Բելառուսում կայացել է Տիգրան Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | May 18, 2011 18:20

Բելառուսի Հանրապետության նախագահական նստավայրում այսօր կայացել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և երկօրյա պաշտոնական այցով Մինսկում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը:

Ողջունելով ՀՀ վարչապետի այցը` ԲՀ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ այն լուրջ ազդակ կհաղորդի երկու պետությունների հարաբերությունների զարգացմանը: «Վերջին մոտ 10 տարում մենք ավելի քան 15 անգամ ավելացրել ենք առևտրաշրջանառությունը: Ես հիշում եմ այն ժամանակները, երբ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման համար մենք մտածում էինք ինչ-որ սխեմաների մասին: Հետո որոշեցինք նորմալ պայմաններ ստեղծել Հայաստանում և Բելառուսում, որպեսզի ձեռներեց գործարարները գտնեն այդ ուղիները: Այդպես էլ եղավ, և ավելացումը նկատվեց հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում»,– ասել է Բելառուսի նախագահը:
Նրա խոսքով` այս տարի ապրանքաշրջանառության ծավալում կա մի փոքր անկում, բայց այն հնարավոր է հաղթահարել մոտակա ժամանակաշրջանում, որովհետև թե՛ բելառուսական, թե՛ հայկական կողմից նկատվում է արտահանման ավելացում: Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ աճի համար ստեղծված են բոլոր համապատասխան պայմանները: Նա ջերմ ողջույններ է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ջանքերը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Բելառուսում հյուրընկալության համար: «Այստեղ մենք մեզ զգում ենք ինչպես մեր տանը»,– ասել է նա` ՀՀ Նախագահի անունից ևս ողջույններ ու ջերմ ցանկություններ փոխանցելով Բելառուսի նախագահին և բելառուս ժողովրդին: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հատուկ հարգանք է տածում Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդեպ և գնահատում է անձնական ներդրումն ու բարեկամական դրսևորումները երկու երկրների միջև:
«Այսօր ունեցել ենք շատ գործնական շփում Բելառուսի վարչապետի և նրա թիմի հետ: Մանրամասն քննարկել ենք բոլոր այն հարցերը, որոնք գտնվում են երկկողմ օրակարգում: Վստահ եմ` երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր երկխոսությունը ենթադրում է, որ նաև տնտեսական բաղադրիչը լիովին կիրագործվի: Մենք վարչապետի հետ արձանագրեցինք, որ կա հսկայական տնտեսական ներուժ, որը դեռևս չի իրացվել, և մեր գործողությունները պետք է ուղղված լինեն այդ ներուժի լիարժեք իրացմանը` ի շահ մեր ժողովուրդների բարեկեցության»,– ասել է ՀՀ վարչապետը: Նա շնորհակալություն է հայտնել բաց և անկեղծ երկխոսության համար:
Այսօր Տիգրան Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանին:
Այնուհետև ՀՀ վարչապետն այցելել է Բելառուսում Հայաստանի դեսպանության նոր վերակառուցված շենք, ծանոթացել պայմաններին և կատարված աշխատանքին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատվին Բելառուսի վարչապետի անունից այսօր կտրվի պաշտոնական ճաշ:
Այցի երկրորդ օրը` մայիսի 19-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 30-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ նախատեսվում է ՀՀ վարչապետի ելույթը:

 

 

Դիտվել է 2328 անգամ:
Print Friendly

Leave a Reply