Արցախի փողոցում սարսափելի վթարից տուժածները գրեթե ոչինչ չեն հիշում. «Պաժառնին եկավ, միլիցեքը եկան, բայց շտապօգնություն չկար»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 19, 2011 8:07

Մայիսի 17-ին Արցախի փողոցում տեղի ունեցած սարսափռլի վթարից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 9 հիվանդներից այժմ վեցն է գտնվում հիվանդանոցում:NEWS.am-ի թղթակիցը մայիսի 18-ին  այցելել է Էրեբունի բժշկական կենտրոն եւ զրուցել թե’ վիրավորների, թե’  «էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով փոխտնօրեն Միքայել Մանուկյանի հետ:

54 տարեկան Վալեր Պետրոսյանն այդ երեկո չարաբաստիկ թիվ 76 երթուղային տաքսու ողեւորներից էր: Նա ոտքի եւ ձեռքի վնասվածքներ է ստացել եւ գրեթե ոչինչ չի հիշում: «Ձայն եկավ, բոց տեսա, մի հատ երեխա կար դեմս, պատուհանը ջարդեցի, էդ երեխուն գցեցի դուրս, հետո ես կիսատ դուրս եկա, թե քաշեցին, էլ չեմ հիշում: Մեկ էլ հիշում եմ, որ պատի տակ պառկած էինք, սպասում էինք, որ շտապ օգնությունը գար, բայց չէր գալիս: Պաժառնին եկավ, միլիցեքը եկան, բայց շտապօգնությունը չկար, այնինչ առաջինը պետք է նա գար»,- պատմեց նա:

Հիվանդանոցի փոխտնօրեն Միքայել Մանուկյանի խոսքով, 9 հիվանդներից մեկին առավոտյան դուրս են գրել, իսկ երկուսին էլ տեղափոխել են Այրվածքաբանական կենտրոն: Վեց հիվանդներից  երկուսը պառկած է վերակենդանացման, երեքը` վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի, մեկը` վիրաբուժական բաժանմունքներում: Միքայել Մանուկյանն ասաց, որ բոլոր հիվանդների վիճակը, նաեւ վերակենդանացման բաժանմունքում գտնվողներինը կայուն է, այս պահի դրությամբ ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ վերակենդանացման բաժանմունքում գտնվում են երկու կանայք, ըստ որում` մեկը հղի է, նրա վիճակը միջին ծանրության է, իսկ մնացածներինը` բավարար: Հղիության 5-րդ ամսում գտնվող կնոջ երեխային վտանգ չի սպառնում, նա ունի փակ գանգուղեղային վնասվածք, դիմային ոսկորների կոտրվածք եւ սրունքի ու թաթի լուրջ սալջարդ: Գիշերը վիրահատել են երկու հոգու`մի երիտասարդ կնոջ, ով ուներ համակցված վնասվածքներ եւ «Էրեբունի» բ/կ-ի բժշկին, ով նույնպես գտնվել է այդ երթուղայինում:

«Շատերը չէին կարողանում հիշել, թե ինչ է կատարվել: Բոլորը ինչ-որ չափով ունեին շոկային վիճակ, որովհետեւ վթար է եղել, հրդեհ է բռնկվել, շատ դժվար էին պատասխանում մեր հարցերին: Այսօր առավոտյան արդեն պարզվեց, որ թեթեւ տրավմաներով մարդիկ նստած են եղել երթուղայինի հետեւի մասում, իսկ ծանր տրավմաներովները` ավելի մոտ վարորդին: Բոլորն ունեին թեթեւ այրվածքներ` ձեռքի, դաստակի»,- ասաց Միքայել Մանուկյանը:

«Էրեբունի» բ/կ բժիշկ, 3-րդ կուրսի ասպիրանտ-տրավմատոլոգ Մուշեղ Գեւորգյանը նույնպես եղել է թիվ 76 երթուղայինում: Նա նախորդ գիշերվա ծանր հերթապահությունից հետո տուն էր վերադառնում  այդ երթուղայինով:  Մ. Գեւորգյանը պատմեց, որ երթուղայինն արագ չէր գնում, երթեւեկում էր միջին արագությամբ: «Կտրուկ արգելակեց, զգացի հարված ու տեսա կրակ, ոչ մի բան չհասկացա, ամեն ինչ մի վայրկյանում տեղի ունեցավ, նույնիսկ ժամանակ չեղավ մտածելու, թե ինչպես դուրս գալ` դուռը ջարդել, պատուհանը, շատ արագ եղավ: Ճանապարհին մի պահ եմ հիշում, մեկ էլ` հիվանդանոցի ընդունարանում եմ հիշում»,- պատմեց նա: Ըստ երեւույթին` Մուշեղն այդ պահին հիշողության կորուստ է ունեցել, որը կարող է հետագայում վերականգնվել օրինակ` երազների տեսքով:

Նա, նստած է եղել վերջին նստարանին, ունի սրունքի կոտրվածք եւ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա 10 օրից կապաքինվի:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի


news.am

 

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply