Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Նորք Մարաշ վարչական շրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 18, 2011 19:14

Նորք Մարաշ վարչական շրջան այցելած Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային շրջայցը սկսվեց 13-րդ փողոցից:

Վարչական շրջանի միակ ֆուտբոլի դաշտը գտնվում է անմխիթար վիճակում: Տարածքը ոռոգման, հանդերձարանների կառուցման և բարեկարգման կարիք ունի: Ծանոթանալով պայմաններին, քաղաքապետը հանձնարարեց մշակել ֆուտբոլի դաշտի բարեկարգման համալիր ծրագիր:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Կարեն Կարապետյանը ծանոթացավ նաև քաղաքապետարանի ենթակայության Ռոբերտ Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցի խնդիրներին: Կրթօջախի առջև ծառացած ամենահրատապ խնդիրն այս տարի լուծում կստանա: Քաղաքապետարանի ծրագրով մասնաշենքն ամբողջությամբ կջեռուցվի:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ վարչական շրջաններից յուրաքանչյուրում կստեղծվեն ժամանցային և մշակութային ուղղվածությամբ փոքր կենտրոններ: Նորք Մարաշում բնակիչների ժամացի կազմակերպման յուրօրինակ վայր կդառնա Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը:

Վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին ներկայացրեց նախատեսվող ծրագիրը:

Շրջայցից հետո քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Անդրադառնալով աղբահանության կազմակերպման, կանաչապատման, ինքնակամ շինարարության և վարձակալությամբ տրված տարածքների խնդիրներին, քաղաքապետը տվել է մի շարք հանձնարարականներ:

Անելիքները շատ են աղբահանության պայմանագրերի կնքման մասով, ուսումնասիրությունների համաձայն վարչական շրջանում գործող 86 հասարակական նշանակության օբյեկտներից աղբահանության պայմանգրեր են կնքել միայն 25-ը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է կարգավորել խնդիրը և բոլորին բերել պայմանագրային դաշտ:

Պահանջը հստակ է նաև սպասարկման օբյեկտների և առևտրային գործունեություն իրականացնողների կողմից շրջակա տարածքների բարեկարգման ու կանաչապատման հարցում: Հանձնարարվել է խստորեն հետևել այդ նորմերի պահպանման պարտավորության ապահովմանը:

Խորհրդակցության ընթացքում հարցեր են քննարկվել նաև վարչական շրջանում գործող դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա խնդիրների և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 


Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply