Կաննի օրերի քրոնիկոն

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 19, 2011 13:02

Հայաստանի ազգային կինոկենտրոնը կինոարտադրությունը խթանելու և զարգացնելու նոր ուղիներ է փնտրում

Ամեն տարի մայիսին Ֆրանսիայի Կանն քաղաքում  հավաքվում  են աշխարհի տարբեր անկյուններում ապրող և ստեղծագործող կինոգործիչներն ու կինոարդյունաբերության ղեկավարները` փորձելով նոր ուղիներ ու մեխանիզմներ գտնել իսկական կինոն ապրեցնելու և  տարածելու համար: Հայաստանի ազգային կինոկենտրոնն արդեն երրորդ անգամ է մասնակցում   աշխարհի այդ ամենահին և խոշոր միջազգային կինոփառատոնի` Կաննի  կինոշուկային:

Մայիսի  11-ին հայկական պատվիրակությունը` Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ,  ժամանեց Կանն: Պատվիրակության կազմում, բացի կենտրոնի աշխատակիցներից, ընդգրկված են նաև  ռեժիսորներ Հովհաննես Գալստյանը, Արամ Սուքիասյանը, Արամ Շահբազյանը, ինչպես նաև «Ռեանիմանիա» անիմացիոն միջազգային փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին:

Նույն օրը  աշխատանքային խումբը  ձևավորեց  Հայաստանի համար  նախատեսված թիվ 20.03 տաղավարը, իսկ մայիսի 12-ից   արդեն այն սկսեց գործել:  Առավոտից  տարբեր երկրների կինոընկերությունների  ներկայացուցիչները  հետաքրքրվում էին նոր նախագծերի փաթեթներով, հետարտադրական փուլում գտնվող ֆիլմերով,  վերցնում` 2009-2010 թթ. արտադրված հայկական ֆիլմերի մասին տեղեկատվական նյութեր` բուկլետներ, ուղեցույցներ և այլն:  Այս տարի առաջին անգամ պատրաստվել են  հատուկ փոստ-բացիկներ տարբեր կինոծրագրերի և ֆիլմերի համար, որոնց վրա գրված  հեղինակների տվյալները հնարավորություն կընձեռեն հետաքրքրվողներին  անմիջապես կապվելու նրանց հետ:

Կաննի կինոշուկան կարևոր է Հայաստանի նման փոքր կինոբյուջե ունեցող երկրների համար: Այն հնարավորություն է  տալիս նոր գործընկերներ գտնելու ֆիլմարտադրության ոլորտում և  նպաստելու հայկական ֆիլմերի ճանաչմանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ.Գևորգյանն ասում է, որ կինոշուկային մասնակցելու հիմնական նպատակներն այս տարի մի քանիսն են, մասնավորապես` հանդիպել Սևծովյան տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի ազգային կինոկենտրոնների, ինստիտուտների ու կոմիտեների ներկայացուցիչների հետ, ովքեր հետաքրքրված են կինոմշակույթի և արդյունաբերության տարբեր ոլորտներում համագործակցության նախագծերի պլանավորմամբ և իրականացմամբ,  օգնել հայ պրոդյուսերներին գտնելու համատեղ արտադրության գործընկերներ, ինչպես նաև  գտնել գործընկերներ, ովքեր հետաքրքրված են փոխանակման և կրթական նախագծերի զարգացմամբ և իրականացմամբ:

Հանդիպումներ և ցուցադրություններ Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում

Մայիսի 14-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի  տաղավարում   տեղի ունեցավ  ռեժիսոր Արամ Շահբազյանի  (պրոդյուսերներ` Արա Մնացականյան, Մելիք Կարապետյան)  հետարտադրական փուլում գտնվող «Չնչիկ» ֆիլմի   աշխատանքային տարբերակի դրվագների  ցուցադրությունը:

Կինոնկարի  հոլանդացի համաարտադրող  Էլս Վանդեվորստը, խոսելով ֆիլմի մասին, նշեց, որ այն բավականին երկար ճանապարհ է անցել և այժմ մոնտաժային աշխատանքների փուլում է, որոնք կսկսվեն հունիսի 1-ից:  Տիկին Էլսը նշեց նաև, որ կինոնկարի նախագծի մեկնարկը ֆինանսավորվել է  «Ավանտի»  նախագծերի և սցենարների զարգացման աջակցության  ծրագրի կողմից:   Էլս Վանդեվորստը կինոնկարի աշխատանքային տարբերակից հատվածներ և լուսանկարներ ներկայացրեց, որոնք արժանացան  ներկաների հավանությանը:

Ֆիլմի աշխատանքային նյութերի ցուցադրությանը ներկա էին ռուսական «Անիկո Ֆիլմս», չեխական «Բարանդով» և այլ երկրների կինոընկերությունների ու  ստուդիաների ներկայացուցիչներ:

Ֆիլմի  ռեժիսոր Արամ Շահբազյանը նշեց, որ  ներկայումս ֆիլմը ֆինանսական խնդիրներ ունի, և այս ցուցադրությունը թերևս լավ հնարավորություն է նոր գործընկերներ գտնելու և այն ավարտին հասցնելու համար:

Չեխական «Բարանդով» ստուդիան ցանկություն է հայտնել համագործակցել Հայաստանի հետ:

Մայիսի 16-ին Կաննի կինոշուկայի չեխական տաղավարում  կայացավ  Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի և «Բարանդով» ստուդիայի վաճառքների գծով  տնօրեն  Պիտեր Տիչիի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին  երկարատև և բազմաշերտ կինոհամագործակցություն սկսելու մանրամասները:  Ըստ նախնական պայմանավորվածության` աշնանը  Երևանում  կկազմակերպվի «Բարանդով»  կինոստուդիայի շնորհանդեսը: Այդ օրերին Երևանում տեղի կունենա նաև չեխական մեկ մանկական  ֆիլմի ցուցադրություն և  սեմինար  կանցկացվի ուսանողների համար:

Գ.Գևորգյանի խոսքով, այս համագործակցությունը չափազանց կարևոր է հայկական կողմի համար, քանի որ նկարահանվող  ֆիլմերը  կարող են հետարտադրական փուլի աշխատանքները շարունակել Պրահայում:  Չեխական կողմը  առաջարկում է Չեխիայի տարածքում կազամակերպել նաև այդ ֆիլմերի վարձույթը:

Դեռևս մեկ տարի առաջ սկսված բանակցությունների արդյունքում  չեխական կողմն արդեն համաձայնություն է տվել ստանձնելու ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Սրբագրողը»  ֆիլմի  համաարտադրությունը` կինոնկարի հետարտադրական  փուլի  համար:

Այս օրերին հայկական տաղավար են այցելել  կինոշուկային մասնակցող  մի շարք երկրների ներկայացուցիչներ, որոնք հատկապես հետաքրքրված են նոր նախագծերով:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում կայացավ նաև Մարիա Սահակյանի «Ալավերդի»  ֆիլմի աշխատանքային տարբերակի դրվագների  ցուցադրությունը:  Կինոնկարի պրոդյուսեր Վիկտորյա Լյուպիկը  խոսեց  ֆիլմի մասին, նշեց, որ այն հետարտադրական փուլում է, սակայն    ֆինանսական  խնդիրներ կան, և իրենք  փորձում են շուկայում նոր գործընկերներ գտնել` ֆիլմն ավարտին հասցնելու համար:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայություն

Երևան-Կանն

12-16. 05. 2011

 

 

 

 

Դիտվել է 1689 անգամ:
Print Friendly

Leave a Reply