումներին վերաբերող հարցին ի պատասխան, հայտարարեց, թե ամենակարևոր ձեռքբերումը մեր երկրում կայունության պահպանումն է: Խոսեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և այդ հարցում Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի ցուցաբերած անվերապահ վստահության, երկրաշարժի ու պատերազմի պատճառով անօթևան մնացած ու փախստական դարձած մարդկանց անվտանգությունն ապահովելու, նրանց առաջին անհրաժեշտության  ապրանքներ մատակարարելու, ինչպես նաև էներգաապահովման խնդիրների մասին և ևս մեկ անգամ շեշտեց, որ «ամենամեծ ձեռքբերումը հենց  այն էր, որ մենք կարողացանք ապահովել կայունությունը»:

Ըստ էության` խոսքն անկախության առաջին տարիների կամ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների մասին է: Եվ այս խոսքերը, որ ավելի շատ նման էին Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված ժեստի, առաջին նախագահի իշխանության տարիների վերաբերյալ նոր դրական մեկնաբանություն էր, ինչը երբեք չի եղել ինչպես այս, այնպես էլ նախկին իշխանությունների կողմից: Նկատենք, որ Սերժ Սարգսյանը ոչ մի խոսք չասաց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների մասին, որոնք իշխանական քարոզչամեքենան միշտ էլ ներկայացրել է որպես երկնիշ տնտեսական աճի տարիներ: Սակայն այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը մոռացավ խոսել այդ մասին` համարելով, որ տնտեսական առաջընթացը պետության կայունության հարցում կարևոր չէ:

Այդ «մոռացությունը» շատ ուղղակի արձագանք է մի քանի օր առաջ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի` իր ու ներկայիս իշխանությունների տնտեսական քաղաքականության համեմատություններին: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր նախագահության շրջանը խիստ առանձնանում է  մարդկանց կյանքի որակի դրական փոփոխություններով,  մինչդեռ վերջին  տարիներին մարդկանց կենսամակարդակը զգալի անկում է ապրել: Ռոբերտ Քոչարյանը համոզմունք հայտնեց նաև, որ հենց այս հանգամանքը որոշ  քաղաքական գործիչների հանգիստ չի տալիս, այդ իսկ պատճառով էլ ծնվում են «այն տարիների ձեռքբերումների նվաստացման և այդ ձեռքբերումները վերացական, մեզանից կախում չունեցող համաշխարհային գործընթացներին վերագրելու սին փորձերը»:

Եվ այսպես, Հայաստանի քաղաքական դաշտում աստիճանաբար լուրջ վերափոխումներ են տեղի ունենում, երբ պայքարն ու կոնֆլիկտը ՀԱԿ-իշխանության դաշտից հետզհետե տեղափոխվում է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հարթություն: Սերժ Սարգսյանն ամեն կերպ փորձում է թույլ չտալ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը և դա անում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ երկխոսության գնալու միջոցով: Սերժ Սարգսյանն իր վերոհիշյալ հարցազրույցում հայտարարեց. «Ղեկավարների մոտ միշտ կա նախորդներին քննադատելու գայթակղություն: …Ես երկիրը ղեկավարում եմ 2008 թվականից և առաջին իսկ օրվանից խուսափել եմ նմանատիպ մոտեցումից: Քննադատել նախորդներին` նշանակում է սեփական ուսերից պատասխանատվությունը գցել ուրիշների ուսերին: Դա ճիշտ չէ: Ես շնորհակալ եմ և՛  իմ նախորդներին, և՛ բոլոր այն մարդկանց, ովքեր ինչ-որ լավ բան են արել Հայաստանի համար»:

Եվ իսկապես, Սերժ Սարգսյանը միշտ էլ իր ավելի զուսպ մեկնաբանություններով տարբերվել է նախկին երկու նախագահներից: Սակայն հարցն այն է, որ զուտ արտահայտչաձևը դեռևս ոչինչ չի նշանակում: Սերժ Սարգսյանը պատրաստվում է օգտագործել ավելի լուրջ խաղաթուղթ նախկին երկու նախագահների հետ իր հարաբերությունները կառուցելու համար: Խոսքը մարտի 1-ի իրադարձությունների նոր հետաքննություն սկսելու մասին է:

Մարտի 1-ի հետաքննությունը որպես քավության նոխազներ փնտրելու ու նոր իրավիճակ ստեղծելու տարբերակ

Անցյալ ընտրությունների արդյունքում գրանցված այս ողբերգական միջադեպը դառնալու է լակմուսի թուղթ, որը պայմանավորելու է ընտրությունների արդյունքը և քաղաքական-տեղեկատվական դաշտում ուժերի դիրքավորումները: Ընդ որում, սա իշխանության ընտրությունն էր:

Երեք տարի շարունակ իշխանություններն ամեն կերպ փորձում էին մոռացնել տալ այս խնդիրը, երկար պայքարում էին ԵԽԽՎ-ում այս դեպքերի կապակցությամբ կողմնակալ դատավարությունների ու գործողությունների պատճառով ձայնից չզրկվելու և ճնշումները մեղմացնելու համար: Սակայն մի քանի գործոններ միանգամից հանգեցրին այն եզրակացության, որ ընտրություններից հետո ավելի քան ձեռնտու է մարտի 1-ի գործի վերաբացումը: Նախ` դրսից ճնշումները կթուլանան և իշխանությունը ցույց կտա, որ գնում է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով:  Երկրորդ` ընդդիմության ամենակարևոր և մշտապես թմբկահարվող գործիքը կդարձնեն սեփական գործիքը: Երրորդ` ՀԱԿ-ի դիրքորոշումը էապես կմեղմվի: Չորրորդ` կսկսվի մի գործընթաց, որը չի պահանջում արագ պատասխաններ, և սա շատ կարևոր է արտահերթ ընտրությունների թեման հետաձգելու համար (ի դեպ, ՀԱԿ-ը զարմանալիորեն լռում է այն մասին, թե ինչ արդյունքներ է սպասում այս նոր հետաքննությունից և կարծես թե համարում է, որ մարտի 1-ի դեպքերի նոր հետաքննություն սկսելով` իշխանությունն արդեն կատարել է իր պահանջը):  Հինգերորդ` ամենակարևոր խնդիրներից մեկը` կգտնվեն քավության նոխազներ` ըստ քաղաքական առաջնահերթությունների`փակելով այս էջը:

Վերջին կետում խոսքն առաջին հերթին վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Պատահական չէ, որ Ռ.Քոչարյանի պատասխանը շատ չուշացավ, ու նա շատ արագ հայտարարեց, որ արտակարգ դրություն մտցնելու որոշումն ընդունել է վարչապետի (Սերժ Սարգսյան) և Ազգային Ժողովի նախագահի հետ խորհրդակցելուց հետո`փորձելով հիշեցնել Սերժ Սարգսյանին, որ նա` որպես իշխանության առանցքային պաշտոնյա, նույնքան  պատասխանատու է մարտի 1-ի համար: Ընդ որում, սա միջոց էր կանխելու, որ մարտի 1-ի գործի նոր քննությունը տարվի ոչ թե արտակարգ դրություն մտցնելու հարցի սահմանադրականության կամ, ինչպես պնդում է ընդդիմությունը, կրակելու հրաման տվողին բացահայտելու համար, այլ գտնեն կոնկրետ սպանողներին: Քոչարյանի խոսքերով` ոչ ոք մարտական զենք օգտագործելու հրաման չի տվել, և սպանությունները տեղի են ունեցել հանրահավաքից հեռու`այնտեղ, որտեղ ոչ ոք, այդ թվում` ընդդիմությունը, իրավիճակը  չէր կառավարում:

Այս առնչությամբ մի հետաքրքիր նրբություն կա: Մարտի 1-ից անմիջապես հետո էլ իշխանություններն ամեն կերպ փորձում էին այդ հետընտրական իրադարձությունները կապել դեռևս  նախագահի պարտականությունները կատարող Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, որպեսզի Սերժ Սարգսյանը հանդես գա որպես նոր ղեկավար:  Եվ ըստ էության, այն ժամանակ սա համաձայնեցված էր Ռոբերտ Քոչարյանի հետ: Սակայն հիմա իրավիճակը փոխվել է, այս հարցը դարձել է իշխանության վերաբաշխման խնդիր Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև, և բնական է, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ անելու է, որ այս կապակցությամբ միայն իր անունը չշոշափվի: Սակայն, դեռևս հստակ հայտնի չէ, թե ինչ ուղղությամբ կընթանա հետաքննությունը, և ինչ շեշտադրումներ կդրվեն:

Պարզ է միայն, որ  առաջիկայում քաղաքական իրադարձությունները ծավալվելու են մարտի 1-ի խնդրի շուրջ, և այն լինելու է բոլորի ուշադրության կենտրոնում: Արդեն հայտարարվել է, որ գտնվել են նոր վկաներ, դատախազությունն ամեն ամսվա վերջին կազմակերպելու է բաց դռների օր լրագրողներին գործի քննության մանրամասներին ծանոթացնելու համար, անգամ հայտարարվել է, որ կարող են հարցաքննության կանչվել Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը:

Այս գործընթացին հետևում են նաև դրսում. ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգն իր հրապարակած զեկույցում լուրջ քննադատության է ենթարկել իշխանություններին մարտի 1-ի դեպքերի և սպանությունների մեղավորներին չբացահայտելու, դեռևս բանտում պահվող ընդդիմադիրներին ազատ չարձակելու կապակցությամբ, Amnesty international-ը իր զեկույցում քննադատել է Հայաստանի իշխանություններին ցուցարարների նկատմամբ «անհարկի ուժ կիրառելու համար», իսկ Եվրամիությունը ողջունել է Սերժ Սարգսյանի` մարտի 1-ի հետ կապված նոր հետաքննություն սկսելու որոշումը: Եվ, առհասարակ, խիստ ակտիվացել է ամենատարբեր ձևաչափերով միջազգային կառույցների ու նրանց ներկայացուցիչների հետ վերոհիշյալ խնդիրների քննարկումը: Շուտով արդեն հայտնի կլինի, թե առհասարակ ինչ փոփոխությունների է հանգեցնելու մարտի 1-ի խնդիրը քաղաքական դաշտում նոր վերափոխումների առումով:

 

Աստղիկ  ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply